Հարցեր մեզանից յուրաքանչյուրին

Սարգիս Բաբայանի աշխատանքների ցուցադրությունը՝ «Մեզանից (ոչ) մեկը» խորագրի ներքո ստեղծել է մի մթնոլորտ, որ հետաքրքրական է ոչ միայն, որովհետեւ տարբերվում է ՝ Գեղակադեմիայի  «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» սրահում կազմակերպված նախորդներից, նաեւ որովհետեւ վերաբերմունքի եւ ընկալման խիստ անհատական մոտեցում է պահանջում: Յուրաքանչյուր այցելու իր երեւակայությամբ է փորձելու պատկերացնել, հասկանալ, թե ինչ է կատարվում ցուցասրահի այս տարածքում, որի մուտքի փակ դռան վրա (որտեղով սովորաբար մտնում են ներս) կարդում ենք ինստալացիայի  մեկնաբանությունը, ըստ արվեստաբան Արթուր Աթայանի, ինչը փորձում է ուղղորդել դիտողի միտքը մինչ սրահ մուտք գործելը: Նա այս անգամ մուտք գործում է մեկ այլ դռնից. սա եւս ինստալացիայի գաղափարական տարրերերից է, գուցե՞ մտածողության կամ գործողության այլընտրանք եւ կամ  նորի առաջարկ: Սա ինքնին առաջին ինտրիգն է, կամ անակնկալը, որին հետեւում է կիսամութ սրահը, հատակին հավասար հեռավորությամբ միանման, պլաստիկ, սեւ  կիսանդրիներ՝ կանանց եւ տղամարդկանց, որոնք լուսավորված են այնպես, որ դիմացի պատի ստվերներն այս ինքնաբավ հավաքականության  մեկ այլ դրսեւորում է ենթադրում: Դիտողի մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր, ովքե՞ր են նրանք, ինչի մասին են խոսում ստվերները, սա հասարակությու՞ն է, հանրություն, եթե այո,  ինչու՞ են այսքան միօրինակ, ինչու՞ են այսքան փակ ու անթափանց: Եվ ինչու՞ է ստեղծված լռությունը այսչափ թանձր: Կարելի է այն տեղավորել ներկա ժամանակներում ձեւավորված  սոցիումի կանոնների մեջ, կարելի է պարտադրանքի կաղապարի մեջ դիտարկել, արձանագրել որպես սերիական արտադրանք, անհատականության կորստի իրողություն, իսկ գուցե հավաքական ինքնապաշտպանական բնա՞զդ: Հեղինակը՝ գեղակադեմիայի քանդակի բաժնի դասախոս Սարգիս Բաբայանը, հարցեր է առաջադրում. ինստալացիան անկասկած հաջողված է գաղափարական   հենքով, երբեք ոչ՝ ինքնանպատակ, ասելիքը իմաստային առումով որոշակի: Էդվարդ Վարդանյանը նկատում է իրավացիորեն. «Ամենալավ օրինակը ստեղծագործողի համար եւ առավելությունը՝ դիտողին յուրովի ընկալել տալու հնարավորությունն է: Ինձ հետաքրքիր չէ՝ ինքը ինչ կերպ է մտածում եւ ներկայացնում, ես ուրիշ աշխարհում եմ հայտնվել եւ ուզում եմ հասկանալ իմ զգացողությունները, իմ մտքերը եւ այլ կերպ եմ ընկալում միջավայրը, ծավալները»:

Արթուր Աթայանն  ասում է, որ այս աշխատանքները էապես տարբեր են հեղինակի նախորդ գործերից, նախկինում եղած ստեղծագործական մոտեցումներից:  Հետաքրքիրը նաեւ այն է,  թե ինչ ապրումներ, զգացողություններ են հեղինակին հանգեցրել այս նոր մոտեցումներին եւ նման կտրուկ փոփոխություններ առաջացրել: Նրա կարծիքով արվեստի գործի կարեւոր հատկանիշներից մեկը աֆեկտի ազդեցությունն է, եթե այն ստիպում է մտածել տալ հանրությանը, հարցեր է առաջադրում՝ փիլիսոփայական, աշխարհայացքային, ուրեմն հաջողված է: Նա կարծում է, որ բարիկադավորված այս տարածքը,- եւ մենք զգում ենք դա ինքնամփոփ այս միավորի նյութեղեն անհաղորդությունից եւ տարօրինակ անդորրից,- դիմադրում է իր նախնական վիճակը խաթարելու յուրաքանչյուր օտար փորձ:  Այս առումով ինստալացիան, որ թվում է ստատիկ, ձեռք է բերում ներքին շարժ, շարժման պոտենցիալ հնարավորություն:  Նա առաջարկում է ներկաներին մուտք գործել այնտեղ եւ անհատապես ստուգել այդ զգացողությունը: Մի քանիսը դա անում են՝ կոտրելու «միջնաբերդի» դիմադրությունը: Դժվար է ասել՝ ինչ է այն, սակայն հստակ է մթնոլորտի ուղղակի ազդեցությունը, որը թեեւ չի ճնշում, սակայն նաեւ ազատ չէ, մի սահման կա քո եւ այն մյուս իրականության միջեւ, որ ստեղծել է հեղինակը եւ կամ ստեղծել է ինքը՝ հանրությունը: Ինչպես նկատվում է՝ ֆիզիկապես տեղաշարժման հնարավորությունը ֆիգուրների միջով թեեւ ստացվում է, միեւնույն է, որոշակի «շփոթություն» է առաջանում, ասես անտեսանելի մի պատնեշով,  շղթայով շրջափակված, առանձնացված են նրանք:

Արթուր Աթայանի զգացողությամբ՝ «Դիտողը (ներս թափանցողը- Մ.Բ.) անգամ «անհարմար» է զգում՝ խախտելով գործի ներքին կոմունիկացիան՝ միաժամանակ հայտնվելով դրա մեջտեղում, կարգավիճակով հավասարվելով յուրաքանչյուր ֆիգուրի»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.