Խեցեգործական աշխատանքների տպավորիչ ցուցահանդես

Խեցեգործական աշխատանքների տպավորիչ ցուցահանդես

Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահի այցելուներն այս օրերին հիանալու լավ առիթ ունեն: Դեկորատիվ- կիրառական արվեստի կերամիկայի բաժնի ուսանողների աշխատանքները թե՛ կատարողական, թե՛ գեղագիտական տեսակետից շատ տպավորիչ են: Ուսումնական այս տարվա արդեն երկրորդ ցուցահանդեսը մասնակից ուսանողների շնորհալիության լավագույն վկայությունն է, ներկայացված են ուսանողների` հիմնականում մեկական աշխատանք,  կան հեղինակներ, որոնցից ցուցադրված են մի քանի գործեր, դրանք տարբեր ուստարիներին արված աշխատանքներ են, ինչը հետաքրքրական է  ստեղծագործական ընթացքի փոփոխություններին հետեւելու, համեմատելու առումով:

Գեղակադեմիայում խեցեգործական արվեստի ուսուցումը հարուստ պատմություն ունի, դեռեւս խորհրդային տարիներից ձեւավորված ավանդույթներ եւ բավարար փորձ ու հմտություն: Այսով հանդերձ, այն առավել զարգացում  ունեցավ վերջին տարիներին, հատկապես անցած տարի, ինչպես ցուցահանդեսի բացմանը գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն ասաց, լաբորատորիայի վերանորոգությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելը մեծապես նպաստել են ուսման որակի բարձրացման եւ ուսանողների աշխատանքները լավագույնս կազմակերպելու առումով,  եւ պատահական չէ այս արդյունքը՝ ներկա ցուցադրության այսպիսի որակները:

Ցուցադրված դեկորատիվ աշխատանքների մի մաս գեղարվեստական հետաքրքրական լուժումներով են աչքի ընկնում,  վիտրաժները, կիրառական իրերը՝ նույնպես: Առհասարակ բոլոր գործերը աչք են շոյում կատարման նրբագեղությամբ, հատկապես խնամքոտ աշխատանքով: Շնորհալի ուսանողների եւ դաախոսների ջանքերը բնականաբար դրվատանքի արժանացան ռեկտոր Արամ Իսաբեկյանի, ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի, ամբիոնի վարիչ  Մարիա Բաբայանի կողմից. վերջինս գնահատեց ցուցադրությունը՝ որպես թիմային հաջող կազմակերպված աշխատանք:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply