«Գնահատեք ձեր խոսքի արժեքը»

Ցուցահանդեսի քննարկում

 

Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում գրեթե երկշաբաթյա տեւողությամբ ներկայացված «Առաջադրանք» պայմանական խորագրով ցուցահանդեսը ունեցավ արդյունավետ ընթացք եւ ավարտին հետաքրքրական քննարկում՝ ակադեմիայի արվեստաբանության բաժնի ուսանողների մասնակցությամբ, որին ներկա էին ռեկտոր Արամ Իսաբեկյանը, դասախոս Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաեւ ղեկավարել էին ներկայացված ծրագրային աշխատանքները, եւ ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը: Ցուցահանդեսի նորությունը այս առիթով տպագրված ալբոմն էր: Արամ Իսաբեկյանը ներկաներին վերստին հիշեցրեց ցուցահանդեսի նպատակը եւ առանձնահատկությունը՝ որպես առաջադրանք առեւտուր եւ տրանսպորտ թեմաների շրջանակում, ինչը հենց սկզբից ենթադրել է ազատ գործելակերպի դրսեւորում, իհարկե՝ ղեկավարների մասնագիտական խորհրդատվությամբ: Նա կարեւոր նկատեց ստեղծագործողների իրական, ոչ մտացածին վերաբերմունքը առաջադրված նյութին, որոնցում հնարովի, մտացածին ոչինչ չկա, ցուցահանդեսի արդյունքը համարեց գոհացնող եւ ամբողջական՝ ընթացքով, մասնագիտական աջակցությամբ եւ եզրափակիչ քննարկումով: Անդրադառնալով ալբոմի հրատարակությանը եւ դրա աջակցությունը՝ համարեց այն կարեւոր գործոն, քանի որ հովանավորները հիշյալ ցուցահանդեսի արդյունավետությունից ելնելով, առաջարկել են երկրորդ նմանատիպ նախագիծ՝ ցուցահանդեսի կազմակերպում, մրցանակներ եւ ալբոմի հրատարակություն, շինարարություն եւ ճարտարապետություն թեմատիկ առաջարկով: Անդրադառնալով արվեստաբան – ուսանողների մասնակցությանը քննարկմանը՝ նա կարեւոր համարեց ձեւավորել փոխադարձ շփումների կուլտուրա ներկա՝ ուսումնառության փուլում, միմյանց ճանաչելու, միմյանց աշխատանքները գնահատելու, վերաբերմունք արտահայտելու, հարաբերվելու փորձ կուտակել սովորելու տարիներից, ինչի կարիքը ստեղծագործող անհատը միշտ է ունեցել եւ ունի:

Գաղտնիք չէ առողջ քննադատության, ճիշտ դիտարկումների ազդեցությունը հատկապես երիտասարդի ստեղծագործական հետագա ընթացքի վրա, որ երբեմն կարող է լինել նույնիսկ ճակատագրական: Միանգամայն իրավացի էր ռեկտորի դիտարկումը մեզանում տարածված արվեստաբանական-քննադատական այն երեւույթին, կարելի է ասել սովորույթին, երբ հաճախ անհարկի գովեստների տարափը իրականության հետ որեւէ աղերս չի ունենում եւ առհասարակ չկա քննադատություն, դրա հանդեպ ձեւավորված որոշակի անհանդուրժողականության պատճառով: Հետաքրքրական էր նրա այն դիտարկումը, թե դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ դրսից արվեստաբան- ընդդիմախոս հրավիրելու փոխարեն կարելի է օգտագործել ներքին ուժերը, ակադեմիայի ուսանողների՝ տարիների փոխադարձ շփումների արդյունքում կուտակած փորձը, միմյանց ստեղծագործական ընթացքին քաջածանոթ լինելու հանգամանքը կարող է տալ այդպիսի հնարավորություն:

Քնարիկ Ավետիսյանը արվեստաբան ուսանողների ուշադրությունը կենտրոնացրեց մասնագիտական առավել ակտիվ դրսեւորումների վրա, հետաքրքրություն ցուցաբերել ընթացիկ արվեստի եւ դրա զարգացումների ուղղությամբ, իրազեկ լինել ոչ միայն ակադեմիայի, նաեւ երեւանյան մյուս պատկերասրահներում եւ թանգարաններում կատարվող իրադարձություններին, ունենալ սեփական կարծիք եւ վերաբերմունք: Անդրադառնալով ներկա ցուցահանդեսին՝ նա նկատեց երկու հանգամանք, այն որ դաստիարակել է նկարչական հայացք՝ մեզ համար սովորական, առօրեական կյանքի մանրուքները նկատելու եւ ազատ, ինքնուրույն մտածողություն դրսեւորելու առումներով:

Նման քննարկումները միշտ էլ հետաքրքրական են բազմակարծության եւ բանավեճերի առկայությամբ, ինչը խրախուսվում է այսպիսի միջոցառումներին: Իհարկե այս պարագայում երիտասարդները ավելի ակտիվ են: Դրական կարծիքներին զուգահեռ հնչեցին քննադատություններ, ինչն ավելի ակտիվացրեց քննարկումը: Կատարված աշխատանքների հիմնական առավելությունը համարվեց անկեղծությունը, թեմատիկ առումով առաջադրանքի գրեթե անթերի կատարումը, քննարկվեցին առանձին գործեր, նշվեցին առավելություններն ու թերությունները: Երրորդ կուրսի ուսանողուհի Նարե Ներսիսյանի մի քանի դիտարկում առիթ տվեց ավելի բաց եւ անկաշկանդ քննարկման: Հետաքրքիր էր լսել մի կարծիք, որը մերժողական տոնայնությամբ սկսվելով՝ շարունակության մեջ հակասություն դրսեւորեց: Ուսանողուհին ներկայացրեց իր տպավորությունները երեք տեսանկյունից՝ ըստ նրա արվեստի ստեղծագործության վերլուծության առումով աշխատանքները հաջողված են, դրսեւորված են կատարողական հմտություններ, որոշ ուսանողներ թեմային համահունչ միջավայր են ստեղծել, գունագիտական ունակություններ ցուցաբերել, առաջադրանքի տեսանկյունից ցուցահանդեսը հաջողված է, թեեւ այն կարծիքին է, որ թեմատիկ ցուցահանդեսները սահմանափակում են նկարչի ազատությունը: Եվ երրորդը՝ արվեստի տեսանկյունից՝ այն որ յուրաքանչյուր ստեղծագործության առավելությունը նրա ազդեցության, զգայականության մեջ է: Այս առումով ցուցահանդեսը, ըստ նրա, կմնա միայն մասնակիցների հիշողության մեջ, ինչն իհարկե սուբյեկտիվ մոտեցում է, այն պարզ պատճառով, որ դժվար է չափել կամ գնահատել դա, քանի որ խիստ անհատական է արվեստի գործի հատկապես զգայական ընկալումը:

Ողջունելով քննադատության ոգին, Արամ Իսաբեկյանը միաժամանակ հորդորեց արվեստաբաններին խոսքը չկառուցել «ինձ դուր է գալիս» կամ «ինձ դուր չի գալիս» արտահայտություններով, որովհետեւ «դա արվեստաբանական կատեգորիա չէ: Գնահատեք ձեր խոսքի արժեքը, հակասության մեջ չընկնելու համար»: Թեմատիկ սահմանափակման կամ պատվերի առումով նշեց, որ միշտ է ընդունված եղել այդ երեւույթը: Իսկ մերօրյա պայմաններում, մասնավորապես արեւմուտքում որեւէ ինստալացիա, որեւէ կատարում առանց թանգարանային պատվերի չի իրականանում: Որպես օրինակ բերվեց Վենետիկի բիենալեները՝ թեմատիկ շրջանակներում:

Արվեստաբան- ուսանողները հիմնականում զերծ մնացին տեխնիկական կատարման մասին կարծիք հայտնելուց՝ համարելով, որ դա պահանջում է մասնագիտական ավելի լուրջ հասունություն: Առաջին կուրսի ուսանողուհի Եվա Մալխասյանի հարցադրումները նույնպես ակտիվ կարծիքների առիթ տվեցին: Ըստ նրա, թեման սամանափակումներ չի կարող առաջացել, թեմատիկ ընդհանրությունը չի կարող խանգարել անհատական մոտեցումներին, որովհետեւ կան աշխարհընկալման խնդիրներ, իսկ պատվեր- առաջադրանքի առումով, կարծում է, որ եթե արվեստագետները միայն դրանով աշխատեին, ապա իմպրեսիոնիզմը չէր ձեւավորվի որպես նկարչական առանձին ուղղություն, քանի որ սկզբունքով այն դուրս է պատվերի շրջանակից: Խոսեց նաեւ պլանային, հեռանկարային լուծումների որոշակի անհամաչափության, նաեւ ներկայացված աշխատանքների նմանությունների մասին, ինչը նույնպես միանշանակ չընդունվեց: Արթուր Հովհաննիսյանի կարծիքով թեմատիկ ընդհանրությունն է այսպիսի տպավորությունը ստեղծում, ծանոթ իրականության անմիջական արտացոլումը կտավներին առաջին հայացքից այդպես է թվում: Իրականում տարբեր ձեռագրեր են եւ անհատական մոտեցումը ակնհայտ է հենց նույն թեմայով արված գործերում, դա լինի մետրոպոլիտենը, թե՛ հնամաշ, ժանգոտած, վրան ժամանակակից պաստառով տրոլեյբուսը՝ որպես ներկա սոցիալական վիճակի արտահայտություն, թե՛ երեւանյան շուկան իր բնորոշ մթնոլորտով եւ կամ սրճարան- թեյարանը գունային մեղմ լուծումներով: «Կատարվել է բազմակողմանի աշխատանք, ոչ երբեք՝ մեխանիկական, մենք ուղղորդել ենք նրանց գնալ շուկաներ, սրճարաններ, տրոլեյբուսի պարկ, անմիջական տպավորությամբ զգալ եւ վերարտադրել միջավայրը, տրամադրությունը»:

Հեռանկարային լուծումների հետ կապված եւս եղավ տարբեր մոտեցում: Գայանե Պողոսյանը դրվատանքով խոսելով ցուցահանդեսի մասին՝ գույնի, պատկերի կառուցում, ուրվագծային կամ ծավալային լուծումներ, ձեռագրերի տարբերություններ, նկատեց. «Առաջ է բերված տրանսպորտի մի ֆիգուր՝ խոշոր պլանի վրա, հեղինակը կարողացել է քիչ գույներով ստանալ տրանսպորտի հին Երեւանի տիպիկ մթնոլորտ: Հիշում ենք հին Երեւանը, զգում ենք այդ շունչը, եւ դա արդեն ողջունելի է»:

Ամփոփելով քննարկումը՝ Քնարիկ Ավետիսյանը կրկին անգամ ուսանողներին հորդորեց խոսքը կառուցել առավել մասնագիտորեն, հստակ հիմնավորումներով, որեւէ աշխատանքի առավելություն կամ թերություն ներկայացնել պատճառաբանված: Այս պարագայում քննադատատական որեւէ դիտարկում կամ կարծիք դժգոհության կամ անբավարարության տեղիք չի կարող տալ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.