«Մենակ և Մերկ»

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահն այս տարի ևս շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու աջակցել երիտասարդ և ոչ միայն երիտասարդ ստեղծագործողներին: 2012 թ.-ի մշակութային բացումն ազդարարվեց ԵԳՊԱ–ի գեղանկարի բաժնի 4–րդ կուրսի ուսանողներ Արեն Շահնազարյանի և Գևորգ Գրիգորյանի «Մենակ և Մերկ» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով։

Ցուցահանդեսի բացումը ողջունեց ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանը։

Ցուցահանդեսին ներկայացված էր մոտ 30 աշխատանք. ավելին` աշխատանքների գերակշիռ մասը դիմանկարներ են։ Երիտասարդ ստեղծագործողների գեղանկարչական աշխատանքները բավականին հետաքրքիր ու ինքնատիպ աշխարհ են ներկայացնում: Նրանց ներկապնակը պայծառ ու վառ չեն, բայց դրանց մեջ լույս կա, թեև մեղմ, բայց կա։ Ամեն մի նկարի հետ` առանձին մի պատմություն, ամեն նկարում` մի հերոս։ Արենի և Գևորգի աշխատանքներում մի տեսակ դրամատիզմ կա, միգուցե դա նրանց հոգու պոռթկումն է:

 

 

Հատկապես վառ են արտահայտված «Կանգնել էր հրաժեշտի գիշերը», «Բնազդ և բանականություն», «Դրախտից վտարում», «Ընթացք», «Ինքնասպանություն նատյուրմորտով» և այլն աշխատանքերում։ Նրանց պատկերներն ու կերպարներն ասես խոսում են իրենք իրենց հետ՝ լուռ ու անհաղորդ, բայց սա միայն առաջին հայացքից. խորքում չափազանց խոսուն են։ Ամենևին էլ պարտադիր չէ լինել արվեստի մեծ գիտակ` հասկանալու համար այն աշխարհն ու տրամադրությունը, որ ստեղծել էին երիտասարդ ստեղծագործողներն այսօր ցուցասրահում. բազմերանգ կամ երբեմն էլ գույների բացակայությամբ ստեղծված նկարներ, այսպես խոսեցին իրենց ստեղծագործությունների մասին հենց իրենք՝ երիտասարդ ստեղծագործողները:

Արվեստաբան՝ Լիանա Խաչատրյան 

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.