Աշոտ Գևորգյան. անհատական ցուցահանդես

Քանդակները` ձեռքի, մտքի և երևակայության աշխատանք

 

Դեկտեմբերի 3-ին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջիան ցուցասրահում տեղի ունեցավ նույն բուհի քանդակագործության բաժնի բակալավրի 4-րդ կուրսի ուսանող, ՀՀ Նախագահի 2011թ․ մրցանակի դափնեկիր Աշոտ Գևորգյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը։

Բացման խոսքով հանդես եկավ ԵԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը: Շնորհավորելով երիտասարդ քանդակագործին` Ա․ Իսաբեկյանը նրան համարեց կայացած ուսանող և ստեղծագործող անհատականություն:

– Կատարված աշխատանքն իսկապես արդյունավետ է, և գալիս է վկայելու այն մասին, որ Աշոտն արդեն իր ինքնուրույն ճանապարհն է հարթել,- ասաց Ա․ Իսաբեկյանը:

 

 

ԵԳՊԱ-ի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր նկարիչ, մագիստրատուրայի ստեղծագործական արվեստանոցի ղեկավար Գետիկ Բաղդասարյանը երիտասարդ քանդակագործի աշխատանքները համարեց գեղեցիկ ու հետաքրքիր` ընդգծելով, որ այսպիսի գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքները բոլորին իսկական ուրախություն և հիացմունք են պատճառում:

 

 

Պրոֆեսոր, ստեղծագործական արվեստանոցի ղեկավար Գարեգին Դավթյանը, խոսելով ներկայացված աշխատանքներից, նկատեց, որ Աշոտ Գևորգյանի քանդակներում իշխում են լայնարձակ պայծառ միջավայրն ու մթնոլորտը: Գ.Դավթյանը երիտասարդ քանդակագործի աշխատանքները բնորոշեց որպես ստեղծագործող մարդու խոսք` նշելով, որ եթե կա էսթետիկա, կոնցեպցիա, ուրեմն ստեղծագործությունն իսկապես արվեստի գործ է` լինի մեծ, թե փոքր չափերի մեջ: Գ. Դավթյանի խոսքով` քանդակագործն այս քայլով իմի բերեց իր անցած ոչ այդքան երկար ճանապարհը:

– Մենք` արվեստագետներս, շատ զուսպ ենք գնահատականներ տալուց: Ասում ենք հինալի է, լավ է, ինչ-որ բանի հասել է, շատ ժլատ ենք գովեստի խոսքերի ձևակերպումների մեջ: Շատ դեպքերում գովեստի խոսքերը կամ բարձր գնահատականները ստեղծագործողին կարող են «հունից հանել»: Աշոտն այն մարդկանցից է, որին հնարավոր չէ բարձր գնահատականով հունից հանել: Ես հանգիստ կարող եմ ասել, որ ձեր առջև կանգնած է շատ տաղանդավոր մարդ,- խոսքը եզրափակելով` ասաց Գ. Դավթյանը:

 

 

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև արվեստաբան Վիգեն Ղազարյանը: Նա նշեց, որ քանդակագործի աշխատանքներն իսկապես հիացմունքի են արժանի այն բանի համար, որ բրոնզից են: Արվեստաբանի խոսքով` Աշոտը ոչ միայն թեմատիկ, այլև ֆորմաների հետ խաղալու վառ երևակայություն ունի, շատ լավ տիրապետում է այն նյութին, որով աշխատում է: Վ. Ղազարյանի բնորոշմամբ` Աշոտ Գևորգյանի գործերում հստակ երևում է ոչ միայն ձեռքի, այլև մտքի և երևակայության հսկայական աշխատանք:

Արվեստաբան, ցուցասրահի աշխատակից Լիաննա Խաչատրյանի խոսքով` Աշոտ Գևորգյանը շնորհալի, համեստ ուսանող  է, սկզբունքային ու առաքինի, սիրում է իր գործը` ամբողջությամբ տրվելով գեղեցիկին, արվեստին, ինչի համար էլ նրան սիրում և հարգում են դասախոսները, ուսանողներն ու գործընկերները:

Արվեստաբանի կարծիքով` երիտասարդ քանդակագործի բարձրաճաշակ աշխատանքերը հիացնում են ոչ միայն կատարողական տեխնիկայով, այլև մտահղացմամբ, ասելիքով:  Նա հիմնականում աշխատում է մանրաքանդակի  և ռելիեֆի տարատեսակներում` կերտելով ինքնատիպ ստեղծագործություններ, որոնց  համար հիմնական նյութ է ծառայում բրոնզը:

«Կիվի», «Զանգ արքային», «Թաքցրած որս», «Օրնիտոլոգիական մտահղացում», «Հոսք», «Կերպարանափոխում ճաղավանդակների միջով», «Հուշարձան նվիրված երիտասարդ շախմատիստներին», «Իմ սիրելի մատադորին», «Դավիթ» և այլ ստեղծագործություններ որևէ մեկից վերցված չեն, դրանք հեղինակի ստեղծագործ մտքի արդյունքն են: Ամեն մի աշխատանք ունի պատմական իրողության յուրահատուկ մեկնաբանություն:  Քանդակագործն ազատ տիրապետում է քանդակին և գծանկարին, նյութերին և տեխնիկաներին:

Նշենք, որ Աշոտ Գևորգյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների` արժանանալով  բարձր պարգևների:

Լիլիթ Վահանյան

 

ԵԳՊԱ-ի ռեկտորատը, դասախոսական կազմն ու աշխատակազմը շնորհակալություն են հայտնում Գևորգ Զուռնաչյանին կայքին դրամադրած որակյալ պատկերների համար։

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.