Միքայել Հարությունյան

Յուրօրինակ վրձնահարվածները`պատանի գեղանկարչի ինքնատիպ ձեռագրի վկաներ

 

Նոյեմբերի 22-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց 15-ամյա գեղանկարիչ Միքայել Հարությունյանի անհատական ցուցահանդեսը։ Պատանի գեղանկարիչը արվեստասերների դատին հանձնեց բնանկարների, դիմանկարների, նատյուրմորտների և թեմատիկ նկարների թվով 30 աշխատանք։

Նշենք, որ պատանի Միքայելն ստեղծագործելու տաղանդն իր մեջ բացահայտել է դպրոցական տարիներից: Նա ինքնուս սկսել է  նկարել 10 տարեկանից` մշտապես հոր աջակցությունն ստանալով:

Պատանի գեղանկարչի ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ ու արվեստասերներ։

 

 

Ցուցասրահներից մեկում ներկայացված էին Միքայելի այն աշխատանքերը, որոնք պատանին նկարել է ինքնուս: Մեկ այլ ցուցասրահում` ուսումնառության տարիների աշխատանքները։ Միքայելի վերջին տարիների գործերում նկատել է իր ուսուցչի՝ Էդվարդ Սասունի արվեստի ազդեցությունը, բայց, այդուհանդերձ,   նա ինքնատիպ ձեռագիր ունեցող գեղանկարիչ է, ով իր ստեղծած յուրօրինակ աշխարհում կարող է խոսել պատկերների ու խորհրդանիշների լեզվով:

Ներկայացված գեղանկարները պատանի ստեղծագործողի լավատեսության, հոգու վառ գույների ու հարուստ ներաշխարհի վկայությունն են: Պատանի գեղանկարչի ամեն վրձնահարված  դիտողին փոխանցում է բացառապես  դրական լիցքեր։

Նշենք, որ Միքայելն արդեն հասցրել է մասնակցել մի քանի  ցուցահանդեսի: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել  Երևանի ճարտարապետների միության տանը, Առնո Բաբաջանյան համերգասրահում: Միքայելը շուտով կունենա հերթական անհատական ցուցահանդեսը, այս անգամ արդեն արտերկրում։

 

Արվեստաբան՝ Լիանա Խաչատրյան

Խմբագիր՝ Լիլիթ Վահանյան

 

 

[facebook]