Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան (ԵԳՊԱ), լինելով Հայաստանի առաջին և միակ արվեստի բուհը, արվեստագետների բազմաթիվ սերունդներ է կրթել, որոնց մեջ քիչ չեն հայ մշակույթի անվանի անձնավորություններ: Եվ ահա բուհի ուսանողական խորհուրդը կոչված է պահպանելու և խթանելու գեղեցիկի կանոնակարգման այս ուղին: ԵԳՊԱ Ուսանողական խորհուրդը (ՈւԽ) իր բոլոր ծրագրերով հակված է միևնույն գաղափարին` «Արվեստն ի սեր է արվեստի…»։

ԵԳՊԱ-ի ՈւԽ-ն ակադեմիայի ինքնակառավարման մարմին է, ուսանողներին միավորող, նրանց շահերը պաշտպանող ընտրովի ներկայացուցչական կառույց: Այն կոչված է ապահովելու ուսանողական ինքնավարության և ինքնակառավարման գործընթացները, նպաստելու ուսանողների հասարակական, մշակութային, գիտական, ստեղծագործական, մտավոր, բարոյական և հոգևոր զարգացմանը:
Որպես ուսանողական ինքնակառավարման մարմին, այն ձևավորվել է 1993թ. սեպտեմբերին:

Ուսանողական խորհուրդը մինչ այժմ նախագահել են Էմին Պետրոսյանը, Արման Ծատուրյանը, Հայկ Մարտիրոսյանը (2005-2007), Գևորգ Սողոմոնյանը (2007-2009), Մարգարիտա Սիրեկանյանը (2009-2012): 2012 թվականի հոկտեմբերից այն ղեկավարում է Էդուարդ Ավետիսյանը։

Ուսանողական խորհրդի գործունեության հիմնական առաքելությունն է համախմբել ԵԳՊԱ ուսանողությանը, աջակցել և մասնակցել բուհի գործունեությանն ու ուսումնական ծրագրերի բարեփոխումներին, ինչպես նաև նպաստել ուսանողության մեջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ազգային և բուհական ավանդույթների պահպանմանը: Խորհուրդն ապահովում է ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը (ԵԳՊԱ կառավարման մարմիններում ուսանողները կազմում են 25%), և կառավարման համապատասխան մարմինների քննարկմանը ներկայացնում է ուսանողությանն առնչվող հարցեր:

Ուսանողական խորհրդի կառավարման մարմիններն են.

• Ընդհանուր ժողովը
• Նախագահությունը
• Նախագահ

Կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է 2 տարի ժամկետով` ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով: Ընդհանուր ժողովի անդամները՝ լիազոր ներկայացուցիչները, ընտրվում են 2 ֆակուլտետների ուսանողներից, յուրաքանչյուր կուրսից մեկական ներկայացուցիչ:

Նախագահության անդամ են հանդիսանում ի պաշտոնե ՈւԽ-ի նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ֆակուլտետների համապատասխան կառույցի նախագահները, ուսանողական թերթի խմբագիրը և մշտական հանձնաժողովների պատասխանատուները:

Ուսանողական խորհրդի մշտական գործող ստորաբաժանումներն են.

• Ֆակուլտետների ուսանողական խորհուրդները
• Հանձնաժողովները
• Թերթի խմբագրությունը

Ուսանողական խորհրդի մշտական հանձնաժողովներն են.

• Ուսումնագիտական հանձնաժողովը
• Մշակութային հանձնաժողովը
• Սպորտային հանձնաժողովը

Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ուսանողական խորհրդի Facebook-ի էջ։