Վարպետաց դասեր՝ գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերից

Հայաստանի ազգային պատկերասրահում այս օրերին ընթացող գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերի ջրաներկ եւ գրաֆիկ աշխատանքների՝  «Ովքեր ենք մենք» խորագրով  ցուցահանդեսը, որ բացվեց  հոկտեմբերի 3-ին, հետաքրքրություն առաջացրեց եւ արձագանք գտավ Գեղարվեստի պետակադեմիայի ուսանողների եւ դասախոսների շրջանակում՝ արվեստի տեսության եւ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ հանդիպում, վարպետաց դասեր կազմակերպելու առաջարկով:

Մայերի հայաստանյան  ցուցահանդեսն ունի հետաքրքրական նախապատմություն. այն իրականացվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ: 2012 թվականին հիմնադրված կազմակերպությունն իրականացնում է որոշակի ուղղվածության մշակութային ծրագրեր, որոնց հիմնական նպատակը հայ ժամանակակից արվեստի հանրահռչակումն է Հայաստանից դուրս եւ արտերկրի հայտնի  արվեստագետների ստեղծագործությունների ներկայության ապահովումը մեր երկրում: Այս տարիների ընթացքում իրականացվել է 71 այսպիսի նախագիծ, որոնցից 50-ը՝ արտերկրում: Վերջին նման ծրագիրը Հերբերտ Մայերի 500 աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր ՀԱՊ-ում: Կազմակերպության տնօրեն Սոնա Հարությունյանը պատմում է, որ 2017 – ին գործուղման մեկնելով Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաք, այցելել է տեղի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ այդ օրերին ներկայացվում էր Հերբերտ Մայերի այն նույն ցուցահանդեսը, ինչ ներկայիս մեր Ազգային պատկերասրահում է: Նրա 500-ից ավելի ջրաներկ աշխատանքներում, որոնցում պատկերված են եղել աշխարհի գրեթե բոլոր անկյունները, Հայաստանը բացակա էր, ինչը որպես այցելու- դիտորդ ազդել է նրա ազգային զգացումների վրա: Հանդիպում խնդրելով թանգարանի տնօրեն Իզաբել Հերդայի հետ՝ Սոնա Հարությունյանը առաջարկել է Մայերի ցուցահանդեսը տեղափոխել Հայաստան՝ հրավիրելով նաեւ հեղինակին՝ ծանոթանալու հայ հնագույն մշակույթին, այն իր ստեղծագործություններում արտացոլելու նպատակով: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների հաջող ընթացքին նպաստել է հատկապես Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի բարյացակամությունը եւ աջակցելու պատրաստակամությունը: Ցուցահանդեսի կազմակերպումն իրականացել է ՀՀ Մշակույթի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հարապետության դեսպանության, Ֆրեյբուրգի ժամանակակից արվեստի թանգարանի եւ Երեւանում գործող գերմաներենի ուսուցման  «Գյոթե կենտրոնի» համագործակցությամբ:

Մշակութային այս կազմակերպությունը աշխատում է հիմնականում գերմանացի եւ գերմանախոս երկրների արվեստագետների հետ: Մինչ այսօր Հայաստան այցելել են  արվեստագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, որոնք հետագայում իրենց երկրներում բացել են հայաստանյան տպավորությունների անհատական ցուցահանդեսներ: Հերբերտ Մայերի պարագան մի փոքր տարբեր է: Նա Հայաստան հրավիրվել է ավելի երկար ժամանակով, երեք ամսյա աշխատանքային շրջագայության: Ազգային պատկերասրահում բացված  նրա ցուցահանդեսին այցելած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել նկարչի՝ Հայաստանում գտնվելու վերջին օրերին հանդիպելու եւ տեսնելու, թե մեր երկրում ի՞նչն է նրան ավելի տպավորել եւ ինչպե՞ս է դա արտահայտվել նկարներում: Հարաստանյան շուրջ մեկամսյա  ճամփորդությունից նրան հատկապես տպավորել է հին եւ միջնադարյան հայ հոգեւոր ճարտարապետությունը. եկեղեցիների, վանքերի էսքիզներն ու ճեպանկարները, տեղանքի բնապատկերները հետագայում աշխատանքային նյութ կդառնան՝ համալրելով Մայերի ստեղծած «Ովքեր ենք մենք» հիշողության գրադարան ինքնատիպ շարքի՝ արդեն իսկ հարուստ բովանդակությունը, որը մարդկային քաղաքակրթության ամենավաղ շրջանից սկսած, ամենատարբեր ժամանակների ու շերտերի մշակույթների եւ կյանքի այլ ոլորտների՝ արվեստագետի համար ավելի կարեւոր ու հետաքրքրական դիտված երեւույթների անհատական մեկնաբանությունն է:

Հերբերտ Մայերը գերմանական ժամանակակից նկարչության առաջատար դեմքերից է: Երկար տարիներ աշխատում է Ֆրեյբուրգ քաղաքի Գեղարվեստի ակադեմիայում, գեղանկարչություն եւ գեղարվեստական տպագրություն է դասավանդում: Հիմնադրել եւ շուրջ 25 տարի ղեկավարում է գեղարվեստական տպագրության արվեստանոցը: Սոնա Հարությունյանը նշեց, որ անցած տարի Երեւանում մեկնարկեց գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն եւ ուրախությամբ հայտնեց, որ Հերբերտ Մայերի նման փորձառու, բարձր մակարդակի մասնագետը համաձայնել է ընդգրկվել հաջորդ տարվա բիենալեի միջազգային ժյուրիի կազմում: Նա հատուկ շնորհակալությամբ անդրադարձավ Գեղարվեստի պետակադեմիայի՝ իրենց ծրագրի հետ համագործակցության նախաձեռնությանը: «Մեզ համար շատ կարեւոր է երիտասարդ սերնդի կրթական ցենզը բարձրացնել, հնարավորություն ստեղծել հայ արվեստը դուրս բերելու միջազգային հարթություն: Եթե նման նկարիչ է գալիս Հայաստան, առաջին շահառուն ուսանողն է, Գեղարվեստի պետակադեմիան: Ես կարծում եմ, որ համագործակցության առաջին  այս հաջող մեկնարկը հետագա շարունակություն կունենա»:

Գեղարվեստի պետակադեմիայի ուսանողների հետ կազմակերպված հանդիպումը նկարչի առաջարկով ընդգրկեց եռօրյա աշխատարան. սա անհրաժեշտ էր՝  նկատի ունենալով Մայերի աշխատելաոճի՝ «նկարի հիշողության բանկ ասվածի» առանձնահատկությունները՝ ներկի բազմաքանակ շերտավորումներ, շերտը շերտի վրա դնելու եղանակներ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ծանոթանալ ջրաներկի պատմությանը, դրա յուրահատուկ տեխնիկական հնարավորություններին, հեղինակի՝ իր համար  բացահայտած եւ կիրառած ջրաներկի արվեստի նուրբ գաղտնիքներին, ժամանակ էր անհրաժեշտ, միանգամից նման արդյունք ակնկալել եթե ոչ անհնար, բայց շատ բարդ է:  Որքան էլ ակվարելային արվեստի նյութերի պարզությանը՝ այն մակարդակը, նկարչության այն որակը, որ ստանում է Մայերը նման տեխնիկայի շնորհիվ, պահանջում է տեւական, համառ ջանք ու փորձառություն: Բավական է ասել, որ Ազգային պատկերասրահում ցուցադրված նրա յուրաքանչյուր աշխատանք ստեղծվել է մինչեւ հարյուր եւ ավելի շերտերի արդյունքում:

Քնարիկ Ավետիսյանը կարեւորում է մշակույթների, քաղաքակրթությունների փոխհարաբերությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքները, հատկապես այնպիսի ձեւաձափով, երբ ուսանողը հնարավորություն է ստանում անհատ ստեղծագործողի աշխատանքի ոճին ծանոթանալ կենդանի, անմիջական շփման միջոցով, որի ընթացքում առաջանում են հարցեր եւ ստանում պատասխաններ, ինչպես այս անգամ, երբ պրակտիկ աշխատանքի ընթացքում ընկալելի ու հասկանալի դարձավ նյութի, թղթի, վրձնի, ներկի հետ աշխատելու, բազմաքանակ շերտերով նկարը ավարտին հասցնելու գերմանացի նկարչի բարդ տեխնոլոգիան:

Հերբերտ Մայերի խոսքը ակվարելային արվեստի  պատմության, դրա տեխնիկական հնարավորությունների, կատարման պրոցեսի, մեթոդների, օգտագործվող նյութի մասին գրավիչ ու հետաքրքրական էր. այն պարզ էր, գործնական ու պատկերավոր: Նա նյութը ներկայացրեց հանրահայտ նկարիչների մի շարք ստեղծագործությունների օրինակով՝ սկսելով 15-րդ դարի գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերից մինչեւ մեր օրերի արեւմտաեվրոպական նկարիչներ: Հետաքրքրական էին նաեւ հընթացս արվող հայ ակվարելիստ, գեղակադեմիայի նախկին սան Պետո Պողոսյանի լրացում- մեկնաբանությունները,  ինչն ավելի անմիջական էր դարձնում հանդիպումը:

Վարպետաց դասերի ավարտին Քնարիկ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի տնօրեն Սոնա Հարությունյանին, նրան նվիրեց իր հեղինակած «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» մենագրությունը եւ Հերբերտ Մայերին՝ իր փորձն ու գիտելիքները հայ ուսանողներին փոխանցելու, նրանց հետ կատարած բովանդակային աշխատանքի համար՝ նվիրելով գեղակադեմիայի 70-ամյա պատմության գիրք – ալբոմը եւ Գրիգոր Խանջյանի գրաֆիկական գործերի ալբոմը: Մայերը հայ գեղանկարիչներից ավելի տպավորվել է Վարդգես Սուրենյանցի եւ Գրիգոր Խանջյանի գործերով, որպես իրենց արվեստը ազգային մշակույթի հենքի վրա կառուցած նկարիչներ:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.