Նախաձեռնություն՝ Վարշավայի գեղակադեմիայի հետ համագործակցության

Հայ – Լեհական հիմնադրամի առաջարկների շուրջ

 

Լեհաստանում գործող Հայ-լեհական հիմնադրամը Հայաստանը, հայ մշակույթը ներկայացնելու նպատակով կազմակերպել էր «Հայաստան, ինքնություն, սեր» խորագրով եռափուլ մրցույթ ցուցահանդես՝  երկրի գեղարվեստի ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ: Վերջին փուլում լավագույն են ճանաչվել 7 ուսանող,  ի դեպ, չլինելով Հայաստանում, նրանք բավական տպավորիչ արտահայտել են մեր երկիրն իրենց նկարներում: Հաղթողների  մեջ՝ նաեւ հայ նկարչուհի Լուսինե Սիմոնյանը, որի աշխատանքը ներկայացվել է Հայաստանի անկախությանը նվիրված տոնակատարության ժամանակ՝ արժանանալով դրամական պարգեւի: Հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ( նախագահ՝ Արսեն Հովսեփյան) կազմակերպվել է հաղթողների պլեներային շրջագայություն Հայաստան, ինչն այս օրերին արդեն անցկացվում է: Ծրագրին իր աջակցությունն է բերել Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:

Ծրագրի երկրորդ՝  «Լեհաստան, ինքնություն, սեր»  մասը, նախաձեռնողները առաջարկում են միեւնույն սկզբունքով անցկացնել Հայաստանում, աշնանը, հայ ուսանողների մասնակցությամբ, եւ նոյեմբերի 11-ին Լեհաստանի անկախության 100-ամյակի օրը կազմակերպել հաղթողների աշխատանքների  ցուցահանդես: Իսկ հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպել հաղթող ճանաչված հայ ուսանողների համանման պլեներային այցելություն Լեհաստան: Նախնական պայմանավորվածությամբ,  ֆինանսական աջակցությունը ստանձնելու է հիմնադրամը: Այս մասին Գեղարվեստի պետակադեմիայում կայացած հանդիպմանը՝ մասնակցությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպան պրն Եժի Նովակովսկու, Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի ֆակուլտետի դեկան Թոմաշ Միլանովսկու, Հայ – լեհական հիմնադրամի մենեջեր Մարինա Խանամիրյանի, լեհական մրցույթի հաղթող ուսանողների եւ Հայաստանի գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի, պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի, դեկաններ Էդվարդ Վարդանյանի եւ Ավետիք Ավետիսյանի եւ միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Մերի Պատվականյանի, ներկայացրեց Մարինա Խանամիրյանը:

Ողջյունելով հյուրերին՝ Արամ Իսաբեկյանը սիրով ընդունեց Երեւանում մրցութային ցուցահանդես  անցկացնելու եւ Հայաստանի ու Վարշավայի գեղարվեստի ակադեմիաների  համագործակցության առաջարկները: Նա ընդհանուր ներկայացրեց մեր գեղակադեմիայի անցած ճանապարհը հիմնադրման օրվանից (1945),  հիմնական գծերով նշեց հետանկախության շրջանի զարգացումները՝ երկու նոր մասնաճյուղերի բացում (Գյումրի, Դիլիջան), ժամանակակից մասնագիտությունների, բաժինների ներդրում, ուսումնական ծրագրերի ընդլայնում, մասնակցություն Բոլոնիայի գործընթացին,  ներգրավվածություն ինտեգրման եվրոպական բազմաթիվ ծրագրերի, համագործակցություն տարբեր երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Չեխիա, Ռուսաստան եւ այլ) գեղարվեստի 22 ակադեմիաների հետ:

Թոմաշ Միլանովսկին պատմեց իրենց ուսումնական հաստատության մասին: Ունենալով պատմական անցյալ, երկրում լինելով ամենահինը, ակադեմիան սակայն հիմնական գործունեությունը սկսել է պատերազմից հետո՝ 1945-ից: Գտնվում է Լեհաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում, տեղակայված միմյանց հարեւան երկու շենքերում. ռեկտորատը առանձին է, տեղակայված 17-րդ դարի պալատական շենքում:  Մասնակցում է Բոլոնիայի գործընթացին, ունի 9 բաժին, ուսանողների թվով ամենամեծը գեղանկարչության բաժինն է, որտեղ մեկամյա ուսումն ավարտվում է մագիստրոսի կոչումով եւ նկարչի դիպլոմով:

Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին՝ շնորհակալությամբ ջերմ ընդունելության համար, գնահատեց  երկու ակադեմիաների միջեւ համագործակցություն սկսելու նախաձեռնությունը՝ դրա շարունակականության ակնկալիքով, խոստանալով դեսպանության աջակցություն հետագա ծրագրերին:

Ապա հյուրերը դահլիճում հանդիպում ունեցան ուսանողների հետ: Արամ Իսաբեկյանը եւ դեսպանը ներկայացրեցին ապագա համագործակցության ծրագրերը եւ դրանց առավելությունները ուսանողության համար: Վարշավայի գեղակադեմիայի դեկանը լուսապատկերների միջոցով ներկաներին ծանոթացրեց ակադեմիայի ընդհանուր կառուցվածքին՝ անդրադառնալով գեղանկարչության ֆակուլտետի ուսումնական գործընթացներին, ուսանողական աշխատանքներին, մասնավորապես ժամանակակից արվեստի դրսեւորումներին, ստեղծագործական նոր մեթոդներին:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.