«ANIMA 2012»-ի Հայ մասնակիցները

2012 թ. փետրվարի 4-ից մարտի 5-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի է ունեցել մի նախագիծ, որի նպատակը մասնակիցներին անիմացիոն ֆիլմերի պատրաստման մեջ մասնագիտացնելն էր: Դասընթացներին մասնակցել են 48 արվեստագետներ Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Գերմանիայից և Հայաստանից: Հայաստանից նախագծին ներգրավված էին երկու երիտասարդ արվեստագետներ` ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի շրջանավարտ Սարգիս Հովհաննիսյանը և նույն հաստատությունում ավարտական կուրսում սովորող Արմեն Տիրատուրյանը:

Հայաստան վերադառնալուց հետո` ապրիլի 20-ին, Բեռլին հյուրանոցի ցուցասրահում նրանք ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք արվել էին Դրեզդենում: Ներկայացվեցին անիմացիոն workshop ֆիլմեր, որոնք չնայած հումորային լինենուն` խորիմաստ էին և շատ հետաքրքիր:

Արվեստագետների ներկայացրած ֆիլմ-անիմացիայում «գլխավոր հերոսը» շուն է, որը ֆիլմի ընթացքում թափառում է ամբողջ քաղաքում, անցնում է ճարտարաապետական շինությունների կողքով: Սարգիսի խոսքով Դրեզդենում թափառական շներ, որպես այդպիսիք, չկան, ինչը չես կարող ասել Հայաստանի դեպքում և նա փորձել է գոնե երևակայականորեն ստեղծել այդ կերպարը: Շան քայլելու հետ միաժամանակ փոփոխվում են միջավայրի պատկերները: Շունը շրջելով ամբողջ քաղաքում` նորից վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր թափառել։ Մասնակիցները պատմում են, որ իրենք աշխատել են մի շենքում, որը նախկինում եղել է ադամանդի գործարան, սակայն այժմ արվեստագետների համար ծառայում է որպես արվեստանոց: Սարգիսը շանը «դուրս էր հանել» այդ արվեստանոցից, ինչը շատ խորհրդանշական է: Այս անիմացիան գաղափարական առումով նախագծի հիանալի մեկնարկ է եղել:

Մեկ այլ կարճամետրաժ ֆիլմում Սարգիսը ներկայացրել է, թե ինչպես են ինքն ու մեկ այլ արվեստագետ փաթաթում ցուցասրահում դրված քանդակը սպիտակ կտորով, իսկ վերջում արձանին «հագցնում» փողկապ: Այդ ցուցասրահում ցուցադրվելու էին Սարգսի ստեղծագործությունները ու նրա խոսքերով քանդակը վիզուալ խանգարել է իր աշխատանքների ճիշտ ընկալմանը: Ու տեղափոխելու փոխարեն (ինչը իր մեջ ենթադրում էր որոշակի դժվարություններ), նա գտել է յուրատիպ լուծում, որով և կխուսափեին քանդակի տեղափոխման աշխատանքներից, և’ քանդակը կռեալիզացնեին միջավայրին: Այս եղանակով արդեն քանդակը շահեկանորեն է անդրադարձել ցուցահանդեսի վրա:

Սարգիս Հովհաննիսյանի խոսքերով գործերը ոչ թե նախապես են մտածվել, այլ հենց Դրեզդենում` միջավայրի և տեղանքի անմիջական ազդեցությունը կրելով: Նրա անիմացիաները կրում են «Կյանքը շրջանակից դուրս» խորագիրը: Սարգիսը ընտրել է ասելիքի մատուցման հետաքրքիր ձևեր: Օրինակ մի ֆիլմում օգտագործել է գերմանական թերթեր, ամսագրեր (որոնց գրվածքների բովանդակությունը նրան քիչ է հետաքրքրել):
Սարգիսը նկարել, ճեպանկարել է թերթերի վրա, ապա ուրվագծերը առանձնացնելով` պատկերը անջատել թերթից: Ֆիլմում այդ կտրված հատվածները փոքր-ինչ հեռանում են թերթի մակերեսից, իսկ բացված մասից` արդեն երկրորդ պլանում երևում են շարժվող տեսարաններ` պեյզաժներ, գնացքներ: Սարգիսը թերթերից ընտրել էր նաև հայտնի մարդկանց լուսանկարներ, օրինակ` Չարլի Չապլինի, Պուտինի, թագուհու: Պարբերաբար կրկնվում է ֆիգուրը թերթից անջատվելու գործողությունը, իսկ վերջում թերթից ընդհանուր մակերեսից անջատված ֆիգուրները միավորվում են մեկ ընդհանուր նկար-ստեղծագործությունում: Սրանով հավանաբար արտահայտվում է նկարչի` մասնավորից ընդհանրացումը գնալու ցանկությունը ու երբեմնի մեծ արժեք ներկայացնող կերպարներին որպես դեկոր դիտելու մտադրությունը:

Սարգիսը նախքան այս էլ օգտագործել էր նկարի միջից նկար առանձնացնելու եղանակով աշխատելաոճը, ինչը զարգացրել է Դրեզդենում: Ու եթե թերթերով աշխատանքը նորություն չէր նրա համար (հարկ է նշել, որ թերթով աշխատանքը նրա ուսանողական տարիների ժամանակ եղած թղթի բացակայության արդյունքն էր), ապա անշարժ դրվագներից շարժական պատկերներ ստանալով կամ ապակու հետ իր աշխատանքով նա նորովի է բացահայտել ինքն իրեն:

Արմեն Տիրատուրյանի անիմացիոն ֆիլմը կրում էր «Երկաթե սեր» անվանումը: Վերցնելով Մենդելեևի աղյուսակի երկաթ և թթվածին տարրերը, նա օժտել է դրանց մարդկային զգացողություններով ու միայն մարդուն բնորոշ սիրով: Արմենի խոսքերով` ինքը ներկայացրել է երկաթի ու օդի սիրավեպը: Հեղինակը անձնավորել է կոշտությունն ու անշոշափելիությունը: Փորձել է ստեղծել մի հակադրություն, որն առկա է առհասարակ մեր կյանքում:

Արմեն Տիրատուրյանը կարևորում է այս նախագիծը որպես եվրոպական ու հայկական մշակույթների փոխներթափանցում:

 

Վարդուհի Կարապետյան

 

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.