ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ

ՊԱՏԿԵՐԻ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՒ

Հեղափոխական շարժումների պատմության մեջ հայկական թավշյա հեղափոխությունը  եզակի համարելու մի շարք գործոններ, վստահաբար, կան:

Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահը թվում էր, ծավալները մեծացրել  է այնպես, որ փորձել  է ընդգրկել  մոտ երեք ամիս առաջ Հայաստանի եւ սփյուռքի ողջ հայությանը փոթորկած աննախադեպ իրադարձությունները: Գեղարվեստի պետակադեմիան առաջինն է, որ հեղափոխական շարժման էներգիան փորձում է բերել գեղարվեստական իրականություն, իրացնել այն գեղարվեստական մտածողության մեջ:

DSCF5592_Ապրիլյան իրադարձությունները այս էլ  որերորդ անգամ հայոց պատմության համար դառնում  են ճակատագրական: 2018-ի ապրիլը ազգային, քաղաքական եւ սոցիալական բովանդակությունից բացի  արժեքային փոփոխությունների ազդանշան էր՝  կարեւոր ուղերձ մեր նոր իրականությանը: Սակայն հայտնի է՝ հասարակական արմատական փոփոխությունները  պայմանավորված են անհատի գիտակցության փոփոխությամբ հատկապես, ինչի ժամանակը հենց հիմա է, հետհեղափոխության՝ նորոգվելու, վերակրթվելու կարեւոր այս շրջանում:

Մենք ապրեցինք մեր նորօրյա  պատմության հիրավի աստեղային պահը: Հեղափոխությունը մեզ շատ բան սովորեցրեց, շատ բան բացահայտեց, ճանաչել տվեց ինքներս մեզ, հասարակության, ժողովրդի ընդերքում կուտակված էներգիան, նրա կամքի ուժը: Անգամ նրանք, ովքեր անմիջական մասնակից էին, նաեւ նրանք, ովքեր հեռվից էին հետեւում, անհնար էր՝ զարմանք չապրեին այն ոգեղենությունից, որ տիրում էր այդ օրերին Երեւանի փողոցներում: Որքան էլ փորձենք համեմատել 88-ի ազգային զարթոնքի հետ, այնուամենայնիվ, այս անգամ ոգեղենության մի կայծ էլեկտրական հոսանքի ակնթարթային հաղորդականությամբ անցավ հայության բոլոր հատվածների միջով՝ ցնցելով, արթնացնելով խորը թմբիրի մեջ հայտնվածներիս: Եվ ոչ միայն Հայաստանում.  Նյու Յորքի փողոցներից մեկում 3-4 հայ երիտասարդ խմբված էին այն նույն ոգով, ինչ Երեւանի Հանրապետության հրապարակում հարյուր հազարավորները, եւ այդպես ամենուր էր, որտեղ հայություն կա: Ապրիլյան հեղափոխությունը, իհարկե, նախորդ շարժումների քաղաքական հարուստ փորձի վրա կայացավ: 2008-ի համաժողովրդական վերելքի արյունոտ կասեցումը իշխանությունների կողմից, դրան հետեւած համատարած հուսալքության, վախի, անվստահության, կասկածների ու մատնությունների մթնոլորտը չկարողացան եւ չէին  կարող սպանել  մեր մեջ եղած մարդու կենսական ձգտումը՝ ազատության զգացումը: Եվ դա է հենց հիմնական պատճառը, որ պատմության մեջ որեւէ բռնապետություն երկար չի գոյատեւում: Նախընթաց  տասնամյակում իրար հաջորդած շարժումները՝ բնապահպանական, սոցիալական եւ այլ, խեղդվեցին ժողովրդից հեռացած, նրան վաղուց իրենից օտարած, նրա գլխին պատուհաս դարձած օրվա իշխանությունների  կամայական, բիրտ միջամտությամբ: Հուսահատությունների համատարած շղթայում ամենալավատեսն անգամ չէր կարող հավատալ համաժողովրդական նման վերելքի: Ապրիլյան շարժումը, սկսվելուց օրեր  անց, հեղափոխություն հռչակվեց Ֆրանսիայի հրապարակում շարժման  առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, բնորութագրվելով որպես թավշյա, որի հետագա ընթացքը բացահայտեց իրադարձությունների անհավանական շղթա՝ ճկուն  մարտավարությամբ եւ աննախադեպ  կազմակերպվածությամբ:

Հեղափոխության առաջամարտիկը, շարժիչ ուժը երիտասարդությունն էր, ավելի շուտ՝ ուսանողությունը: Երբ թվում էր, տարիների նպատակամղված քաղաքականությունը՝ մարդկային բարոյական արժեքների նսեմացման փորձերը, մարդուն դարձնելու կամազուրկ, փոքրոգի, վախկոտ, ներառել է նաեւ երիտասարդությանը, վերածելով նրան սպառողական հոգեբանությամբ հասարակության անտարբեր մի հատվածի, բացահայտվեց ճիշտ հակառակը: Արդեն ապրիլյան քառօրյան՝ 2016-ի,  ջարդեց մտածողության, հոգեբանության վտանգավոր այդ կարծրատիպը, երբ սահմանին կանգնած  18-20 տարեկան հայ երիտասարդը, որ նորնոր  փորձում էր հասկանալ կյանքը, գերազանցեց ինքն իրեն, գերազանցեց իր տարիքը, երկրի, հողի, ինքնապաշտպանության գիտակցական արթնությամբ, ենթագիտակցությամբ անգամ զգալով վտանգի ահռելիությունըեւ այս հասունությունը արժեցավ ամենաթանկը,  ի գին սեփական կյանքերի

2018-ի ապրիլին երեւանյան փողոցներում հեղափոխության ջրերը նետվեցին  նույն երիտասարդները, այսինքն նույն մտածողությամբ երիտասարդ մարդիկ, ովքեր զարմանալի կամք ու համառություն ցույց տվեցին, ովքեր հասկացան,  որ տանուլ տալու պարագայում իրենց վաղվա օրը, իրենց ապագան վտանգված է գուցե եւ անվերադարձ: Նրանց պայքարը նոր էր, պայքարի ձեւերը՝ ճկուն ու շարժունակ,  անհասկանալի հներին: Նրանք ուզեցին փոխել կյանքը, հավատացին եւ արեցին դա, չընկրկելով ամենավտանգավոր պահերին անգամ: Հեղափոխությունը այնքան կայծակնային էր, որ երազի պես թվաց. ամեն ինչ անակնկալ էր, ժողովրդի ինքնաբուխ  մղումները. նրա ստեղծագործ էներգիան բացվեց անսպասելի, այն ուղղակիորեն հորդում էր: Տարիների նվաստացումների, անարդարությունների ու կեղեքումների հատուցման պահը եկել էր: Երիտասարդությունը այս բեռը վերցրեց  իր ուսերին,  տարավ այն մի տեսակ թեթեւությամբ, թավշե ծիծաղով, երգ ու պարով, մի  խոսքով ստեղծագործաբար:

Սեր եւ հանդուրժողականություն.-  Կարգախոսները կարեւոր են, սակայն դրանք ըստ էության կարող են լինել, երբ բխում են երեւույթի ներքին անհրաժեշտությունից: Սիրո եւ հանդուրժողականության կարիքը հասարակությունը վաղուց էր զգում, եթե չէր խոստովանում, միեւնույն է՝ ենթագիտակցորեն նա ուներ դրա պահանջը. միմյանցից օտարացած, միմյանց նկատմամբ անվստահությամբ ու կասկածով լցված մարդիկ, ժպտալը մոռացած հասարակությունը հոգեպես բեռնաթափվելու անհրաժեշտություն ուներ: Երեւանի գարնանային փողոցներն ու հրապարակները վերադարձրին նրան այդ ժպիտը, մերձեցրին միմյանց, վերադարձրեցին մոռացված արժեքներին.- սեր, հանդուրժողականություն, կարեկցանք, որի բացակայությամբ է մարդը չարանում, կորցնում հույսըԹավշյա հեղափոխությունը եկավ ճիշտ կարգախոսով, բերեց խառնվածքով, մտածողությամբ, հոգեբանությամբ, իր ապրած կյանքով սպասված առաջնորդին, զգացնել տվեց նորի, փոփոխության շունչը, մարդկանց մեջ արթնացրեց հավատ:

Հեղափոխության կարճատեւ ընթացքը իր մեջ ահռելի ծավալներ է ընդգրկում՝ ազգային, քաղաքական, սոցիալական, բարոյական, հոգեբանական շերտեր, ընդվզման հզոր ալիք, ամենաանսպասելի ու հետաքրքրական դրսեւորումներ.- համաժողովրդական հուզումների մի հսկայական կտավ, որի վրա յուրաքանչյուրը թողեց իր հետքը: Այս հեղափոխությունը ասես արվեստ, արվեստի  մի տեսակ լիներԱհա եւ հիշողությունների այս հետքերին է փորձում մեզ վերադարձնել՝ ՀԳՊԱի արվեստաբանության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Ղազարյանը՝ կազմակերպելով եւ համակարգելով  «Թավշյա հեղափոխություն. պատկերի եւ իրականության միջեւ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որ մեզ է վերադարձնում հեղափոխության դեռ թարմ շունչը,  ապրիլյան իրադարձությունների հայտնի ու անհայտ էջերը, տպավորիչ դրվագներ, դեմքեր: Սա եւ՛  հուզիչ է, եւ՛ կարոտ արթնացնող: Ծանոթ պատկերներ, հարազատ դարձած մարդիկ, իրադարձություններ, լուսանկարների տեսքով արդեն պատմություն դարձող, պայքարի միջով անցած իրեր, բախումների հետեւանքով վնասված, պատառոտված հագուստ, կոշիկներ, բարձրախոս, պաստառներ եւ այլ, որ «կրողն» են այդ օրերի հիշողության, որ թանգարանային արժեքներ  գուցեեւ դառնան: Ցուցահանդեսի նպատակը համացանցում ավելի լայն տարածում ստացած լուսանկարների հեղինակներին՝ որպես հեղափոխության տրամադրությունների տարածմանը նպաստած շարժման ակտիվ մասնակիցների, բացահայտելն է:

Կարեւոր է նաեւ  մթնոլորտի ստեղծումը, տրամադրության փոխանցումը՝ նախասրահում, էկրանին ցուցադրվող հեղափոխության կադրերի միջոցով արվող.-կրկին մեր աչքերի առաջ փողոցը շաբաթներ տուն դարձրած հազարավոր մարդկանց բաց ձեռքերն ու հույսի աղաղակներն են եւ ձայնը հաստատակամ, այն ձայնը առաջնորդի, որին վստահեցին հազարավոր մարդիկ, եւ որ մի վերին կամքով իր մեջ ամփոփեց հարյուր հազարների ընդվզումները, հույսերն ու բաղձանքները: Այնպես էինք գամված  էկրանին, այնպես էինք նայում, կարծես այդ մենք չէինք այնտեղ, նրանց մեջ, կարծես ֆիլմ էր՝ հերոսական ժամանակների մասին պատմող:

Այսպիսի անմիջական ու վարակիչ տրամադրություն ստեղծելու համար ցուցահանդեսի համակարգողը պետք է որ մասնակիցը լիներ այդ իրողությունների, ապրած լիներ այդ ամենը: Ցուցահանդեսի մասին մեկերկու հարց տալուց հետո, դիմում եմ Մերիին՝ «Իհարկե դու ինքդ գալիս ես հեղափոխության փողոցներից»: Պատասխանը՝  տաք ժպիտն է

«Սա ակադմիայի, մեր ուսանողների վերաբերմունքն է հեղափոխությանը: Շատ էր ասվում, թե երիտասարդները անտարբեր են, սակայն ականատեսը եղանք հակառակ երեւույթին, այս հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդներն էին, մասնավորապես ուսանողները: Եւ ակադեմիան իր լուման ունեցավ այստեղ: Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ հաստատում է, որ ուսանողությունը անտարբեր չէ իր երկրի ապագայի հանդեպ, նա տեսավ իրականությունը, բողոքի  իր ձայնը բարձրացրեց: Կարեւոր է, որ ցուցադրված աշխատանքները բոլորը պրոֆեսիոնալ են, արված են սիրով», – ուսանողների ոգեւորությունը հավասարապես կիսում է Էդվարդ Վարդանյանը:

Լոսանջելեսցի Անդրանիկ եւ Ազատուհի Փիլիպոսյան ամուսիններին Հայաստան վերջին այցելելությունից 42 տարի  անց կրկին բերեց միայն թավշյա հեղափոխությունը, այդ շունչը  տեղում զգալու, փոփոխությունները տեսնելու ցանկությունը: Ակնհայտ ոգեւորություն եւ լավատեսական տրամադրություն, ահա այն, ինչ նրանք փոխանցեցին մեզ. «Աշխարհի միակ հեղափոխությունն է խաղաղ, առանց պատերազմի, առանց զենքի,  ոչ մի երկրում այսպիսի հեղափոխություն չի եղել: Ինձ համար, եթե ինձ հարցնեք Փաշինյանը որտեղի՞ց եկավ, ես կասեմ՝ երկնքից իջավ, հայության համար իջավ… »:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.