Հայրենական մեծ պատերազմի ավարտից ուղիղ մեկ ամիս
անց՝ 1945 թ. հունիսին, Երևանում հիմնադրվեց
գեղարվեստի ինստիտուտը։ Դա բացառիկ երևույթ էր
բազմադարյան հայ մշակութային կյանքում։ Շնորհաշատ
երիտասարդները հնարավորություն ունեցան
բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալ
հայրենիքում։ Երևույթը ոգևորության աննախադեպ
վերելք առաջացրեց։ Բուհի կայացմանը սատարեցին
Ռուսաստանի և Եվրոպայի գեղարվեստի ակադեմիաներում
(Մյունխենում, Մոսկվայում, Լենինգրադում,
Թբիլիսիում) ուսում ստացած լավագույն հայ
արվեստագետերը, որոնք ոգևորության հետ մեկտեղ բուհ
բերեցին մասնագիտական բարձր հմտություն,
գեղագիտական ճանշակ, վարպետություն, նաև
աշխարհայացք։ Նրանք մեծ ճանաչում ունեցող,
չգերազանցված անհատականություններ էին՝
քանդակագործներ Արա Սարգսյան, Սուրեն Ստեփանյան,
գեղանկարիչներ Մարտիրոս Սարյան, Գաբրիել
Գյուրջյան, Բաբկեն Քոլոզյան, Արա Բեքարյան, Էդվարդ
Իսաբեկյան, գեղանկարիչևգրաֆիկ Հակոբ Կոջոյան և
ուրիշներ։
Գեղարվեստի ինստիտուտի առաջին
ռեկտոր նշանակվեց Արա Սարգսյանը (հետագայում՝ ԽՍՀՄ
գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ
ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր), ուսումնագիտական
գծով պրոռեկտոր՝ Բաբկեն Քոլոզյանը։
Դժվար է գերագնահատել բուհի կայացման
ակունքներում կանգնած այս հիանալի երախտավորների
կատարած հսկայական գործի պատմական նշանակությունը։
Հայ կերպարվեստի հարուստ ժառանգության հիմքի վրա
նրանք ստեղծեցին ժամանակի ոգուն համահունչ հիանալի
ավանդույթներ, որոնք պահպանվեցին և
կատարելագործվեցին հետագա սերունդների կողմից։
Բարձր չափանիշներով մշակվեցին ուսումնական
ծրագրերն ու դասավանդման մեթոդները։
1945 թ. միանգամից ընդունելություն կատարվեց
առաջին և երկրորդ կուրսերում՝ հիմք ընդունելով
դիմորդների ունակություններն ու մասնագիտական
տվյալները։ Հետպատերազմյան ծանր տարիների
դժվարությունները հաղթահարելով` բուհը տվեց առաջին
շրջանավարտները։ Նրանցից մի քանիսի անուններն
անգամ վկայությունն են ինստիտուտի բացառիկ
նշանակության` ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական
անդամ Ղուկաս Չուբարյան, ԽՍՀՄ գեղարվեստի
ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ պետական
մրցանակների դափնեկիր Գրիգոր Խանջյան, ԽՍՀՄ
գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ
ժողովրդական նկարիչ Արա Հարությունյան, ԽՍՀՄ
գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ
ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սարգիս Մուրադյան,
ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սարգիս
Բաղդասարյան, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր
Սարգիս Արուտչյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
պրոֆեսոր Վահրամ Խաչիկյան, ՀՀ ժողովրդական նկարիչ,
պրոֆեսոր Մկրտիչ Սեդրակյան, ՀՀ ժողովրդական
նկարիչ, պրոֆեսոր Սուրեն Սաֆարյան, ՀՀ արվեստի
վաստակավոր գործիչ Հենրիկ Սիրավյան, ՀՀ արվեստի
վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վաղինակ Ասլանյան, ՀՀ
ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Անատոլի Պապյան, ՀՀ
ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Մասիս Գրիգորյան և
ուրիշներ։
Ինստիտուտի այդ և հետագա տարիների շրջանավարտները՝
քանդակագործները, գեղանկարիչները, գրաֆիկները,
իրենց լուսավոր և բարձր արվեստով որակական նոր
թռիչք հաղորդեցին հայ ազգային մշակույթին։ Այդ
նրանք էին, որ կազմեցին Հայաստանի նկարիչների
միության հիմնական ատաղձը։
1953
և
1994 թթ. գեղարվեստի ինստիտուտը գործում էր
թատերական ինստիտուտի հետ համատեղ։ 1994-ին
առանձնացվեց, իսկ 2000 թվականից կոչվեց Երևանի
գեղարվեստի պետական ակադեմիա։ 1997-ին
բացվեցին ակադեմիայի Գյումրիի, իսկ 1999-ին`
Դիլիջանի մասնաճյուղերը։ Գյումրիի մասնաճյուղի
տնօրեն նշանակվեց Համբարձում Ղուկասյանը, Դիլիջանի
մասնաճյուղում՝ Ղազար Ղազարյանը։
Տարիների ընթացքում, կյանքի պահանջներին
համահունչ, բուհում բացվեցին նոր բաժիններ և
մասնագիտություններ՝ գրաֆիկայի, դիզայնի,
արվեստաբանության, դեկորատիվևկիրառական արվեստի,
համակարգչային գեղարվեստական նախագծման։
Դիզայնի
բաժնի
ուսուցումը սկսվեց 1964 թևից։ 45
տարիների ընթացքում
բուհի շրջանավարտ դիզայներները ստեղծագործական
բարձր նվաճումներ ունեցան և մեծապես խթանեցին
հանրապետության արտադրության տարբեր ճյուղերի
զարգացումը։ Նրանց ջանքերով ստեղծվեց Հայաստանի
պրոֆեսիոնալ դիզայներների միությունը։
Հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտներն արդեն
մեծ հաջողությունների են հասել ոչ միայն
Հայաստանում, այլև արտասահմանյան տարբեր
երկրներում։ Նրանցից շատերը, այսօրվա պահանջներին
համապատասխան, բացել են իրենց ինքնուրույն գործը և
լուրջ քայլեր են անում
մասնագիտական կայացման ճանապարհին:
Գեղարվեստի պետական ակադեմիայում ստացած
մասնագիտական խոր գիտելիքներն ու բարձր ճաշակը
անվերապահ երաշխիք են նրանց մրցունակության։ Բարձր
պրոֆեսիոնալիզմի, ազգային և համամարդկային
մշակութային արժեքների յուրացման հիմքի վրա
ակադեմիայում ստեղծված ուսուցման առաջնակարգ
համակարգը 64 տարիների
ընթացքում
հրաշալի և ակնհայտ արդյունք է տվել։ Սովորականի
մեջ անսովորը տեսնելու, սովորական ներկը
գեղանկարչական
գույն
դարձնելու,
սովորական կավը
քանդակային կերպարի վերածելու,
սովորական
գիծը
ծավալատարածային
պատկեր դարձնելու
հնարքներին տիրապետելու ունակությունների
զարգացումը ակադեմիական ուսուցման հիմնական
սկզբունքն է։
80-ականների վերջերին տեղի ունեցած հասարակական-քաղաքական
և գաղափարական տեղաշարժերի հետևանքով փլուզվեցին
խորհրդային քաղաքական համակարգը և այն հիմնավորող
գաղափարախոսությունը։ Փոխվեց նաև նախկին արժեքների
համակարգը։ Սա, անշուշտ, թելադրեց նոր
աշխարհայացքային կողմնորոշիչների ստեղծում։ Այս
ճանաչողական բարդ իրավիճակն անդրադարձ ունեցավ նաև
գեղարվեստի ակադեմիայի գործունեության վրա,
թելադրեց ուսումնական ծրագրերի՝ ժամանակի ոգուն
համապատասխան վերանայման խնդիր, որը մեծ
հաջողությամբ իրականացրեցին հատկապես արվեստի
պատմության և տեսության և հումանիտար առարկաների
ամբիոնները։
1994 թ. ռեկտոր նշանակվեց գեղանկարիչ, ՀՀ արվեստի
վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը։
Նրա, ինչպես նաև հանրապետության լավագույն
արվեստագետներ պրոֆեսորներ Վ. Արամյանի, Ս.
Կալենցի, Փ. Միրզոյանի, Ա. Գրիգորյանի, Ա.
Ավետիսյանի, Է. Վարդանյանի, Գ. Գևորգյանի, Վ.
Խաչիկյանի, Ա. Կիլիկյանի, Գ. Բաղդասարյանի և մյուս
վաստակաշատ դասախոսների ջանքերով թարմ շունչ ու
ոգի մտավ արվեստի կրթօջախ։ Ձեռք բերվեց նոր
մասնաշենք, բացվեցին նոր լաբորատորիաներ,
արվեստանոցներ։ Ակադեմիայի կյանքում հատկապես
նշանակալից էր ցուցասրահի ստեղծումը, որը հնարավոր
եղավ իրականացնել ամերիկահայ բարերար Ալբեր
Բոյաջյանի ֆինանսական աջակցությամբ։ Միանգամից
աշխուժացավ բուհի ստեղծագործական կյանքը։
Ակադեմիային բնորոշ է
ժամանակի նուրբ զգացողությունը։ Դրա վառ
արտահայտություններից մեկն այն է, որ հաշվի
առնելով բարձր տեխնոլոգիաների գերակա դերը`
Հայաստանում առաջինը գեղարվեստի ակադեմիան 2001 թ.
ընդունելություն կազմակերպեց «Համակարգչային
գեղարվեստական նախագծում» մասնագիտության գծով և
2006 թ. տվեց առաջին շրջանավարտները։
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան որոշակի
քայլեր է անում բարձրագույն մասնագիտական
կրթության բարեփոխումների ուղղությամբ՝ հիմք
ընդունելով ՀՀ կառավարության որոշումները։
2004-2005 ուսումնական տարվանից ակադեմիան և նրա
մասնաճյուղերն արդեն անցել են ուսուցման եռաստիճան
համակարգի՝ բակալավրիատ (4 տարվա ուսուցման
ծրագրով), մագիստրատուրա (2 տարվա ուսուցման
ծրագրով), ասպիրանտուրա (3 տարվա ուսուցման
ծրագրով)։ Նախագծեր են մշակվում բուհում
զարգացնելու ուսումնառության և ուսուցման
շրջանակները, եվրոպական կրեդիտային համակարգի
ներդրման միջոցով նպաստելու ուսանողների
շարժունակության բարձրացմանը։
2007-2008 ուս. տարվանիցբուհում ներդրվեց
կրեդիտային համակարգը:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ունի երկու
բաժին.
* կերպարվեստի,
* դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի։
Ներկայումս ընդունելություն է կատարվում ութ
մասնագիտությունների գծով՝ գեղանկարչություն,
քանդակագործություն, գրաֆիկա, կերպարվեստի
պատմություն և տեսություն, դիզայն,
դեկորատիվևկիրառական արվեստ (խեցեգործություն),
հագուստի մոդելավորում, համակարգչային
գեղարվեստական նախագծում։ 2009-2010 ուս. տարվանից
առաջին անգամ ընդունելություն է կատարվելու նաև
արվեստագիտության հեռակա բաժնում:
Ներկայումս ակադեմիայում ուսանողների ընդհանուր
թիվը 764 է, որոնցից 92-ը` արտասահմանցի: Գյումրու
մասնաճյուղում` 170, Դիլիջանի մասնաճյուղում` 34:
Միայն վերջին երկու տարում ակադեմիայի 12
ուսանողներ ստացել են միջազգային մրցույթների
ոսկե, արծաթե մեդալներ և խրախուսական պատվոգրեր։
Ակադեմիայի քանդակագործության բաժնի ուսանողներն
ու շրջանավարտները վերջին տարիներին մեծ
հաջողությամբ մասնակցել և լավագույն մրցանակներ են
շահել Դանթեին նվիրված` Ռավեննայում (Իտալիա)
կայացած միջազգային բիենալեներում։ Ներկայացրած
բարձրարվեստ և ուշագրավ գործերի համար նրանք
ստացել են Ֆլորենցիա քաղաքի միջազգային մրցանակը՝
դրվագամեդալը։ 2005 թ. Կիևում կայացած ԱՊՀ
երկրների երրորդ երիտասարդական «Դելփյան խաղեր»
մրցույթում ակադեմիայի ուսանողուհի Նոնա Շիրոյանը
նվաճել է առաջին մրցանակը և ոսկե մեդալը։
Ներկայացրած գեղանկարչական աշխատանքների համար
2006 թ. ՀՀ նախագահի սահմանած երիտասարդական
ամենահեղինակավոր մրցանակը և դրամական պարգևը
շահել է ակադեմիայի գեղանկարի բաժնի ուսանող
Արթուր Հովհաննիսյանը։ Այս ցուցակը կարելի է
շարունակել։ Բայց այսքանն էլ բավարար է`
պատկերացում կազմելու ուսուցման բարձր որակի
մասին։ Ակադեմիան և նրա մասնաճյուղերը միջազգային
կապեր են հաստատել Վիեննայի, Միլանի, Ռեյմսի,
Լիմոժի, Կոբլենզի, Մոսկվայի գեղարվեստի բուհերի
հետ։
Ակադեմիայում աշխատող 120 դասախոսներից 81-ն ունեն
գիտական աստիճաններ և կոչումներ։ Նրանցից շատերը
արժանացել են կառավարական բարձր պարգևների,
պետական մրցանակների` բարձր պրոֆեսիոնալիզմի և
բարձրարվեստ գործերի համար։
ՍՎԵՏԼԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵԳՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր |
|