«Պրոեկտ» ցուցահանդեսը կայացավ

Նոյեմբերի 23-ին Գյումրու Ստիլ կերպարվեստի թանգարանում բացվեց Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանի և նույն բաժնի բակալավրի շրջանավարտ Լևոն Առաքելյանի  «Պրոեկտ» համատեղ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքները երիտասարդ նկարիչներից յուրաքանչյուրին բնորոշ ստեղծագործական ուղու, յուրահատուկ աշխարհընկալման ու ձեռագրի վկայությունն են:

 

 

 

Առաջին ցուցասրահում ներկայացված էին Լևոն Առաքելյանի ստեղծագործությունները, որոնք աչքի էին ընկնում խեղաթյուրված մարմիների ամենատարբեր պատկերներով: Նրա մի քանի գործերում գույնն օգնել էր ընդգծել կերպարի էությունը:

Երիտասարդ նկարչի ստեղծագործությունները խոսում են հոգեբանական խորության, անհատականության, գեղանկարչական միջոցների տրամաբանված օգտագործման մասին, որոնք բազմերանգ տատանումներով հարուստ, դինամիկ, ծավալներ ստեղծող, կյանքով լեցուն նրա ստեղծագործական գծի վկայությունն են:

Լևոն Առաքելյանի «Անհամաձայնություն» նկարը, օրինակ, պատկերում է մարդու տարբեր «ես»-երի անհամաձայնությունն ու պայքարը: Նկարիչն ստեղծել է մշտապես որոնումների մեջ գտնվող մարդու կերպար, ով ելք է փնտրում, բայց չի գտնում, մի բան է ցանկանում, մեկ այլ բան անում`  չկարողանալով հոգու հանգստություն գտնել:

Մեկ այլ` «Ճիչ» նկարում, նկարիչն արտահայտել է ցավ, տառապանք, մաքառում, անզորություն: Դիտողը կարող է տեսնել, թե ինչպես է տառապում, գոռում և ճչում կերպարը, որի միջոցով հեղինակը գուցե ինչ-որ բան է փորձում ասել կամ հասկացնել: Գուցե կերպարը գոռում է հոգու ցավից, իրականությունը փոխել չկարողանալու անզորությունից: Նկարը դիտելով` ակամա վերհիշում ես Մունքի «Ճիչը»…

«Վանողություն-ձգողություն» ստեղծագործությունը երկու մարմնի փիլիսոփայություն է, մարմիններ, որոնք ձգտում են միանալ, մինչդեռ նրանց «ես»-երը վանում են իրար: Հեղինակն իր ստեղծած կերպարների միջոցով ուզում է ցույց տալ, որ մարդը շարժվում է ժամանակի թելադրանքով, ենթարկվելով շրջապատին` անում է այն, ինչ չի ուզում այն դեպքում, երբ պետք է ապրեր հոգու, զգացմունքների և բանականության հետ ներդաշնակության մեջ:

 

 

Հաջորդ ցուցասրահում ներկայացված էին Տարոն Մանուկյանի գեղանկարչական գործերը, որոնցում նկարիչը տուրք էր տվել գույնի բնատուր գեղեցկությանը:

Գծային, հագեցած ու վառ գունային շեշտադրումները նկարչի կտավներին հաղորդել են ծավալ և խորություն: Նկարներում արված ազատ և հյութեղ վրձնահարվածներն օգնել են պահպանել կենդանի մարմնի կենսունակությունը: Տարոնի աշխատանքների մեջ աչքի են ընկնում հատկապես «Պաուլա», «Խոռոչ», «Գյումրի» ստեղծագործությունները:

«Պաուլա» նկարը կերպարային է. նկարիչը հասել է դիմանկարչական կոնկրետության, ինչը չի խանգարել նկարի աբողջականությանը: Կեցվածքը, գլխի դիրքը խոսում են իր արժեքն ունեցող կնոջ մասին, ով ունի պահանջներ, ցանկություններ ու անելիքներ: Տաք գունաշարն ընդգծում է կերպարի էմոցիան, զգացմունքները, որոնք արտահայտվում են կնոջ շուրթերի միջոցով: Զուգահեռներ անցկացնելով Պաուլայի շուրթերի ու աչքերի միջև` կարող ենք նկատել, որ շուրթերը կիսաբաց են, ինչը խոսում է երզակոտ, իղձերով լի էության մասին: Իսկ համարձակ աչքերը վկայում են այն մասին, որ նա միշտ պատրաստ է պաշտպանել այն, ինչ իրենն է: Նկարի միջոցով հեղինակն արտահայտել է մարդու թույլ և ուժեղ կողմերը:

Հաջորդ աբստրակտ ստեղծագործությունը «Խոռոչ» նկարն է, որը տարբերվում է սառը գունաշարով, կոմպոզիցիոն կառուցվածքով: Ստեղծագործությունը դարձյալ ներկայացնում է հերոսի կերպարի խորությունը` ցույց տալով, որ մարդը կարող է լինել սառը, հանգիստ, միևնույն ժամանակ կարող է այրել դիմացինին իր վերաբերմունքով և սուր արտահայտություններով, որոնք հնչում են բերանից, իսկ բերանի  մաս են կազմում լեզուն և խոռոչը:

Անահիտ Սիմոնյան

Լիլիթ Վահանյան

 

[facebook]

 

 

Leave a Reply