“Հայարտ” մշակութային կենտրոն

Նոյեմբերի 15-ին “Հայարտ” մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացումը։ Այն կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ միջբուհական ցուցահանդես-մրցույթն իրականացվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այն նպատակ ունի խրախուսել ստեղծագործ ուսանողներին, նրանց կողքը կանգնել և հնարավորություն տալ շփվել արվեստասեր հանրության հետ։

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ դիտելով ցուցադրված գործերը՝ բացահայտում է, թե ինչպես է մտածում այսօրվա երիտասարդը, հոգում անթեղված ինչ ապրումներ ունի։ Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսում տրվող մրցանակները կքաջալերեն երիտասարդներին իրենց հետագա ստեղծագործական կյանքում։

 

 

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունեց ցուցահանդեսի բացումը։ Նա կարևորեց այլ բուհերի ուսանողների մասնակցությունն այս միջոցառմանը, քանի որ այսպիսով նրանք միմյանց հետ շփվելու հնարավորություն են ստանում։
Ցուցահանդեսում իրենց ստեղծագործություններն են ներկայացրել ավելի քան 80 երիտասարդ ստեղծագործողներ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։

Ներկայացված աշխատանքներից պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն գեղանկարը, քանդակը և գրաֆիկական աշխատանքը։ Մրցականակիրները կստանան դրամական պարգևներ։ Ցուցահանդեսը արվեստասերների համար բաց կլինի նոյեմբերի 15-19-ը։

 

 

[facebook]

 

 

Leave a Reply