Արամ Իսաբեկյան՝ անհատական ցուցահանդես

Արամ Իսաբեկյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր

 

Հոկտեմբերի 10-ին «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահի ցուցահանդեսների աշնանային շրջանը մեկնարկեց Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմամբ: Այգու թեմայով 25 աշխատանքից բաղկացած շարք է ստացվել, որոնցից 15–ն է ներկայացրել հեղինակը։ Գեղանկարների այս շարքը կոչվում է «Իմ այգին»։ Ցուցահանդեսում առանձին տեղ էին զբաղեցնում նկարչի ծաղիկները: Այդ վառ գործերն աչքի են ընկնում գույների խաղի անկրկնելիությամբ, գունային կոնտրաստով: Ցուցահանդեսը, որի բնապատկերային նկարներն աչքի էին ընկնում իրենց գունային բազմազանությամբ, մեծ տպավորություն էին թողել այցելուների վրա։ Դժվար է Իսաբեկյանի գեղանկարչությունը վերագրել որոշակի ոճի: Նա կայացած ժամանակակից նկարիչ է` իր ուրույն ձեռագրով։

Ա. Իսաբեկյանը ցուցահանդեսը նվիրեց անվանի արվեստաբան Սարո Սարուխանյանի հիշատակին։

 

 

Արամ Իսաբեկյանը ծնվել է 1952 թ. սեպտեմբեր 26-ին, Երևանում։ 1976թ. ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1979թ.-ից դասավանդում է նույն ինստիտուտում։ 1990 թ. արժանացել է դոցենտի կոչման, իսկ 1992-ից պրոֆեսոր է։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության, UNESCO-ի՝ Նկարիչների միջազգային ընկերության անդամ է։ 1994թ. մինչ այժմ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն է։ 1999 թվականին պարգևատրվել է ՀՀ Կրթության, Գիտության նախարարության ոսկե մեդալով։ 2001 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով։ 2002 թ. դարձել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ 2002 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։ 1976 թ. սկսած մասնակցել է համապետական և համամիութենական ավելի քան 200 ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Հալեպում, Կահիրեում, Լոնդոնում։ Աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես նաև բազմաթիվ անհատական հավաքածուներում։
 
Վեբ կայք: http://www.issabekyan.com

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.