Մոսկվան՝ հայ նկարիչների հայացքով

Մոսկվան՝ հայ նկարիչների հայացքով

«Մոսկվան հայ նկարիչների հայացքով» խորագրով՝ Հայաստանի գեղարվեստի պետակադեմիայի գեղանկարչության եւ գրաֆիկայի բաժինների 40 ուսանողների աշխատանքներ այս օրերին ցուցադրվում են «Մոսկվայի տան» մշակութագործարարական կենտրոնի գեղեցիկ ցուցասրահում, որի ընդարձակ, բաց տարածքը, նաեւ էքսպոզիցիայի հաջող կազմակերպումը հնարավորություն են տվել նկարների՝ այսպես ասած, լայն շնչառության եւ հաճելի դիտման: Հետաքրքրական է, որ չնայած ցուցահանդեսի թեմատիկ որոշակիությանը՝ ուսանող նկարիչների հայացքը կանգ չի առել միայն քաղաքային պատկերների ուղղակի նկարագրության, կամ վերարտադրության վրա, այն ավելի խորքային է եւ ունի լայն ընդգրկում: Հեղինակներից շատերը դուրս գալով այդ շրջանակից, փորձել են իրենց եւ դիտողի համար բացահայտել ռուսական մշակույթի առանձնահատկությունները՝ ընտրել ենթաթեմաներ եւ ընդգծված շտրիխներով ցույց տալ ամենատիպականը: Իհարկե քաղաքի ընդհանուր նկարագիրը, մանավանդ գրաֆիկական գործերում շատ հստակ արտահայտված է՝ մոսկովյան հայտնի փողոցների, գեղեցիկ անկյունների, կառույցների, մետրոյի, հրապարակի, տաճարների, Կրեմլի, Մոսկվա գետի միջոցով, սակայն ակնհայտ է հեղինակների միտումը որոշակի դետալների միջոցով ներկայացնելու ռուսական կյանքի ընդհանուր մթնոլորտը, դա լինի կենցաղային ինչ-որ դրվագ, հագուստ, պարի տեսակ, թե մեկ այլ բան, ինչպես՝ ռուս գեղեցկուհու դիմանկարն ազգային տարազով, ռուսական փայտե հայտնի գունեղ մատրյոշկաները, բնության, թե եղանակային վիճակներ՝ ճերմակակեղեւ կեչիներ, ռուսական խստաշունչ ձմեռ՝ գայլերի գիշատիչ հայացքների տակ՝ արնաքամ եղջերու, աշխատավոր ռուս պարզ մարդու առօրյա եւ այլն: Ցուցահանդեսի՝ գերիշխող պաստելային մթնոլորտում առանձնանում են մի քանի արտահայտված վառ, գունագեղ աշխատանքներ, սա նույնպես յուրատեսակ բնույթ է հաղորդում ընդհանուրին՝ ընդգծում ընկալման տարբերություններ, կոնտրաստային վիճակներ ստեղծում: Այսպիսի զգացողությունները, քաղաքային կյանքի ու մթնոլորտի այսպիսի փոխանցումները կտավին, մասնավորապես այս ցուցահանդեսի պարագայում համարվեցին զարմանալի, քանի որ, ինչպես նկատեցին թե՛ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանը, թե՛ Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, նկարների հեղինակները Մոսկվայում չեն եղել: Նրանց տպավորությունները այսպես ասած միջնորդված են՝ հեռուստաէկրանից, նկարներից, ֆիլմերից: Մինչդեռ մոտեցումը պատասխանատու է, աշխատանքները կատարված են խնամքով:

Ցուցահանահդեսի մասին գովեստի խոսքեր ասաց եւ մասնակիցներին ու ներկաներին ողջունեց «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանը: Տպավորությունը այնքան դրական էր, որ նա ցանկություն հայտնեց ցուցահանդեսի ժամկետները երկարաձգելու: Նկատեց, որ ակնհայտ է ուսանողների հետաքրքրությունը Մոսկվայի նկատմամբ, քանի որ աշխատանքներն արված են ինքնաբուխ եւ անպարտադրանք, եւ անշուշտ այդ մեծ, գեղեցիկ քաղաքում լինելու հանգամանքը էլ ավելի կբացի ուսանողների նկարչական հնարավորությունները: Նման միջոցառումները արդյունավետ են եւ գործնականում խթանում են հայ – ռուսական մշակութային կապերը, նա հույս հայտնեց, որ այս գեղեցիկ սկիզբը կունենա շարունակություն:

«Հաճելիորեն զարմացած եմ, – դիմելով ներկաներին, ասաց գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, – ակադեմիայում մենք ունենք ցուցասրահ, որտեղ պարբերաբար ուսանողական ցուցահանդեսներ են կայանում: Երբ ստացանք «Մոսկվայի տան» այս հրավերը, սկզբում տարակուսում էի զուտ այն պատճառով, որ ուսանողներից շատերը չեն եղել Մոսկվայում, Ռուսաստանում առհասարակ, նրանցից մի մասը Հայաստանի շատ վայրերում չի եղել: Որքան էլ ընթացքում հետեւել եմ աշխատանքներին, այնուամենայնիվ, զարմացած եմ այսպիսի արդյունքից: Սա նշանակում է, որ ձգտում կա, որ մեր ուսանողները անտարբեր չեն այդ մեծ պետության նկատմամբ, որի հետ բարեկամ ենք եւ երկար ճանապարհ պիտի գնանք, պիտի իրար լավ ճանաչենք»:

Անդրադառնալով ուսանողական խորհրդային շրջանին՝ նա հիշեց հաճախակի պրակտիկաները Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ), Մոսկվայում, այցելությունները ռուսական թանգարաններ՝ Էրմիտաժ, Տրետյակովյան պատկերասրահ եւ արվեստի այլ օջախներ, եւ թե որքան կարեւոր, բարերար ազդեցություններ են թողել դրանք իրենց գեղարվեստական մտածողություն վրա: «Այսօր այն ինչ տեսնում ենք այստեղ եւ հասկանալով, որ այս մարդիկ չեն եղել Մոսկվայում, այսպիսի վերաբերմունքը ավելի գնահատելի է դառնում եւ շատ գովելի: Պրոֆեսիոնալ մոտեցում եմ տեսնում, ուսանողական թուլություններ գրեթե չեն նկատվում, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի աշխատանքներ են, որ կզարդարեն հայաստանյան յուրաքանչյուր ցուցահանդես»: Շնորհակալությամբ՝ «Մոսկվայի տան» մշակութագործարարական կենտրոնի ղեկավարությանը ցուցահանդեսի առաջարկի եւ կազմակերպման համար, նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը հետագա օրերին եւս կունենա շատ այցելուներ, տաղանդավոր ուսանողների աշխատանքները կունենան արժանի գնահատականներ. նաեւ դեսպանը, ռուսական դեսպանատան ներկայացուցիչներ թերեւս այցելեն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply