Հագուստի մոդելավորման ամբիոնի հաշվետու ցուցահանդեսը

Հագուստի մոդելավորման ամբիոնի հաշվետու ցուցահանդեսը

Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի՝ միմյանց հաջորդող ուսանողական աշխատանքների հաջող ցուցահանդեսները ուսումնական տարվա տրամադրող սկիզբ են: Օրեր առաջ այստեղ բացված  հագուստի մոդելավորման բաժնի 4-րդ կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝  կոմպոզիցիա, ասեղնագործություն, բեմական հագուստ, աշխատանք նյութի վրա առարկաների նախորդ երեք տարիների արդյունքն է: Կուրսի ղեկավար Լիլիթ Ավետյանի խոսքից,  նաեւ ինչպես ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը  ներկայացրեց, այդ հաջող ընթացքը  սաների հետ նրա կապվածության, աշխատանքի հանդեպ նվիրվածության հետեւանք է: Այն ոգեւորությունը, որով նա ներկայացրեց ուսանողների աշխատանքները, փոխանցվեց ներկաներին՝  աշխույժ, դրական  տրամադրություն ստեղծելով սրահում. առհասարակ ուսումնական պրոցեսում կարեւոր գործոն են դասախոս- ուսանող հարաբերությունները եւ դրական այն ներազդեցությունը, որ երիտասարդների վրա ունենում է դասախոսը՝  նրա ստեղծագործական ազատ մոտեցումները, ինչն անտեսել կամ համարել երկրորդական սխալ է:

Չորրորդ կուրսեցիներն արդեն սկսել են աշխատել իրենց դիպլոմային թեմաների վրա, ուստի սա համարվեց նախադիպլոմային հաշվետու ցուցահանդես՝  անցած տարիների ուսումնառության, հմտությունների, գիտելիքների ամփոփում:

Ցուցասրահի հյուրընկալ մթնոլորտը, արդեն ավանդույթ դարձած ցուցահանդեսները ուսանողների տրամադրության, աշխատանքների վրա որակապես ազդում են: «Ուսանողները, դրական առումով տենդի մեջ ընկնելով, հաճույք են ստանում  տարբեր բաժինների միջեւ մրցակցությունից»,- ասաց Լիլիթ Ավետյանը:  Նա կարեւոր գործոն համարեց այն ջերմ մթնոլորտը,  որ տիրում է ամբիոնում, շնորհիվ Հայկ Փայասլյանի հոգատար վերաբերմունքի, եւ ինչպես ասվեց,  յուրաքանչյուր խնդրի հանդեպ ամբիոնի վարիչի   ուշադրությունն ու աջակցություն է, որ  ստեղծում  է ընտանեկան այդպիսի մթնոլորտ: Իր քաջալերական խոսքում Հայկ Փայասլյանը ցուցահանդեսը ներկայացրեց որպես ուսուցողական, միաժամանակ բարձր մակարդակով կազմակերպված  եւ ուսանելի, նաեւ նշեց, որ արվեստային այս միջավայրում ցուցադրվելը, այլոց ներկայությունը, նրանց կարծիքների առկայությունը նպաստավոր հանգամանք է՝ ուսանողների հետագա գործունեության. «կյանք մտնելով նրանք ավելի հեշտությամբ կներկայանան սպառողին»: Օգտակար համարեց նաեւ ցուցահանդեսներին հաջորդող եւ արդեն ավանդույթ դարձող ուսանող արվեստաբանների քննարկումները: Խոսքի սկզբում նա ափսոսանք հայտնեց ներկա ուսանողների սակավաքանակության համար: Գործող 4 խմբերից մասնակցում էր երկուսը: Այս հարցին անդրադարձավ նաեւ ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանը՝   ուսանողներին դիմելով ասաց, որ այցելուների սակավությունը պատահական չէ. «Այստեղ տեսնում եմ մարդկանց, որոնք ոչ մի ցուցահանդեսի ներկա չեն լինում, սրա հետեւանքն այն է, որ մյուսներն էլ ձեր ցուցահանդեսին չեն եկել»: Հորդորեց ուսանողներին ուշադիր լինել ընկերների նկատմամբ, հարգել միմյանց աշխատանքը: Միաժամանակ նկատվեց տարբեր ամբիոնների դասախոսների հեաքրքրությունը միմյանց աշխատանքների նկատմամբ, շատերի ակտիվ մասնակցությունը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply