Հայ – Ճապոնական կերպարվեստի զուգորդումներ գեղարվեստի պետակադեմիայի դահլիճում

Վերստին ճապոնական արվեստի հաճելի մթնոլորտում

 

Տարբեր մշակույթների շփման անհրաժեշտությունն ավելի շոշափելի զգում ես նմանատիպ հանդիպումներից հետո, դրանք անխուսափելիորեն հաստատում են այն ճշմարտությունը, որ արվեստը սահմաններ չունի: Համոզվելու համար ներկա էր պետք լինել Գեղակադեմիայի նորակառույց սրահում օրերս բացված հայ-ճապոնական ցուցահանդեսին՝ նվիրված երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ հայ- ճապոնական մշակույթների մերձեցման ջատագով եւ ակտիվ մասնակից Վարդիթեր Հարությունյանը, ներկայացնելով ճապոնական կողմից ցուցահանդեսը  համակարգող Տոկիոյի  Ginza I Chome պատկերասրահի տնօրեն տիկին Մակի Միկիկոյին, պատմում էր, թե ինչպես է նա հրաժարվել հայաստանյան  առաջին  հրավերից ՝ պատճառաբանելով, որ  մեր երկրում պատերազմական վիճակ է եւ անվտանգ չէ, ուստի չի կարող արվեստագետներ բերել, քանի որ ինքն է կրում նրանց պատասխանատվությունը: «Գալով Հայաստան՝ նա սիրահարվեց մեր երկրին, տեսնելով թե որքան խաղաղ է այն, եւ որքան բարի են մարդիկ: Երբ պատահում է, հարցնում ենք՝ գուցե  զբաղվա՞ծ եք, գուցե այս անգամ չեք կարող գալ,  ասում է՝ ինչպե՞ս, Հայաստան չգա՞մ, ինձ համար Հայաստանը ցուցահանդեսների առումով առաջնային է»:

Ճապոնական մշակույթի հետ Գեղարվեստի պետակադեմիայի կապերը տարիների պատմություն ունեն, երբ  դեռ 2010-ին Տոկիոյի Սոկա համալսարանում  բարձր մակարդակի հանդիպում կայացավ  ռեկտոր Արամ Իսաբեկյանի եւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ՝  Սոկա Գակկա բուդդայական նոր ուղղության հիմնադիր- նախագահ,  համաշխարհային ճանաչման  պրոֆեսոր Դայսակու Իկեդայի հրավերով, իսկ մի փոքր ուշ Երեւանում, Նկարիչների միության սրահում բացվեց նրա լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այդ հարաբերությունները տարիների ընթացքում ավելի  զարգացան եւ մինչեւ օրս շարունակվում են: Այս տարվա գարնանը «Ճապոնական մշակույթի օրեր Հայաստանում» ամենամյա միջոցառումն անցկացվեց Գեղակադեմիայիում, որի նորակառույց դահլիճը նորամուտը կատարեց ճապոնական մշակույթի շատ գեղեցիկ մթնոլորտում. ճապոնացի վարպետները իկեբանայի, գծանկարչության դասեր անցկացրին հայ ուսանողների հետ: Ողջունելով եւ շնորհավորելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նաեւ այս  մասին խոսեց ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

Ճապոնացի եւ հայ արվեստագետների աշխատանքները համադրված էին հաճելիորեն ներդաշնակ, էքսպոզիցիան մտահղված էր հենց այդ սկզբունքով՝  չկար բաժանում՝ որտեղ է վերջանում ճապոնականը եւ որտեղ սկսվում հայկականը: Կար գեղարվեստական մտածողության տարաբնույթ արտահայտություններ ու ձեւեր, երեւակայություն ու ճաշակ՝ ներկայացված  բոլոր գործերում՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ: Եվ որքան էլ այս երկու ժողովուրդների պատմության, մշակույթների, ավանդույթների տարբերություններին՝  գույնի ու պատկերի համընդհանուր լեզուն վերացրել էր սահման ու ջրբաժան: Արամ Իսաբեկյանը անդրադառնալով էքսպոզիցիայի այսպիսի լուծմանը՝ աշխատանքը գնահատեց փայլուն՝ կատարված ակադեմիայի երիտասարդ դասախոս, ցուցահանդեսի մասնակից-նկարիչ Արթուր Հովհաննիսյանի կողմից:

Ginza I Chome պատկերասրահի տնօրեն տիկին Մակի Միկիկոն  շնորհակալություն հայտնեց ռեկտորին՝ համատեղ ցուցադրության համար, ակնկալելով համագործակցության շարունակականություն՝ հայ նկարիչների աշխատանքների ցուցադրություն նաեւ Ճապոնիայում:

Մեր զրույցում Գեղակադեմիայի միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը նշեց, որ հայ-ճապոնական միջոցառումները արդեն 11 տարի է՝ անց են կացվում մեր երկրում, սակայն առաջին անգամ է Գեղակադեմիայում եւ առաջին անգամ է ակադեմիայի դասախոս -նկարիչների մասնակցությունը այսպիսի ցուցահանդեսին: Նկատի ունենալով արդեն ձեւավորված հայ – ճապոնական հարաբերությունների հաջող ընթացքը՝ նա ճապոնական մշակույթի հետ հայ նկարիչների  ծանոթությունը արդյունավետ համարեց հարազատ միջավայրում:

Ցուցադրությունը գրավիչ էր, ներկայացված աշխատանքները բազմազան էին բնույթով, ժանրով, տեսակով, հետաքրքիր էին ինքնատիպ լուծումներով:

Ցուցահանդեսի մասնակից ճապոնացի 31 նկարիչներից Հայաստան ժամանել էին յոթը:  Սրահի մի անկյուն միշտ մարդաշատ էր՝ ճապոնացի նկարիչ  Էմա Յուկին յուրաքանչյուր դիտորդի բացատրում էր իր աշխատանքների կատարման տեխնիկան.  առաջին հայացքից տուշանկար թվացող նրա  երկու գործերը («Պր. Օհաշի», «Շշուկ») չափսով թերեւս ամենափոքրն էին, սակայն բավական ուշադրություն էին գրավում.  փայլաթիթեղ հիշեցնող մուգ գույնի նյութի վրա խազագրված խորհրդանիշ-պատկերները՝ հատուկ տեխնիկայով դաջված ապակու վրա, ներկայացված էին բացառիկ նրբագեղ ճաշակով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.