Գրաֆիկայի ամբիոն

posted in: Uncategorized | 0
Գրաֆիկայի ամբիոն, Graphic Chair
Գրաֆիկայի ամբիոն

Երևանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնը ստեղծվել է 1945թ -ին: Առաջին ղեկավարն է եղել հանրապետության ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հակոբ Կոջոյանը: Ամբիոնում աշխատել են նաև Ռուբեն Պետրոսյանը, Ահարոն Խուդավերդյանը, Արարատ Ղարիբյանը: 1956 թ-ից դադարեցվել է ամբիոնի գործունեությունը և վերսկսվել 1983-ին գծանկարի ամբիոնի կազմում` /ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր, վաստակավոր գործիչ Գ. Աղասյան/: 1988-ից աղանձնանում է որպես առանձին ամբիոն, պրոֆեսոր, վաստակավոր նկարիչ Մ. Սոսոյանի գլխավորությամբ: Հետագայում, ամբիոնն գլխավորել են պրոֆեսոր, վաստակլավոր նկարիչ Վ. Խաչիկյանը, այնուհետև պրոֆեսոր Ա. Կիլիկյանը: Այժմ ամբիոնի վարիչն է պրոֆեսոր Ա. Բաղդասարյանը:Անցյալ տարիների ընթացքում գրաֆիկայի բաժինն ավարտել են պրոֆեսիոնալ գիտելիքներով ու կարողություններով օժտված մեծ թվով նկարիչներ, որոնք իրենց հիանալի են դրսևորել ինչպես գրքի ձևավորման ու նկարազարդարման, այնպես էլ՝ հաստոցային գրաֆիկայի ու պլակատի բնագավառներում: Այդ արվեստագետները մեծ ճանաչում են ստացել ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև՝ նրա սահմաններից դուրս և իրենց ստեղծագործություններով արժանի ավանդ ներդրել հայկական գրաֆիկայի զարգացման գործում:

Գրաֆիկայի բաժնում ուսման տևողությունը 6 տարի է, որից՝ վերջին տարին ամբողջությամբ տրամադրվում է դիպլոմային աշխատանքների կատարմանը: Բաժնի ուսանողները 1-ին, 2-րդ,3-րդ կուրսերում կոմպոզիցիա առարկայի ուսուցման ընթացքում ստանում են ընդհանուր գիտելիքներ գրքի ձևավորման և հաստոցային գրաֆիկայի կատարման եղանակների մասին: Իսկ 4-րդ կուրսից՝ ուսանողն, իր ընտրությամբ, մասնագիտանում է գրաֆիկայի որևէ տեսակի մեջ: Մասնագիտական ուսուցման կարևոր խնդիրներից է գրաֆիկայի կատարողական տեխնիկայի վերաբերյալ կայուն գիտելիքներ տալը: Ուսումնական պրոցեսում հատուկ ուշադրություն է դարձվում իրականության ճիշտ ընկալմանը և հարթության վրա ծավալատարածային պատկերմանը: Ուսման վեց տարիների ընթացքում ուսանողները կատարելությամբ տիրապետում են փորագրական և տպագրական գրաֆիկայի տեսակներին ու եղանակներին, գրքի նկարազարդման և ձևավորման սկզբունքներին, գրքի մակետի կառուցվածքին ու տպագրության տեսակներին: Մեծ ուշադրություն է դարձվում նաև շրիֆտ և կիրառական գրաֆիկա առարկաներին: Գրաֆիկայի ամբիոնը համալրված է հանրապետության լավագույն գրաֆիկ-նկարիչներով՝ պրոֆեսորներ Վահրամ Խաչիկյան, Անդրանիկ Կիլիկյան, Արա Բաղդասարյան և ուրիշներ:

Ակադեմիան պետականորեն հաստատված պլանների և առարկայական ծրագրերի միջոցով բարձր որակի մասնագետներ է պատրաստում հաստոցային գրաֆիկայի և գրքի գեղարվեստական–գրաֆիկական ձևավորման ստեղծագործական աշխատանքի, ինչպես նաև գեղանկարչության, գծանկարչության գծով մանկավարժական գործունեության համար։ Ուսուցման ձևը` առկա։

Ուսուցման տևողությունը բակալավրիատի ուսումնական ծրագրով` 4 տարի, մագիստրատուրայի ուսումնական ծրագրով` 2 տարի։ Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով` «Գծանկարչություն», «Գեղանկարչություն», «Կոմպոզիցիա» առարկաների  քննությամբ։

Արտասահմանի քաղաքացիները ակադեմիա ընդունվում են ըստ ՀՀ կառավարության հաստատած կարգի, առանց ընդունելության քննությունների։

 
Արա Բաղդասարյան, Ara Baghdasaryan
Արա Բաղդասարյան

Արա Բաղդասարյան

Գրաֆիկայի ամբիոնի վարիչ` պրոֆեսոր

[learn_more caption=”Ամբիոնի դասախոսական կազմ“] [/learn_more]