Ուսումնական առաջին օրը գեղարվեստի պետակադեմիայում

Ուսանողական կյանքի առաջին տպավորությունը երկար մնում է  հիշողության մեջ. կյանքի ամեն նոր փուլ ինչ – որ ձեւով առանձնանում է:

Հայաստանի գեղարվեստի պետակադեմիան առաջին կուրսեցիներին դիմավորեց ջերմությամբ՝ բուհի ղեկավարության, դասախոսների, աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելով ակադեմիայի դահլիճում:  Շնորհավորական ուղերձում ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ընդհանուր ներկայացրեց բուհի անցած երկարամյա ճանապարհը, նշեց, որ կերպարվեստի բոլոր մասնագիտությունների գծով առաջնեկները բացվել են արվեստի այս բուհում, որտեղ Հայաստանի լավագույն մասնագետներն են դասավանդել եւ ներկայում էլ շարունակվում են լավագույն ավանդույթները՝ նորարարական մոտեցումներով: Անդրադառնալով անցյալի փորձին՝  նա կարեւոր նկատեց այն վերաբերմունքը, այն ջերմ, անմիջական հարաբերությունները, որով ուսանողները կապված են եղել բուհին, ինչը հիմա էլ շարունակվում է: Իսաբեկյանի համար արվեստը ինքնին առանձնացվող, էլիտար վիճակի ներկայություն է, եւ եթե երիտասարդները կամավոր որպես մասնագիտություն ընտրում են այս ասպարեզը, պետք է գիտակցեն արվեստի առաքելության եւ պատասխանատվության աստիճանը,  ձգտեն գիտելիքի, իմացության առավելագույնին, ինչը նրանց համար կապահովեն ակադեմիայում դասվանդող բարձրակարգ մասնագետները: «Լավ արվեստագետ դառնալու ձեր ձգտումներում վստահաբար կունենաք մեր բոլորի աջակցությունը: Հաստատուն, ամուր եղեք ձեր ընտրած ուղու մեջ, ձգտեք միշտ ավելին իմանալ, եւ հաջողությունը կուղեկցի ձեզ»:

Նա ուսանողներին ներկայացրեց բուհի ուսումնական գործընթացները կազմակերպող բոլոր օղակները եւ ակադեմիայի ղեկավարությանը՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանին, տնտեսական գծով պրոռեկտոր Ստեփան Եզդողլյանին, կերպարվեստի եւ  դիզայնի եւ դեկորատիվ – կիրառական արվեստի ֆակուլտետների դեկաններ Էդվարդ Վարդանյանին եւ Ավետիք Ավետիսյանին, ամբիոնի վարիչներին:

Ակադեմիայի վարչական ստորաբաժանումների ու դրանց գործառույթների մասին  հանգամանորեն խոսեց ուսումնական մասի վարիչ Եկատերինա Կաշինան,  ներկայացրեց ակադեմիայի կառուցվածքը, գործող երկու ֆակուլտետները, Գյումրու եւ Դիլիջանի մասնաճյուղերը՝ վերջինս մասնագիտացված կիրառական արվեստի ուղղությամբ (գորգագործություն):

Կարեւոր առաքելություն ունի արտաքին կապերի բաժինը (վարիչ՝ Մերի Պատվականյան), այն համակարգում է բուհի համագործակցությունը օտարերկրյա ուսումնական մի շարք հաստատությունների հետ՝ իրականացնելու տարիների ընթացքում ձեւավորված 21 պայմանագրերը, կազմակերպում ուսանողների՝ արտերկրում սովորելու գործընթացները, ապահովում նրանց ներգրավումը միջազգային տարբեր միջոցառումներին, ցուցահանդեսներին, սիմպոզիումներին: Ուսանողական խորհուրդը (նախագահ՝ Էդվարդ Ավետիսյան), կարեւոր նշանակություն ունի՝ ուղղված ուսանողների շահերի պաշտպանությանը:  Ուսումնական կյանքում կարեւոր դեր ունեցող «Ալբերտ եւ ԹովԷ Բոյաջյան» ցուցասրահը (տնօրեն Իրինա Իսաբեկյան) ուսումնական ողջ տարվա ընթացքում հնարավորություն է տալիս ուսանողներին եւ դասախոսներին անվճար ցուցահանդեսներ կազմակերպել:

«Դուք ընտրել եք հանրապետության լավագույն բուհերից մեկը, եթե ոչ լավագույնը», նորեկներին շնորհավորելով ասաց Ուսանողների հաշվառման բաժնի վարիչ Հասմիկ Մակվեցյանը՝ ներկայացնելով բաժնի հիմնական գործառույթները՝ գնահատման կրեդիտային համակարգը,  գնահատման չափանիշները, անդրադարձավ առաջադիմության հիման վրա գործող  եւ սոցիալական վիճակով պայմանավորված զեղչային համակարգին, բողոքարկման կարգին, փոխատեղման (վճարովիից անվճար եւ՝  հակառակը) հիմունքներին:

Որակի ապահովման  կենտրոնի բաժնի վարիչ Նունե Մինասյանը ներկայացրեց բուհում ուսանողների եւ ղեկավարության միջեւ կապի անհրաժեշտությունը եւ այն իրականացնելու եղանակները: Տեղի ունեցող գործընթացների մասին ուսանողների կարծիքներին, առաջարկներին, մտահոգություններին ծանոթանալը օգնում է աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնել, ուսանողի համար ավելի նպաստավոր լուծումներ գտնել: Բուհական կյանքի տարբեր գործընթացները լուսաբանվում են ակադեմիայի կայքէջում (համակարգողներ՝ Հովհաննես Թաջիրյան, Մեսրոպ Մեսրոպյան) եւ ֆեյսբուքյան էջում:

Ուսանողական համայնքը խնդիր ունի ուսանողներին մասնակից դարձնելու որակի ապահովման գործընթացներին, բարձրացնելու նրանց իրազեկվածության աստիճանը:

Առաջին կուրսեցիները տեղեկացվեցին նաեւ վարձավճարների եւ կրթաթոշակային կարգի մասին, նկատվեց, որ անվճար համակարգի ոչ բոլոր ուսանողներին է տրվում կրթաթոշակ՝ ուսման առաջադիմությամբ պայմանավորված:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.