Գրաֆիկական արվեստի նուրբ շերտերում

Տպավորիչ ցուցահանդես է ներկայացնում Մերի Եփրեմյանը Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այս օրերին: Գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է Մերին, նաեւ նկարչություն է դասավանդում: Նախնական կրթությունը՝ գեղարվեստի ուսումնարանում, եղել է գեղանկարչությունը: Ստեղծագործական ներուժը ավելի խորությամբ դրսեւորվում է գրաֆիկայի մեջ: «Ծանոթանալով գրաֆիկայի նուրբ աշխարհին, նրա  շերտերի հետաքրքիր փոփոխություններին եւ բազմազանություններին, հասկացա, թե որքան անփոխարինելի է այն», ասաց նա ցուցահանդեսի բացման շնորհակալական խոսքում: Աշխատանքներն էլ խոսում են այս մասին. նա փորձել է օգտագործել գրաֆիկական արվեստի այդ նուրբ շերտերը՝ իր զգացական վիճակները դրսեւորելու: Ակնհայտ է ուսանողուհու ներդրած ջանքերը եւ սերը նկարչության հանդեպ, նաեւ՝ երեւակայությունը, որով գրաֆիկական պատկերները դառնում են ավելի գրավիչ, հուզական շերտերը թափանցիկ ու տեսանելի՝ ցույց տալով հեղինակի վերաբերմունքները, ներքին արտիստիզմը:

Ուսանելու տարիներին ցուցահանդես ունենալու հնարավորության առավելությունների մասին խոսեց ռեկտոր Արամ Իսաբեկյանը, նկատելով, որ տարիներ առաջ ցուցասրահի բացման համար ներդրած ջանքերը ծառայում են նպատակին: «Երբ մենք ուսանող էինք, ոչ միայն չունեինք այսպիսի հնարավորություն, դեռ պետք է ավարտեինք, Նկարիչների միության անդամ լինեինք, որ մեզ թույլ տային ցուցահանդես բացել:

 Այսօր մենք ներկա ենք հասուն արվեստագետի աշխատանքների  ցուցադրության, հրաշալի նկարներ են. ամենակարեւորը՝ ինչ որ անում եք՝ արեք լավ,  այստեղ ներկայացված գործերը հենց այդպիսին  են»:

Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը դրվատանքով խոսեց ուսանողուհու ստեղծագործական որակների փոփոխությունների՝ ավելի համարձակ դրսեւորումների, իմպրովիզացիոն մոտեցումների մասին, որոնք նկատելի են Մերիի նոր աշխատանքներում, վստահ՝ դրանց հետագա զարգացումներին, քանի որ նկատելի է արվեստագետի որոնող հայացք, եւ մանավանդ՝ իրեն չի կրկնում:

Ստեղծագործական ազատությունը, ներքին փոփոխություններին ներդաշնակ ոճային նոր դրսեւորումները, ուշադրիր վերաբերմունքն ու սերը աշխատանքների հանդեպ ապահովել էին  հաղորդականութուն, կենդանի մթնոլորտ նաեւ դիտողի համար:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.