Իտալերենի շաբաթը Գեղարվեստի պետակադեմիայում

Իտալերենի շաբաթը Գեղարվեստի պետակադեմիայում

Ֆելիչի Վարինիի ստեղծագործական մեթոդը

Ծագումով իտալացի, Շվեյցարիայում ծնված, ներկայում Փարիզում հաստատված Ֆելիչի Վարինին եռաչափ տարածության մեջ ստեղծում է հարթ գրաֆիկական պատկերներ՝ օգտագործելով օպտիկական խաբկանքի տեխնիկան, որ կոչվում է անամորֆոզ՝ հեռանկարի եւ պրոյեկցիայի վիզուալ խախտում: Այս մեթոդի առանձնահատկություններից մեկը պատկերն ամբողջությամբ տեսնելու համար  որոշակի դիտանկյան ահնրաժեշտությունն է, այլապես այն երեւում է միայն հատվածական: 1980-ականներից Վարինին աշխատում է այս մեթոդով, այդ ընթացքում եվրոպական շատ քաղաքներում ստեղծել է տեսողական  իլյուզիա առաջացնող նման պատկերներ, որոնցից ամենանշանավորը համարվում է Շվեյցարական Ալպերի Վերկորին գյուղում արված աշխատանքը՝ ամբողջ բնակավայրի մասշտաբով:

Օգոստոս – սեպտեմբեր ամիսներին նա Հայաստանում էր.  Երեւանի երկաթուղային կայարանի շենքում նրա ղեկավարությամբ աշխատանքային խմբի ջանքերով ստեղծվեց նմանաբնույթ մի գործ՝ վեցանիստ անկյունագծային պատկերի՝ արված վառ կարմիր ու դեղին գույներով ներկված փայլաթիթեղով: Տեսողական իլյուզիան  առաջանում է տարբեր անկյուններից երեւացող պատկերի փոփոխություններից, որ նաեւ շարժման իլյուզիա է ստեղծում: Վարինին նախընտրում աշխատել մեծ տարածություններում՝ խոշոր կառույցներում, հրապարակներում, կայարաններում, հատկապես այն շինություններում, որոնք թարմացվելու, նորացվելու կարիք ունեն՝ փորձելով ներդաշնակել նկարչական պատկերները ճարտարապետական առկա ձեւերին:

Հոկտեմբերի 16-ից 22-ը աշխարհում անցկացվեց Իտալերեն լեզվի շաբաթ,  ինչպես դա արվում է ամեն տարի ավանդաբար: Թեման այս անգամ կինոարվեստն էր՝ նվիրված իտալալեզու ֆիլմերին՝ «Իտալերենը կինոյում, կինոյի իտաալերենը»: Հայաստանում այն նշվեց իտալերեն ուսումնասիրող երեք բուհերում՝ Հայաստանում Իտալիայի եւ Շվեյցարիայի դեսպանատների կազմակերպությամբ: Բացումը կատարվեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, զեկուցումներով հանդես եկան դասախոսներ, ցուցադրվեց պատմական թեմատիկայով ֆիլմ: Հաջորդ օրն այն շարունակվեց Գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ արդեն 5-րդ տարին է իտալերեն է ուսուցանվում,  դասավանդում է Անահիտ Մկրյանը: Շուրջ 50 ուսանող ուսումնասիրում է իտալերեն, նրանցից մի քանիսը վերապատրաստման դասընթացներ են անցել իտալական Պերուջա քաղաքում: Շաբաթը եզրափակվեց Երեւանի պետական համալսարանում՝ իտալացի  դրամատուրգ, գրող Լուիջի Պիրանդելլոյի  150- ամյակին նվիրված միջոցառումով:

Գեղարվեստի պետակադեմիայի հանդիպմանը բնականաբար նախապատվությունը տրվել էր նկարիչ-դիզայներ Ֆելիչի Վարինիի մասին ֆիլմի («Sorpresa Felice Varini») ցուցադրությանը.  այն ներկայացում էր արտիստի ստեղծագործական մոտեցումները, եղանակներն ու մեթոդը՝ տարբեր վայրերում իրականացրած աշխատանքների օրինակներով:  Ֆիլմին հաջորդած Ռիկա  Բադալյանի նկարահանած տեսահոլովակում ցույց էր տրված Երեւանի երկաթուղային կայարանի շենքում արտիստի ստեղծագործական աշխատանքների ընթացքը, տեխնիկական կատարման հետաքրքրական մանրամասներ: Մինչ ֆիլմերի դիտումը Հայաստանում Իտալիայի դեսպանատան մշակութային կցորդ Լաուրա  Պաչենդին, որ նաեւ իտալերեն է դասավանդում Երեւանի պետհամալսարանում,  խոսեց իտալական մշակույթի, իտալերեն լեզվի եւ այն ուսումնասիրելու  կարեւորության մասին, ներկայացրեց առաջադիմող ուսանողներին: Հայաստանում  Շվեյցարիայի դեսպան պրն Լուկաս Գասսերը եւս խոսեց իտալերենի եւ առհասարակ օտար լեզուների դերի մասին: Նա հանգամանալի ներկայացրեց ֆիլմը եւ  Ֆելիչի Վարինիի արվեստը:  Քանի որ շաբաթը նվիրված էր  իտալերեն լեզվին, թարգմանությունը համարվեց անհարկի:

Ֆիլմերի ցուցադրությունից հետո ուսանողները ավտոբուսով շարժեցին երկաթուղային կայարան՝ տեղում ծանոթանալու Վարինիի ստեղծագործությանը, նրանց  հետ էին  Լուկաս Գասսերը, Լաուրա Պաչենդին, Անահիտ Մկրյանը, գեղակադեմիայի միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը, դասախոսներ: Լուկաս Գասսերը տեղում մանրամասն եւ առարկայորեն ներկայացրեց ստեղծագործության  առանձնահատկությունները:

Մեր զրույցում պրն Գասսերը անդրադառնալով առհասարակ ֆիլմերի ստեղծման  ներկայիս դժվարություններին՝ խոսեց Շվեյցարիայում ծնված իտալալեզու նկարչի արվեստը ներկայացնող, օրվան համահունչ ֆիլմի  ստեղծման մասին, որը ցուցադրվել է շվեյցարական հեռուստատեսությամբ,  նկատեց նաեւ, որ Շվեյցարիայում իտալերենը գերմաներենի եւ ֆրանսերենի հետ  համարվում է պաշտոնական լեզու, քանի որ այնտեղ 300000 մարդ իտալախոս է: Հետաքրքրական էր իմանալ, որ Շվեյցարիայում պաշտոնական լեզու է համարվում նաեւ ռետրո- ռոմաներենը, որով խոսում է Շվեյցարական Ալպերում ապրող 50000 մարդ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply