Տաք գույներ՝ Ֆրանկոֆոնիայի Երեւանյան Գագաթաժողովին

Գեղարվետի պետակադեմիան՝ արտաքին կապերի բաժնի վարիչ  Մերի Պատվականյանի առաջարկությամբ, դեռ ամիսներ առաջ մտահղացել էր կազմակերպել Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովին նվիրված ցուցահանդես, որը բացվեց երեկ «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, գեղանկարչության ամբիոնի դասախոսների՝ Արամ Իսաբեկյանի, Էդվարդ Վարդանյանի, Փարավոն Միրզոյանի, Ժորա Հայրապետյանի, Արթուր Հովհաննիսյանի, Մեխակ Էլբակյանի,  Հայկ Աղաբեկյանի, Արմեն Սավայանի, Արսեն Ղազարյանի, Հովսեփ Պապիկյանի, Աննա Ավետիսյանի, Գրիգոր Գեղամյանի, Գագիկ Ղազարյանի, Արա Հովհաննիսյանի, Հրանտ Հարությունյանի գեղանկար եւ քանդակ աշխատանքների տպավորիչ ներկայացմամբ:

…Հոկտեմբերը գույների ամիս է, աշնան գույների ամիսը, տաքը, ամենաբազմազանը, ամենահարուստը: Գույնը զգացմունք է, վերաբերմունք է՝ հոգեւոր աշխարհից պոկված մասնիկ. նկարիչները դա գիտեն ու ամենից լավ նրանք են խոսեցնում գույների լեզուն:

Հոկտեմբերը թավշե տրամադրություն է բերում, հավանաբար եղանակն է թելադրում: Զգացմունքների, տրամադրությունների տարուբերվող հսկա ալիք բերեց մեզ այս հոկտեմբերը հենց առաջին օրից՝ կորստի, դառնության, ցավի, ափսոսանքի, կարոտի… Մեզանից հեռացավ մեր ժամանակների ամենամեծ հայը, մեր սիրելի, հարազատ Շառլ Ազնավուրը: Մենք սպասում էինք նրան Երեւանում, հոկտեմբերի սկզբին այստեղ անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի այս օրերին: Հավատում էինք,  որ նա լինելու է մեզ հետ, մեր կողքին՝ մեծերին բնորոշ եւ մեզ այնքան անհրաժեշտ ապահովության զգացումը մշտապես փոխանցելու…  Չէ՞ որ խոստացել էր 100-ամյակը նշել մեզ հետ, այստեղ, Երեւանում:  Ու մենք հավատում էինք: «Մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել», – Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը այսպիսի խոսքեր ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ու նաեւ ասաց, որ Ֆրանսիայում պոետները  չեն մահանում…

Ռեկտոր Արամ Իսաբեկյանը իր խոսքը սկսելով վերջին օրերին հայությանը համակած մեծ հայորդու, ամենահայ ֆրանսիացու կորստի ցավի  ու ափսոսանքի տրամադրություններով,  ցուցահանդեսի խորհրդին նոր երանգ ավելացրեց…

«Այն ինչ կատարվեց այս վերջին օրերին, խորապես ազդեց բոլորին: Բոլորիս սրտում է նա:  Մենք ականատես եղանք, թե աշխարհի մեծ պետություններից մեկը հարգանքի ինչպիսի տուրք մատուցեց հայազգի մեծ արվեստագետին եւ իհարկե մեր երկրին ու հայ ժողովրդին: Ես շատ հուզված եմ. մինչեւ կյանքիս վերջը կհամարեմ, որ ֆրանսիացի ժողովուրդը մեր ամենամեծ բարեկամն է: Ավելի լավ, ավելի բարձր վերաբերմունք մեզ, մեր երկրին, պատմությանն էլ եթե հետահայաց նայենք,  չի եղել եւ հավանաբար չի էլ լինելու՝ այդքան պարզ եւ նույքան ազդեցիկ արարողակարգով:

Մեր բոլորի վերաբերմունքը կյանքին պիտի լինի այդպիսին, ինչպես ապրեց մեր մեծ հայրենակիցը՝ նվիրումով արվեստին, իրեն ընդունած հայրենիքին,  իր պատմական հայրենիքին, իր ժողովրդին,  ընկերներին, անմնացորդ իր ստեղծագործությանը մինչեւ կյանքի վերջին օրը»:

Դիմելով ուսանողներին նա շարունակեց, «Ստեղծագործելիս արտահայտվեք ձեր կարողությունների առավելագույն չափով, արեք  անհնարինը: Մեր արվեստը պիտի կատարյալին ձգտի, դրանով մենք կարող ենք հասնել այնպիսի բաների, որ ուրիշներն իրենց դիվանագիտությամբ կամ տնտեսությամբ չեն կարող անել:

Ժամանակը ճիշտ օգտագործեք,  ձգտեք բացահայտել ձեր մեջ առավելագույնը, մտածեք, թե ինչ  նոր բան եք ավելացնում ձեր արածով:

Աշնանային այս գեղեցիկ օրը բացելով այս ցուցահանդեսը՝ ցանկացել ենք մեր ներդրումը ունենալ Ֆրանկոֆոնիայի այս հիանալի օրերի մեջ»:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.