«Մարդու ազատությունը գալիս է իր գիտելիքներից»

Ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 100-ամյակին

 

Հետաքրքրական աշխատանքների ցուցադրության ականատես կարող են լինել Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահ ալցելողները՝ այս օրերին:

Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին: Ներկայացված են դիզայնի եւ կիրառական արվեստի բաժնի՝ հիմանականում 3-րդ եւ 4- րդ կուրսի ուսանողների նախորդ կիսամյակի ընտրված ավարտական աշխատանքներ: Մի քանիսի հեղինակները երկրորդ կուրսեցիներ են: Ցուցադրությանը նախորդել է նախընթաց  տարիների աշխատանք՝ ամբիոնի նախկին վարիչ, հրաշալի նկարիչ եւ մանկավարժ Սարո Գալենցի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ: Ցուցադրված աշխատանքների մի մասի հեղինակները նրա սաներն են, որոնց հետ աշխատանքները նկարչի՝ կյանքից վաղաժամ հեռանալուց հետո շարունակեց դեկորատիվ – կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը:

Շնորհավորելով մասնակիցներին եւ ներկաներին՝ Գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը խորագույն հարգանքով եւ սիրով հիշատակեց Սարո Գալենցի ստեղծագործական եւ աշխատանքային ազնիվ նվիրումը արվեստին եւ  մանկավարժությանը, որտեղ նա նույնքան նորարար ու ստեղծագործող էր իր վերաբերմունքով: 1996 թվականից մինչեւ կյանքի ավարտը,  21 տարի Սարո Գալենցը  ղեկավարել է գծանկարի եւ գունանկարի ամբիոնը. ինքնատիպ աշխարհընկալմամբ, հայացքներով եւ մոտեցումներով իրապես տարբերվող անհատականություն, որ արվեստն ու կյանքը ստեղծագործաբար ապրելու, ազատ երեւակայության ջատագովն ու կրողն էր եւ իր ուսանողներին եւս փոխանցում էր նույնը՝ աշխարհը, իրերը, մարդուն, միջավայրը վերապրելու, վերարտահայտելու արվեստի ճշմարտությունը՝  ներքին ազնվությունն ու ազատությունը, անհատականության, սեփական ձեռագրի որոնումներ նոր ձեւերի, միջոցների մեջ ու լույսի արտացումներում…:

Արամ Իսաբեկյանը ներկայացրեց նորանշանակ ամբիոնի վարիչին՝ Վահե Գասպարյանին: Ցուցահանդեսի եւ դրան նախորդած աշխատանքների մասին դրվատանքով խոսեց Ավետիք Ավետիսյանը: Ծրագրի հիմանական նպատակը, ինչպես Վահե Գասպարյանն ասաց, ակադեմիական նկարչությունից անցում կատարելն էր ստեղծագործական դեկորատիվ մտածելակերպի, որ հաճախ դժվարությամբ են հաղթահարում ուսանողները, չկողմնորոշվելով՝ ինչպես կազմակերպել ստեղծագործական աշխատանքային գործունեությունը: Այս առումով կարեւոր էր Արամ Իսաբեկյանի դիտարկումը, ինչը ըստ հարկի միշտ է արվում, տեղում հստակեցումների եւ ճշգրտումների արդյունավետ մոտեցումով: «Մեր ակադեմիայի եւ առհասարակ ուսումնական հաստատությունների հիմքը մասնագիտական գրագիտություն սովորեցնելն է: Մենք դրանից երբեք չենք շեղվել եւ շարունակում ենք,  միշտ կողմնակից ենք ստեղծագործական ժամանակակից մտածելակերպ զարգացնելուն եւ բոլոր բաժիններում այդպես ենք աշխատում: Ակադեմիական ոճը պրոֆեսիոնալ գրագիտության հիմքն է, իհարկե ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր ուսանողի հանդեպ անհրաժեշտ է, ինչը եւ արվում է՝ ապահովելու ստեղծագործական ազատություն: Եվ հենց դրան նպաստում է մասնագիտական գրագիտությունը, որի բացակայության հետեւանքներին բազմիցս ականատես եմ եղել, նաեւ՝ արտերկրում:

Մարդու ազատությունը գալիս է գիտելիքներից, եթե խելացի ես օգտագործում, արդյունքը սպասեցնել չի տալիս, – ասաց ռեկտորը, դիմելով ուսանողներին.-  ձեզ ցանկանում եմ գիտելիքներ եւ խելք»:

Մեր զրույցում ծրագրի նախընթաց աշխատանքները եւ նպատակները ավելի հանգամանալի ներկայացրեց ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը: Հիմնական առաջադրանքը իրականացնելու՝ ակադեմիական մոտեցումները ձեւափոխելու, տրասֆորմացնելու դեկորատիվ կոմպոզիցիոն ստեղծագործության, միջավայրը դեկորատիվ մոտեցումներով պատկերացնելու, կազմակերպելու համար անհրաժեշտ են բազմակողմանի գիտելիքներ, ընդ որում  նախեւառաջ՝ ակադեմիական, նկարչության տարբեր ուղղությունների, ոճերի,  կոմպոզիցիոն մտածողության իմացություն եւ ճանաչողություն: «Դիզայն, հագուստի մոդելավորում եւ համակարգչային գրաֆիկա մասնագիտությունների համար կոմպոզիցիոն մտածողությունը առաջնային է, ժամանակակից դիզայնին անցած նկարչության բոլոր տարրերի՝ գույնի, ֆորմաների, պլաստիկայի հավասարակշռության, դինամիկայի իմացությունը ուսանողների համար  պարտադիր է: Այս ամենի հիմքում ընկած է դասական Վերածննդից եկող կոմպոզիցիոն կառուցվածքը, որը ձեւափոխվել է ավելի հարթապատկերայինի, ավելի պարզեցվել է: Անցումը դեպի կոմպոզիցիոն մտածելակերպ, հիմնականում բաց էր մնում, այս ծրագրում մենք փորձել ենք դա լրացնել: Սարո Գալենցի հետ 4 տարիների համատեղ ծրագրի նպատակը հենց դա էր՝ անցումը ակադեմիական առաջադրանքներից ժամանակակից կոմպոզիցիոն ստեղծագործական աշխատանքի, որը շատ հետաքրքրեց ուսանողներին, երբ նրանք կարողանում էին ստացած գիտելիքները, որ ինչպես ռեկտորն ասաց, ազատության հիմքն է, դրսեւորել իրենց ստեղծագործական կոմպոզիցիաներում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.