Իմպրեսիոնիզմ եւ Պոլ Սեզան

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում

 

2012 թվականից Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ – երկիր: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, այս տարվա հոկտեմբերին պարտավորեցնող է: Հայաստանը ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական մշակույթի հանդեպ միշտ ունեցել եւ այսօր էլ ունի մեծ հետաքրքրություն եւ վերաբերմունք, ինչը տարբեր մակարդակներում, ամենատարբեր միջոցառումների ձեւով կարտահայտվի հատկապես այս ընթացքում: Գեղարվեստի պետակադեմիան՝ միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Մերի Պատվականյանի նախաձեռնությամբ, արդեն երկու միջոցառում ունեցել է. «Թումո» կենտրոնում վարպետության դաս՝ «Խոհարարական արվեստը կոմիքսների մեջ» եւ անցած հինգշաբթի, հանդիպում գեղակադեմիայի դահլիճում՝ «Իմպրեսիոնիզմը եւ Պոլ Սոզանը թեմայով՝ արվեստագիտության եւ հումանիտար ամբիոնի դասախոս Եվգենյա Քալանթարյանի բանախոսությամբ: Ֆրանսիայի դեսպանատան կողմից տրամադրած «Սեզանի հաղթանակը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ (ֆրանսերենով, անգլերեն սուբտիտրերով) եզրափակվեց հանդիպումը:

Բանախոսը անդրադարձավ գեղանկարչության մեջ առանձնահատուկ, հեղաշրջիչ դեր ունեցած արվեստի այս ուղղությանը, իմպրեսիոնիզմին՝ առաջացած 19-րդ դարի վերջերին Ֆրանսիայում՝ որպես անդադար փոփոխվող իրականության՝ արվեստագետի ունեցած տպավորությունների, ապրումների անմիջական արտացոլանք- արձագանք եւ որպես տերմին ձեւավորված 1884 թ. Կլոդ Մոնեի «Տպավորություն. Ծագող արեւ» նկարի ցուցադրությունից հետո: Ներկայացվեց ֆրանսիական իմպրեսիոնիզմի ականավոր ներկայացուցիչների՝ Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսսարոյի, Օգյուստ Ռենուարի, Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի եւ պոստիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետների՝ Անրի դը Թուլուզ – Լոտրեկի, Վան Գոգի, Պոլ Գոգենի ստեղծագործությունների հիմնական գծերն ու առանձնահատկությունները, բերած նորությունները: Հանգամանալի ներկայացվեց Պոլ Սեզանի արվեստը՝ կենսագրական զուգահեռներով, անդրադարձ եղավ նկարչի ստեղծագործական բոլոր փուլերին, վաղ շրջանի՝ խիտ, ծանր գունաերանգներով բնորոշ գործերում եղած ազդեցություններին, մասնավորապես՝ Գուստավ Կուրբեի, նրա գեղանկարչական մտածողության փոփոխություններին, ձեռագրի բնորոշ գծերին ու զարգացումներին եւ հիմնական սկզբունքներին. որպես հիմք երկրաչափական պարզ ֆորմաների կիրառում՝ կտավին ծավալային միջավայր հաղորդելու, կոնաձեւ հեռանկարչության մեթոդի կիրառում, այն տպավորությամբ՝ ասես գործողությունը կատարվում է դիտողի շուրջը:

Սեզանի արվեստը կրում է իր նեքին աշխարհի, ապրումների, տպավորությունների հետքերը: Նկարչի ինքնամփոփ, համեստ, էմոցիոնալ խառնվածքի արտահայտությունները, մտերիմ կապը հատկապես ծննդավայրի՝ Էքս ան Պրովանսի բնության հետ, որտեղ նկարիչը ապրեց կյանքի վերջին շրջանում, ակնհայտ դրսեւորված են, առաջին դեպքում՝ դիմանկարային արվեստի, նկարչի մտերիմ մարդկանց պորտրետների մեջ եւ պեյզաժներում, հատկապես Պրովանսի Սենտ Վիկտուար սարը նկատելորեն առանձնացված, որին նվիրված է ավելի քան 80 նկար: Այդ շարքը դիտվում է որպես «կայունության եւ փոփոխականության սինթեզ»: Բնանկարի ժանրում նշակալի է եղել նրա ծանոթությունը Կամիլ Պիսսարոյի հետ:

Ինչպես նկատվեց, Պոլ Սեզանը գույնի նկարիչ է, նատյուրմորտներում, որի իսկական վարպետ է նա, կոմպոզիցիաներում, բնանկարներում գույնը կերտող է, քանդակային, ծավալային: Գունային փոփոխությունների եւ լուսաստվերային տպավորությունից այն կողմ Սեզանին գրավել են գույնի օրինաչափությունները, դրանց հարաբերումների բնականության, շոշափելության բացահայտումը եւ արտահայտումը կտավին, անցումը անցողիկից՝ պահի տպավորությունից դեպի անփոփոխը, հավերժականը: Նոր ձեւածավալների, գունային հնարավորությունների Սեզանի ստեղծած մեծ արվեստը իր նկարչությունը դարձրեց իրադարձային, բեկումնային 20-րդ դարի շեմին՝ հիմք դնելով նաեւ մի շարք ուղղությունների:

Ելույթի ավարտին հնչած հարցերի միջոցով հետաքրքրական զուգահեռներ անցկացվեցին Սեզանի եւ իր ժամանակակիցների արվեստի առնչություների, նկարչի տարբեր ժանրերի գործերում առկա գունարտահայտության տրամադրությունների միջեւ:

«Սեզանի հաղթանակը» ֆիլմը ներկայացնում էր նկարչի կյանքը եւ արվեստը՝ մասնագիտական վերլուծություններով եւ մեկնաբանություններով, կարծում եմ, շատ օգտակար արվեստաբան – ուսանողների համար՝ ոչ միայն տեղեկությունների, մասնավորապես նկարների հետ կապված հետազոտական աշխատանքների, մեթոդների առումով:

Մինչ ֆիլմի ցուցադրությունը Մերի Պատվականյանը հետաքրքրական մի դրվագ հիշեց Էքս ան Պրովանսի Սեզանի թանգարան իր այցելությունից, երբ տարիներ առաջ առաջին անգամ այնտեղ լինելով, ինպես է հուզվել տեսնելով հայկական կարպետ: Երբ հարցրել է տնօրենին, նա ասել է, թե դա Անատոլիայից բերված թուրքական կարպետ է, ինչին ինքը հակադարձել է, որ նախշերը հայկական են: Հաջորդ այցին տարել է հայկական գորգագործությունը ներկայացնող գիրք՝ ցույց տալու հակական նախշազարդային արվեստը, միաժամանակ պատմել է, թե ինչպես հայ առեւտրականները ճամփորդում էին արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ, եւ Անատոլիայից կարպետը հենց նրանց միջոցով է հասել Ֆրանսիա: Վնասվածության, քայքայվածության պատճառով կարպետը թանգարանում չի եղել: Հաջորդ այցին այն վերանորոգված էր եւ ցուցադրված:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply