Հանդիպում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայում առաջին հանդիպումը Գիտության եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ ընդհանուր ծանոթություն էր՝ ուսումնական ներկա ընթացքի, ըստ որում այդ սեղմ ժամանակի համար բավական արդյունավետ: Նախարարը այցելեց ակադեմիայի ուսանողության համար կարեւոր նշանակությամբ «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահ, որն ապահովում է ստեղծագործական վիճակ ուսումնական ողջ տարվա ընթացքում՝ պարբերաբար կազմակերպելով ուսանողների, նաեւ դասախոսների աշխատանքների անհատական եւ կոլեկտիվ ցուցահանդեսներ եւ քննարկումներ: Այդ պահին ցուցասրահում ներկայացված էին գեղանկարի, գրաֆիկայի եւ քանդակի բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքներ:

Ռեկտոր Արամ Իսաբեկյանը տեղեկացրեց գեղանկարի երեք անհատական արվեստանոցների (ղեկավարներ՝ Փարավոն Միրզոյան, Էդվարդ Վարդանյան, Արամ Իսաբեկյան), վերոհիշյալ բաժիններում սահմանված՝ Էդուարդ Իսաբեկյանի, Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի անվան մրցանակների մասին, տրվեցին ներկայացված դիպլոմային աշխատանքների ընդհանուր նկարագիր – գնահատականներ՝ տրամադրությունների, ոճերի եւ մոտեցումների բազմազանության մասին, որոնցում շոշափված են քաղաքային կյանքի տարբեր խնդիրներ (տրանսպորտային եւ այլ), անդրադարձ արժեքային համակարգի փոփոխություններին, ժամանակակից աշխարհին նետված տագնապներին՝ անտարբերության, անհուսության զգացումներ, որին նախարարը հումորով արձագանքեց, ասելով, որ դրանք մինչհեղափոխական տրամադրություններ են անկասկած: Այս առումով երեւանյան լուսավոր, վառ գունաերանգներով առանձնացող կտավը հենց դրա արձագանքն էր: Սրահում ներկայացված մրցանակակիր գիպսե քանդակը՝ նույնպես ուշագրավ իր լուծումներով, հետագայում բրոնզապատվելու է. այդպես ամեն տարի ուսանողների 3-4 լավագույն աշխատանքներ, լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելով, ձուլվում եւ պահպանվում են ակադեմիայում: Ներկայացվեցին նկարչական նոր թեմաներ ու ծրագրեր, եղավ ակնարկ Գյումրիի եւ Դիլիջանի մասնաճյուղերի մասին. վերջինս՝ մասնագիտացված գորգագործության, գոբելենի ասպարեզում, բավական հաջողություններ է արձանագրել:

Կից սալոնը, որը տարիներ առաջ տրամադրվել է նկարչական պարագաների վաճառքի համար, այժմ դադարեցված է, ներկայում այստեղ դիպլոմային աշխատանքներ են ներկայացված: Ուսանողներից մեկը նախարարին դիմեց մի քանի հարցով՝ կապված սալոնի հետագա գործունեության, երիտասարդ բնորդների սակավաքանակության հետ, պայմանավորված նվազագույն, ոչ բավարար աշխատավարձով, ինչին Արամ Իսաբեկյանը հավելեց, որ ակադեմիան հնարավորության սահմաններում տրամադրում է աշխատավարձ (մեկ դասաժամի համար 1040 դրամ), որը բավական ցածր է: Նա ասաց, որ դեռ խորհրդային տարիներից այս խնդիրը չլուծված է եղել, որ ցածր վարձատրությունից բացի, նաեւ մենթալիտետային պատճառներ կան, եւ որ այն ժամանակ բնորդների մեծ մասը Ռուսաստանից էին: Հաջորդ առաջարկը Ազգային պատկերասրահ եւ այլ ցուցասրահներ մասնագիտական բուհի ուսանողների անվճար մուտքի արտոնությանն էր վերաբերում: Ի դեպ, ռեկտորը նկատեց, որ դա այդպես է եվրոպական շատ երկրներում, նաեւ՝ հարեւան Վրաստանում:

Գեղակադեմիայի դահլիճը, չնայած վաղեմի ցանկության եւ անհրաժեշտության առաջնայնությանը, բուհի ղեկավարությանը ընդամենը մեկ տարի առաջ, այն էլ դժվարությամբ հաջողվեց կառուցել, որն իսկապես կարեւոր ձեռքբերում է: Այս կարճ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եւ միջոցառումներ, ներկայանալի ցուցահանդեսներ են տեղի ունեցել (հանդիպումներ օտարերկրյա դեսպանների հետ, Իտալերեն լեզվի օրերի, Հայ- ճապոնական մշակութային օրերի, Ֆրանկոֆոնիայի շրջանակներում եւ այլ): Նախարար Արայիկ Հարությունյանը ներկա գտնվեց իր այցի ժամանակ այստեղ ընթացող դիզայնի բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը:

Դահլիճը եւ՛ այս առումով, եւ՛ նաեւ ֆինանսապես է շահեկան, քանի որ մինչ այդ դիպլոմային պաշտպանություններ անցկացնելու համար բուհը ստիպված էր վարձակալել տարբեր սրահներ, հիմնականում՝ Նկարիչների միության, ամեն տարի սեփական բյուջեից հավելյալ գումարներ, հավելյալ ծախսեր կատարելով նաեւ այս նպատակով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.