Մեկուսացած մարմիններ

Նրա արվեստում հոգին մարմնի միտքն է դառնում,որը մարմնի միջնորդությամբ ենթադրում է ընկալել աշխարհը:

Ժամանակակից իրականությունում գերիշխող են դարձել մարդկային մարմնի ապրանքայնացման միտումները ՝մոռացության տալով հրեական հայտնի «մարմինը միքրոկոսմոս է՝համապատասխան մաքրոկոսմոսի»,-գաղափարախոսությունը և անտեսելով մարմնի ավելի անիրական,ոչ շոշափելի կողմի ներկայությունը:Արման Թադևոսյանը փորձում է վերանայել մարմնի ոչ շոշափելի աշխարհը ՝ֆիզիկայնացնել նրա գոյությունը ,դարձնել տեսանելի,իսկ մարմնի անատոմիական ձևը ընկալել որպես սիմվոլիկ բնույթ: Արմանի արվեստում կարևորվում են մարդու մարմնի հետքեր հիշեցնող պատկերները` դրոշմումների տեսքով,որոնք տվյալ դեպքում հանդիսանում են հոգևոր աշխարհի անմիջնորդ, վերաներկայացումից զուրկ միակ արտահայտման ձևը: Այդ դրոշմումները իրենց մեջ պարունակում են անցյալի իրադարձությունների կոմպլեքս՝ մերթ ներառնող բացառվածը, մերժվածը,արտաքսվածը,մերթ բացահայտող քողարկվածն ու թաքցվածը: Վերատպման մեջ ֆիքսվում են նաև մարմնի շարժումները,որոնք ավելի լավ են արտահայտում մտքերը,քան լեզուն: Մարմինները վերատպվելով՝ միախառնվում են միջավայրին (կոլորիդի հետ)` փնտրելով նրա հետ օրգանական հարաբերություն և այդ կերպ փորձելով վերականգնել մարմինների պատմության,ծննդյան , վաղնջենական անցյալի ,տարածքի մասին կապերը:Երբեմն մարմին- մարմին-միջավայր անցումները կտրուկ-կոնտրաստային են, երբեմն` փափուկ,կիսատեսանելի ,որի շնորհիվ մարմինները միջավայրի հետ շարժման տպավորություն են թողնում՝նման տիեզերական տարածական շարժման:Այդ շարժման մեջ հեղինակը տեսնում է տիեզերածնություն՝մի մտավոր տարածություն,որը ներառում է հոգևիճակներ, որոնք դրոշմված են պատկերների տեսքով և ամուր դաջված հեղինակի հավաքական գիտակցության մեջ:Մարմինները մեկուսանալով արտաքին միջավայրից,մարմնից /ֆզիկական կաղապարից/`փորձում են հասնել ազատության: Մեկուսացման գաղափարի հանգուցալուծման բացահայտումը շարունակվում է դեմ-հանդիման կնիքված դեմքերի երկխոսության մեջ,որտեղ մեկուսացումը ընկալվում է մի կողմից ՝ որպես մարդկային երազանքների բարձրակետի ազատություն ,մյուս կողմից՝որպես ազատությունը (նաւ երևակայությունը) սահմանփակող խոչընդոտներից փախուստ: Դիմապատկերներում կա կեղծիքի և ճշմարտության, ազնվության և անսխալության սահմանները ուրվագծելու միտում, հոգևիճակների միջև երկխոսություն ,որի հիմքը և արդյունքը մենախոսությունն է՝մեկուսացման էքզիստենցիալիստական ընկալումով:

 

 

Դեմքերի դրոշմումներում կարևորվում է ընկեր-ընկերոջ, մարդ-մարդու միջև հարաբերությունները ՝առանց հաշվի առնելու ազգային և կրոնական պատկանելությունը,ի վերջո, մարդու ինքն իր հետ հարաբերությունը (նաև հեղինակի սեփական դեմքը դեմ առ դեմ տպելով): Մի խոսքով Արմանի արվեստի կրեդոն կատառսիսն է, որը ըստ հեղինակի երկար ճանապարհ է, կազմված այնպիսի անհրաժեշտ երևույթներից, ինչպիսիք են դավաճանությունը («Հուդայի համբույր», «Արտաքսում»), տանջանքները («Խաչելություն», «Բանտարկյալների զբոսանքը»), սերը,կիրքը («Վեներայի ծնունդը», «Պարը»), որի վերջնագծի լույսը պետք է լինի հոգու,ոգու,մարմնի կոմպլեմենտար փոխհարաբերությունը («Սբ.երրորդություն»), որտեղ նույնիսկ սեռը հեղինակը դիտարկում է որպես ոգեղեն բնույթ՝ միստիկական խորքերով (անսեռություն): Կոլորիդային միջավայրի և դրոշմումների միջև հավասարակշռության հիմքում աուրայի գունային երանգների վերլուծության Շտայներական ընկալումն է (գույնի ֆիզիկական բնույթը տրանսֆորմացվում է հոգևորի): Ստեղծագործության կանաչ գույնը (ինտելեկտ), կապույտը (ինքնազոհաբերություն), տեղ-տեղ լուսարձակ դեղինը (կատառսիս) խմբավորվում դառնում են առանձին հոգևոր մարմին,որը տեսանելի է և զրնգուն՝ զանգի նման լսելի,ուղղակի պետք է ունենալ հոգևոր տեսողություն և լսուղություն այն ընկալելու,զգալ հասկանալու,հասկանալ զգալու համար:

Սմոյան Գոհար

 

 

[facebook]

 

 

Leave a Reply