Բիշքեկյան տպավորություններ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող  ԱՊՀ եւ Բալթյան երկրների գեղարվեստի ակադեմիաների ուսանողների համար ամենամյա Վարպետության դասերն այս տարի իրականացվեցին դեկտեմբերին՝ մասնակցությամբ 11 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Լիտվա, Ուկրաինա, Մոլդովա, Տաջիկստան, Ղազախստան,  Բաշկիրիա, Ադրբեջան եւ այլ)  29 ուսանող-արվեստագետների՝ Ղրղզստանի Մշակույթի, տեղեկատվության եւ տուրիզմի նախարարության եւ Ստեղծագործական նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի կազմակերպությամբ՝ նվիրված նշանավոր գրող Չինգիզ Այթմատովի ծննդյան 90-ամյակին: Գեղարվեստի պետակադեմիայի արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը կարեւորում է միջազգային այսպիսի յուրաքանչյուր հանդիպում, որը հնարավորություն է տալիս ուսանողներին տարբեր մշակույթների հետ շփվելու, աշխարհայացքը լայնացնլու, նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու:

Բիշքեկի միջոցառմանը մեր ակադեմիան  ներկայարել են գեղանկարի բաժնի 4-րդ եւ 2-րդ կուրսի ուսանողներ Տարոն  Շահինյանը եւ Նարեկ Ծերունյանը: Մասնակիցների աշխատանքային գրաֆիկը եղել է հագեցած, առավոտյան մեկնել են քաղաքից դուրս՝ պլեների, բացօթյա աշխատանքը տեւել է մինչեւ երեկո, վերադարձից հետո, յուրաքանչյուր օր մասնակից որեւէ երկրի գեղակադեմիայի շնորհանդես- ներկայացում է կայացել: Նկարչական աշխատանքները, որի ընթացքում մեր ուսանողները 14 էտյուդ են արել, բնության մեջ, հիմնականում լեռնային շրջաններում են անցկացվել: Ղրղզստանը լեռնային երկիր է, տարածքի մեծ մասը լեռնաշղթաներ են, ամենաբարձրը՝ 7000կմ.-ից անց:  Այդ երկրի լեռնոտ բնությունը մեր ուսանողներին հիշեցրել է Հայաստանը, ասում են՝ միայն թե այնտեղ լեռները ավելի բարձր են, ավելի սրածայր: Ձմեռային եղանակը իր պայմաններն է առաջադրել, «արեւը քիչ ժամանակ էր մեզ տրամադրում, լուսավորությունը փոխվում էր եւ ստեղծում որոշ դժվարություններ», ասում էր Նարեկը:

Հիմնական առաջադրանքը եղել է կոմպոզիցիա կտավի վրա՝ Այթմատովի ստեղծագործությունների մոտիվներով: Մինչ մեկնելը նրա ստեղծագործություններին ծանոթ լինելը պարտադիր պայման պետք է որ  լիներ, սակայն գրողի հայրենիքում լինել, զգալ երկիրը.  բնությունը, ծանոթանալ ժողովրդի սովորույթներին, ավանդույթներին, մշակույթին,  փորձել ճանաչել այնտեղ ապրող մարդկանց  հոգեբանությունը, այս ամենը նման թեմատիկ աշխատանքի համար կարեւոր են, որովհետեւ ինչպես ասում են ուսանողները, ավելի հասկանալի են դառնում  գրողի տրամադրությունները, ստեղծագործության մոտիվացիան: Կայացել է Չ. Այթմատովի «Սպիտակ շոգենավը» գործի հիման վրա  նկարահանած համանուն ֆիլմի դիտում, կազմակերպվել են այցելություններ մշակութային օջախներ, թանգարաններ, գեղարվեստի ակադեմիա եւ քոլեջ, ներկա են եղել ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի, ծանոթացել ազգային երաժշտությանը, որոշ ավանդույթների, ազգային խոհանոցի առանձնահատկություններին: Եղել են խուլ ու համր երեխաների հատուկ դպրոցում, աշակերտներին նվիրել են նկարչական պարագաներ, աշխատել նրանց հետ, յուրաքանչյուրը եղեւնու մի մաս է նկարել, հետո դրանք միացրել են ու ստացվել է 3 մետրանոց հսկայական ծառ:

Այցելել են Ղրղզստանի պատմամշակութային Բուրանա հնավայր, լսել այդ վայրի հետ կապված պատմություններ ու լեգենդներ: Տպավորված են «Մանաս» ղրղզական ազգային էպոսով: Ասում են՝ այն ստեղծում է դրամատիկ լարվածություն, անգամ հնարավոր է տրանսի մեջ ընկնել, համարվում է ամենաերկար էպոսը, չունի ավարտ, ներկայացվում է ռեպի ոճով եւ  անընդհատ կարող է շարունակվել, լրացվել նաեւ մեր օրերում: Էպոսի հերոսի՝ Մանասի անունով է Բիշքեկի օդանավակայանը,   արձանները դրված են բազմաթիվ վայրերում:

Այս տպավորությունները անշուշտ ազդել են ուսանողների կոմպոզիցիոն աշխատանքների որակի վրա: Տարոն Շահինյանը Չինգիզ Այթմատովի «Ջամիլյա» վիպակի մոտիվներով ստեղծել է բավական հետաքրքիր կտավ՝ արեւելյան, վառ, տաք գունային միջավայրում ղրղզուհու շատ բնորոշ կերպար՝ կանացի ներքին ջերմությամբ, երիտասարդական հմայքով: Մասնակից ուսանողների բոլոր  աշխատանքները մնացել են հյուրընկալող երկրում, դրանք հետագայում նվիրվելու են տարբեր հաստատությունների: Ուսանողներին տրվել է Վարպետության դասերի մասնակցության սերտիֆիկատ:

Հետաքրքրական են նաեւ համեմատությունները, զուգահեռները՝ ուսումնական պրոցեսի, դասավանդվող առարկաների, արվեստի հանդեպ ունեցած մոտեցումների առումներով: Մեր ուսանողների համար նորություն է եղել տեղի ակադեմիայում լանդշաֆտի դիզայն, քոլեջում՝ կաշեգործություն առարկաների ուսուցումը, սա իհարկե պայմանավորված այդ արհեստի անհրաժեշտությամբ եւ զարգացվածությամբ այնտեղ: Հետաքրքիր են եղել նաեւ աշխատանքները արհեստական լույսի լուսավորությամբ: Տպավորվել է ակադեմիայի բակի՝  ուսանողական ավարտական աշխատանքների թանգարանային միջավայրը, որտեղ կարելի էր տեսել բազմաթիվ ուշագրավ գործեր՝ Բուդդայի արձանը, եգիպտական բուրգեր, սֆինքսի արձան եւ այլ: Անակնկալ եւ հաճելի է եղել տեսնել Մարտիրոս Սարյանի արձանը  տեղի գեղարվեստի ակադեմիայում:

Նման հանդիպումները, աշխատանքային այսպիսի համագործակցումները ուսանելի են ճանաչողական առումով, մանավանդ երբ մեկ վայրում խաչվում են այդքան բազմաքանակ, տարբեր մշակույթներ, սովորելու բան հաստատ կա: Նարեկը պատմում էր լիտվացի ուսանողուհու ստեղծագործական մոտեցման մասին, երբ գաղափարն է դառնում առաջնային, իսկ արտահայտչամիջոցը, նյութը կարող է լինել որեւէ տարբերակ.  ուսանողուհին ներկի փոխարեն, իբրեւ գույն  օգտագործել էր  սուպերմարկետների զեղչային գունավոր կտրոններ:

Հայաստանցի ուսանողները վերադարձել են հարուստ տպավորություններով, նոր հետաքրքիր ծանոթությունների եւ դրանց հետագա զարգացումների ակնկալիքով, այստեղ եւս նման հանդիպումներ, միջոցառումներ անցկացնելու  ցանկությամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.