Երեխաները՝ մեր կյանքի ժպիտը

Հունիսմեկյան հրճվանքը տարվա որեւէ օրվա հետ համեմատելի չէ: Քաղաքը մանկանում է՝ անհոգ մի բան կա մթնոլորտում, երեխաների ժպիտը այդ օրը մեզ ավելի է անկեղծացնում, մեզանից շատերը գուցե մանկության վերհուշ են ունենում, հանգամանքների բերումով եթե անգամ ինչ- որ տեղ ստվերված, այնուամենայնիվ օրվա ընդհանուր տրամադրությունը, մանկական աչքերի ուրախությունը ի չիք է դարձնում ամեն ստվեր, որովհետեւ իսկապես վարակիչ ու փոխանցելի է երեխայի աչքերի մաքրությունը: Անկախ օրվանից այն միշտ այդպես է, երեխաները մեր կյանքի ժպիտն են: Օրը հենց այդպիսին էր Գեղարվեստի պետակադեմիայի դահլիճում. գույնզգույն փուչիկերը սրահով մեկ սփռված, պատերին նույնքան գունագեղ նկարներ՝ ակադեմիայի աշխատակիցների երեխաների, թոռնիկների աշխատանքներ, սեղանին քաղցրավենիք ու միրգ, եւ իհարկե սրահն ամբողջությամբ պարուրած ծիծաղ ու աղմուկ, որի միջով անցնելով փորձում ես հավաքել նաեւ նկարչական գույներին հանձնված մանկական տրամադրություններ: Բոլոր նկարներն են լավ ու գեղեցիկ՝ երեխաներին բնորոշ վառ երեւակայությամբ: Բացի նկարներից, 10 ամյա Սոնա Ավագյանի խեցեգործական աշխատանքները, 8 ամյա Լենա Մանուկյանի պլաստիլինից պատրաստած փոքրիկ գունեղ տիկնիկները հաճելիորեն առանձնանում են: Արմինե Գալենցի գեղանկարչական աշխատանքը իհարկե տարբեր է. պրոֆեսիոնալ մոտեցում եւ ձեռագիր ունի: Մի քանիսում գույնը որպես ֆոն զարմանալի արտահայտիչ ու խոսուն է: Միայն երեխաները կարող են ստեղծել այդպիսի զվարթ մթնոլորտ՝ եւ՛ սրահում, եւ՛ նկարների մեջ. գույների ինչպիսի՜ խաղ, երազ, հեքիաթային շարժ:

Գեղարվեստի ակադեմիան վաղուց ավանդույթ է ձեւավորել Հունիսի 1-ի երեխաների միջազգային օրվա այս տոնը կրկնակի գեղեցիկ դարձնել ցուցահանդեսային նման միջոցառումով: Արհեստակցական կազմակերպության նախագահ Նորա Կարապետյանի նախաձեռնությամբ, «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանի եւ աշխատակցուհի Լիանա Միքայելովնայի աջակցությամբ ամեն տարի այս օրը դառնում է իսկական տոն- ուրախության՝ երեխաներին մատուցել նոր անակնկալ, նրանց փոխանցել սեր ու ջերմություն, ինչ – որ տեղ անհոգ պահեր պարգեւելով նաեւ մեծահասակներին. չէ՞ որ յուրաքանչյուրիս հոգու մի անկյունում երեխա կա թաքնված:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.