MILANO PRINT MAKERS-Ը՝ Գեղարվեստի Պետակադեմիայում

Այս օրերին Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայի դահլիճում ընթացող  Միլանի տպագրիչների միության (Milano Print Makers) ներկայացուցիչների աշխատանքների  ցուցադրությունը մաս է կազմում «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես» ընդհանուր ծրագրի, որի հիմնական՝ «Ժամանակակից արվեստի ազատ ձայները» եւ «Ժամանակակից արվեստի ձայնային գծերը» ցուցահանդեսները, կազմակերպվել են մասնակից արվեստագետների ընտրության տարբեր սկզբունքներով, առաջինը՝ որպես հրավերք եւ երկրորդը՝ առցանց, ազատ մասնակցությամբ՝ հայ եւ իտալացի մասնագիտական ժյուրիի ընտրությամբ: Ցուցահանդեսի նպատակը հայ-իտալական մշակութային կապերի ընդլայնման շրջանակում Հայաստան բերել հնարավորինս շատ օտար արվեստագետներ, Հայաստանը եւ հայ մշակույթը ավելի ճանաչելի դարձնել միջազգային հարթակներում: Ցուցահանդեսի համակարգողներն են Մազդակ Ֆաիզնիան եւ Մարինա Հակոբյանը:

Ցուցահանդեսները նախատեսված են երեւանյան մի շարք մշակութային կենտրոններում՝ Արամ Խաչատրյանի տուն – թանգարան, ՀԲԸՄ սրահ, Գաֆէսճյան արվեստի կենտրոն, Ալ. Սպենդիարյանի օպերային թատրոնի ճեմասրահ, ՀայԱրտ, ՆՓԱԿ, Հայաստանի նկարիչների միություն: Ցուցահանդեսի նախաձեռնող եւ կազմակերպիչ՝ Երեւանում գործող իտալական  Shaula International LLC:

Հիմնական ցուցադրություններին զուգահեռ կազմակերպվում են նմանաբնույթ այլ միջոցառումներ եւս: Գեղարվեստի պետակադեմիայում գործող  փորագրանկարչության լաբորատորիայում ուսանողների աշխատանքների դրական տպավորությամբ Milano Print Makers -ի մասնագետները նպատակահարմար են գտել այստեղ կազմակերպել իրենց գործերի ցուցադրությունը, որը հատկապես առանձնանում է գեղարվեստական ինքնատիպ մտածողությամբ, տեխնիկական կատարման ոչ ավանդական ձեւերի ներմուծմամբ: Նախապես այս ծանոթությունը ուսանողների համար օգտակար կլինի ոչ միայն մշակութային փոխշփումների, փոխազդեցությունների առումով,  նաեւ՝ երկու շաբաթ անց գեղակադեմիայի դահլիճում իտալացի մասնագետների վարպետության դասերին նրանց մասնակցության ժամանակ:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.