Գեղարվեստի ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի այս տարվա առաջին ցուցահանդեսի հեղինակը գրաֆիկայի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Նանյանն է: Ցուցասրահում ներկայացված նկարները արվեստագետի հասուն մտածողության եւ մոտեցումների արդյունք են: Մոնոտիպային այս գործերը տեխնիկական կատարման բնույթով տարբերվում են, եւ դրանց առանձնահատկությունը պայմանավորված է այդ հանգամանքով նաեւ, սակայն հիմնականը, ինչպես միշտ է արվեստում, այն բովանդակությունն է, այն աշխարհը նկարչական, որ բերում է հեղինակը: Ինքնարտահայտման այս ձեւի մեջ նա կարողացել է բավական հարուստ ներկայացնել սեփական ներաշխարհային խնդիրներ եւ միաժամանակ ի հայտ բերել մտածողական որոշակի հետաքրքրական շերտեր, որոնք առաջին հայացքից բացահայտելու համար դժվարություն կարող են ստեղծել: Այս նկարներում խորհրդավոր ինչ-որ բան կա, եւ ինչպես ասվեց ցուցահանդեսի բացմանը, նկատելի է նաեւ փիլիսոփայական որոշ մոտեցում: «Դրանք ներաշխարհից եկող զգացմունքային արտահայտություններ են` ներկայացված այսպիսի ձեւերի մեջ: Սա զուտ գրաֆիկա չէ, սա կերպարվեստ է: Ինձ համար կարեւորը ներսի կուտակվածն է, որ փոխանցվում է կտավին, այսինքն` ինչ է կատարվում նկարի հետ, նկարի մեջ: Մեծ ուժ կա իր մեջ, նա անհատական ձեռագրով եւ մտածողությամբ արվեստագետ է» , -ասում է գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը: Գեղակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը Ռիմայի այս ցուցահանդեսը համարում է ուսումնական անցած 4 տարիների հաշվետվություն. «Նա կիրառում է մոնոտիպային սկզբունքներ, ավելորդ էֆեկտներ չի գործածում, եւ չի գնացել հեշտ ճանապարհով, ընտրել է դասական եղանակը, նկարչության ճանապարհը, հստակ երեւում է՝ աշխատանքները կատարված են լավ հիմքով, անցած տարիների ուսումնառության՝ գծանկարի, գունանկարի լավ իմացությամբ»:
Ռիմա Նանյանը արժանացել է նախագահի երիտասարդական մրցանակին: Ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանը շնորհավորելով հեղինակին՝ հորդորեց ուսանողներին ուշադիր լինել միմյանց նկատմամբ, ներկա լինել իրենց ընկերների ցուցահանդեսներին, որն անհրաժեշտ է ստեղծագործական առումով միմյանց ավելի լավ ճանաչելու համար եւ իհարկե նաեւ վերաբերմունքի արտահայտություն է: Գեղակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը նկատեց, որ հետեւում է տաղանդավոր ուսանողուհու ստեղծագործական ընթացքին, կարծում է, որ նա կայացած արվեստագետ է: Սակայն կատարելությունը սահմաններ չունի, ուստի միշտ էլ պետք է ձգտել ավելիին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Leave a Reply