Դիլիջանյան նկարաշար

2014- ի ամառային ուսանողական պրակտիկայի արդյունքները

 

Ամառային պրակտիկան Գեղարվեստի պետակադեմիայի ուսումնական ընթացքի կարեւոր մասն է կազմում` ուսծրագրով նախատեսված: Անցած տարվա դիլիջանյան մեկշաբաթյա պրակտիկան բավական արդյունավետ է եղել, վկայությունը Ալբեր եւ Թովէ Բոյաջեան ցուցասրահի երեկվա նկարահանդեսն էր, որտեղ կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները դիլիջանյան իրենց տպավորությունները ներկայացրել էին ամառային  կանաչի ողջ գունագեղությամբ: Ֆակուլտետի դեկան Էդուարդ Վարդանյանը նկատեց, որ իր բազմամայա աշխատանքային տարիների ընթացքում այս ցուցահանդեսը առաջինն է, որ իրեն բավականություն պատճառեց: Նա գնահատեց ուսանողների լուրջ մոտեցումը, ժամանակի արդյունավետ օգտագործումը: Ամառային այդ օրերին ուսանողների աշխատանքները ղեկավարել է Մեխակ Էլբակյանը: Նա բավական արդյունավետ համարեց այդ ընթացքը, գտնելով որ ուսանողները, թեեւ դեռեւս 1-ին կուրսեցիներ, նկարչի որակներ են դրսեւորել` աշխատասիրություն, նվիրում, ձգտում, եւ հորդորեց նրանց ավելի հաճախ լինել բնության մեջ, որովհետեւ բնությունը ամենամեծ ուսուցիչն է: Եւ այնտեղ էլ` Դիլիջանում հենց բնությունն է նպաստել ավելի ազատ, անկաշկանդ, ստեղծագործական մոտեցումների եւ զգացողական անմիջականության: Ըստ նրա, Հայաստանի բնության կոլորիտային բազմազանությունը նկարչից առավել սուր գունազգացողություն է պահանջում: Դիլիջանյան համատարած կանաչը այս առումով ավելի բարդություններ է ստեղծում, սակայն ուսանողներին հաջողվել է գտնել հետաքրքրական լուծումներ, գունային ներդաշնակ մեկնաբանություններ կատարել: Նա աշխատանքը ընդհանուր առումով ստացված համարեց: Նմանապես դրական արտահայտվեցին գեղանկարչության ամբիոնի վարիչ Անատոլի Գրիգորյանը եւ Ժորա Հայրապետյանը:

Ցուցահանդեսի մասնակից ուսանողների համար երեւույթն ինքնին ոգեւորող ու կարեւոր է,  հատկապես որ շատերի համար սա առաջին հանրային ներկայացումն է: Մի շարք աշխատանքներում բնության վերարտահայտության ձեւերում կան ընդհանուրից տարբեր մոտեցումներ, անհատական շեշտերով, ինչը իհարկե ավելի հետաքրքրական է դարձնում դիտումը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.