«Առաջադրանք» ցուցահանդեսը եւ առաջին կատալոգը

Գեղարվեստի պեակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահը երիտասարդ արվեստագետի համար սեփական ստեղծագործությունը ներկայացնելու  լավագույն հնարավորություն է հենց ուսանելու տարիներին: Այս ուսումնական տարվա ուսանողական աշխատանքների առաջին ցուցադրությունը թեմատիկ առումով եւ բնույթով նախադեպը չի ունեցել: Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրեց ամիսներ առաջ մտահղացված մի ծրագիր, որը հնարավորություն կտար ուսանողներին դուրս գալու ընթացիկ կաղապարներից, հանդես բերելու ավելի ազատ, անկաշկանդ մտածողություն եւ գործելու ինքնուրույնություն: Այն իրականացնելու փորձ անելու էին կերպարվեստի ֆակուլտետի Էդուարդ Իսաբեկյանի անվան արվեստանոցի ուսանողները: Տրված թեմատիկ առաջադրանքը ներառում էր ամենօրյա կյանքի մաս կազմող հանրային կյանքի երկու ոլորտ՝ տրանսպորտ եւ առեւտուր: Ըստ էության սա փորձ էր՝ դուրս գալու ընդունված ակադեմիական շրջանակներից եւ այսպես ասած ոչ այնքան գեղագիտական տիրույթում իրացնել նկարչական մտածողություն: Արվեստագետը հենց սրանով էլ տարբերվում է. առտնին կյանքի անցուդարձներում, երբ սովորական աչքը չի տեսնում, չի նկատում իրի կամ երեւույթի գեղագիտական կողմը, ապա նա, որ օժտված է հենց այդ հատկությամբ, էսթետիկացնում է, կարելի է ասել, գրեթե ամեն բան: Ծրագիրն իրականացնելու համար ուսանողներին օգնել են մասնագիտական այն խորհուրդները, որ աշխատանքի ընթացում ստացել են արվեստանոցի ղեկավարների կողմից:

«Առաջադրանք» ցուցահանդեսի մյուս նորությունը կատալոգի տպագրությունն է: Ինչպես նկատեց ռեկտորը, նախընթաց շրջանում բազմաթիվ ցուցահանդեսներ են եղել ու անցել այս սրահում, դրանք մոռացվել են սակայն, քանի որ չեն ունեցել վավերացում, լավագույն դեպքում մարդկանց հիշողություններում դրանց մնալն է: Առայժմ սա միակն ցուցահանդեսն է, որ վավերացվեց կատալոգով, որի տպագրությունն իրականացել է «Կիլիկիա գարեջուր» ընկերության  եւ «Հորիզոն-95» կազմակերպության  աջակցությամբ: Վերջինիս ղեկավար, Ճարտարապետության եւ շինարարության պետհամալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ներկա լինելով ցուցահանդեսի բացմանը, նախագծի իրականացումը համարեց ակադեմիայի ձեռքբերում, շնորհավորեց ուսանողներին եւ աշխատակիցներին:

«Էդուարդ Իսաբեկյան» արվեստանոցի դասախոս Արթուր Հովհաննիսյանը, որ անմիջականորեն աշխատել է ուսանողների հետ, համարեց դա արդյունավետ ժամանակ, երբ նախկինում աշխատանքը եզրափակվում էր քննություններով, ապա այս պարագայում ցուցահանդեսի կազմակերպումը եւ կատալոգի տպագրությունը եղավ: Կարեւոր է նաեւ կատալոգի ձեւավորման ուսանողական փորձը. այն իրականացրել է կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնի ուսանողուհի Վիկտորյա Շահբազյանը:

Կատարված աշխատանքը դրվատանքի արժանացավ կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանի եւ գեղանկարչության եւ գծանկարչության ամբիոնի վարիչ Փարավոն Միրզոյանի կողմից՝ որպես ինքնաարտահայտման նոր եղանակ, անհատական ձեռագրի, մտածողության դրսեւորում ժամանակակից թեմաների շուրջ: Արամ Իսաբեկյանը նկատեց, որ այս տարի նույնպես կառաջադրվեն նոր թեմաներ՝ հաջորդ տարվա նմանատիպ ցուցահանդեսի եւ կատալոգի ակնկալիքով:  Նա հորդորեց ակադեմիայում գործող մյուս արվեստանոցների ղեկավարներին նախաձեռնել եւ իրականացնել նմանաբնույթ ծրագրեր:

Նախագծին մասնակից ուսանողների աշխատանքների կատալոգային ներկայացումը  ամբողջացնում է  ցուցահանդեսային տպավորությունները:  Արամ Իսաբեկյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ Մարինա Հակոբյանի առաջաբանային խոսքը որոշակիացնում է ցուցահանդեսի առանձնահատկությունն ու նպատակը: «Առաջադրանք – նախագիծը փորձ է մեր արվեստանոցում ուսանող երիտասարդների հայացքն ուղղելու ամենօրյա երեւույթների գեղագիտական կողմին: Սա փորձ է հնարավորինս խորությամբ ներթափանցելու թեմաների եւ դրանց շրջանակում հանդիպող երեւույթների, կերպարների, իրավիճակների մեջ եւ սեփական դիտակետից վերլուծելու եւ վերարտադրելու այդ իրողությունները», – կատալոգի առաջաբանում գրում է Արթուր Հովհաննիսյանը:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.