Jul 14, 2011
Քանդակագործության ամբիոնը ակադեմիայի հիմնադիր ամբիոններից է: Այն ստեղծվել է 1945 թվականին: Առաջին ամբիոնի վարիչն է եղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Արա Սարգսյանը: Հանրապետության լավագույն մասնագետ քանդակագործների տասնյակ տարիների դասախոսական փորձի և ջանքերի արդյունքում ամբիոնում մշակվել է ուսուցման մեթոդիկա, որը ժամանակի ոգուն համահունչ շարունակ կատարելագուրծվում ու նորացվում է:
Քանդակագործության ամբիոնի հիմնական խնդիրն է բարձր որակավորման ստեղծագործող և կատարող մասնագետներ պատրաստել հաստոցային, մոնումենտալ, անիմալիստական, դեկորատիվ քանդակագործությունների համար: Բակալավրի` 4 և մագիստրոսի` 2 տարի տևողությամբ կրթական ծրագրերում ներառված են նաև հարթաքանդակը, դիմաքանդակը, բարձրաքանդակը, խորաքանդակը և այլն: Մագիստրական կրթական ծրագրերում կարևորվում են ուսանողների հետազոտական և վերլուծական ունակությունների զարգացումը:
Ի տարբերություն գեղանկարչության և գրաֆիկայի, քանդակագործությունը եռաչափ է և գործ ունի իրական ծավալի հետ: Այն կերպարվեստի հնագույն և բարդ ճյուղերից է: Այս բաժնի ուսանողները կատարում են ընդօրինակումներ անտիկ քանդակներից, քանդակում են մերկ բնորդ, կոմպոզիցիայի համար նույնպես օգտագործում են բնորդ: Հատուկ ուսումնասիրում են մարդու կառուցվածքը, համաչափությունն ու պլաստիկան: Ուսուցման ընթացքում նրանք ձեռք են բերում կերպարի գեղարվեստական առանձնահատկությունը բացահայտելու հմտություն: Կրթական ծրագրում ընդգրկված է նաև ճարտարապետական նախագծերում քանդակի ներդրումը: Մբիոնում ընդգրկված հիմնական մասնագիտական առարկաներն են` քանդակագործությունը, կոմպոզիցիան: Ոսումնասիրվում են նաև քանդակագործության տարբեր տեխնիկաներն ու տեխնոլոգիաները: Արվեստանոցներում սովորածն ամրացվում է պրակտիկաների ժամանակ:
Երկրորդ կուրսից սկսած ուսուցումը կազմակերպվում է ըստ ստեղծագործական արվեստանոցների: Վերջիններս ղեկավարում են հանրապետության լավագույն արվեստագետները, որոնք դասախոսական աշխատանքին զուգահեռ ակտիվ ստեղծագործում են: Նրանց ուշագրավ կոմպոզիցիոն քանդակները կարելի է տեսնել ոչ միայն ցուցահանդեսներում, այլ նաև Երևանի և հանրապետության այլ քաղաքների ճարտարապետական համալիրներում:
Ուսումնական-ստեղծագործական գործընթացն ամբիոնում շարունակ նորացվում է, իսկ ուսուցման ընթացքում հատուկ կարևորվում է ուսանողների անհատական կարողությունների և ունակությունների առավելագույն բացահայտմանն ուղղված մեթոդիկան: Ուսուցման ձևը`առկա:
Քանդակագործության ամբիոնի դասախոսներն են`
Գետիկ Բաղդասարյան- ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր նկարիչ, մագիստրատուրայի ստեղծագործական արվեստանոցի ղեկավար
Գարեգին Դավթյան-պրոֆեսոր, ստեխծագործական արվեստանոցի ղեկավար.
Գագիկ Ստեփանյան- պրոֆեսոր, ստեղծագործական արվեստնոցի ղեկավար.
Տարիել Հակոբյան-պրոֆեսոր
Լևոն Վարդանյան-դոցենտ





















