Իրարամերժ մոտեցումներ՝  մեկ վայրում

Իրարամերժ մոտեցումներ՝ մեկ վայրում

Գեղակադեմիայի քանդակի բաժնի այս տարվա շրջանավարտներ Նարեկ Կնյազյանի եւ Արտակ Մաթեւոսյանի «Երկուսը մեկ տեղ» խորագրով ցուցահանդեսը՝ «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացված,  ուշագրավ է մի քանի առումներով: Նախ՝  նորարարական շունչ ունի, ընդծված ոճ եւ մտածողություն: Խորագրի՝  առաջին հայացքով անհավակնոտությունը որոշակի ենթատեքստ ունի՝ հեղինակների՝  միմյանցից տարբեր մոտեցումների  մեկտեղումը  նույն վայրում այն դարձնում է ավելի հետաքրքրական: Ավելին՝  Գարեգին Դավթյանը դրանք համարում է իրարամերժ: Այդպիսին է դրանց աշխատանքային սկզբունքի եւ ստեղծագործական մոտեցման բնույթը: Դրանցից մեկի հիմքում ընկած են ավանդական, դասական քանդակագործության մոտեցումները, երբ նյութի՝ մետաղ, քար, բրոնզ, գիպս եւ այլ, ձեւափոխությունները ենթարկվում են արվեստագետի ստեղծագործական մտքին եւ ձեռքի վարպետությանը: Այսպիսին է ներկայանում  Նարեկ Կնյազյանի արվեստը, որում առկա է  որոնողի՝ արվեստագետին ամենաբնորոշ  գիծը: Այս ճանապարհին նա միանգամայն բաց է տարբեր ուղղությունների եւ  ձեւերի ընտրության մեջ, որոշակի ֆիքսվածություն չի ընդունում, ազատ է նաեւ գաղափարային առումներով: Այնուամենայնիվ, թեմատիկ նախասիրությունները նկատելի են, ինչպես՝ Պյութագորասը»՝ մտածողի դասական կերպար՝ ներքին դինամիկ վիճակների մեջ, այդպիսին են  նաեւ  նրան նվիրված մյուս գործերը: «Եվրոպայի առեւանգում»,  «Ռուսական մոտիվ», «Ննջարային տեսարան», «Գարնան մեղեդի», «Սպասում», «Հիշողություն»` փոքր չափի այս աշխատանքներում սկզբնական մոտիվները՝ ընթացքում զարգանալով, ձեռք են բերել նաեւ  զգացական շերտեր:

Արտակ Մաթեւոսյանը ոճերի եւ ուղղությունների համադրումների կողմնակից է: Նրա երեւակայության լեյտմոտիվը  նորարարության ոգին է: Հիմնականը, որտեղ դրսեւորվում է դա, սթիմպանկ ոճն է (steampunk)՝  19-20 – րդ  դարերի գիտաֆանտաստիկ մտածողությունից եկող, մարդկության ապագայի հետ կապված պատկերացումներ, գրականության մեջ դրա սկզբնավորողներ Ժյուլ Վեռնի,  Հերբերտ Ուելսի ազդեցությունների արձագանքներ գեղարվեստական տարբեր ձեւերի մեջ, որ վիզուալ արվեստում ստացել են համապատասխան «ձեւակերպումներ», երբ արվեստագետը այսպես ասած ոչ հում նյութի, այլ արդեն որոշակի իրերի մեջ (մետաղաբեկորներ, մեխանիկական .դետալներ, անիվներ, պտուտակներ եւ այլ)  նախապես տեսնում է ապագա աշխատանքի կոմպոզիցիան, ինչը  ներկայում բավական տարածում ունի: Երիտասարդ ստեղծագործողի երեւակայությունը այս առումով բավական ակտիվ է, ինչն էլ հնարավորություն է տվել տարատեսակ մետաղաթափոններից ստանալ արվեստի գործեր: Ներկայացված աշխատանքները դրա վկայությունն են՝ «Ռնգեղջյուր»,  «Կետ», «Դիրիժաբլ», «Դեֆիլյե», «Գոնդոլա»,  «Արգո»: Գարեգին Դավթյանը իր՝ արդեն նախկին ուսանողների հիմնական արժանիքներից մեկը համարում է ստեղծագործական փնտրտուքների ջիղը, հենց ուսանողական փուլում բազմազան փորձերի դիմելը: Ինչ վերաբերում է կրած ազդեցություններին, դրանք համարում է ոչ միայն բնական, նաեւ առավելություն, որովհետեւ երիտասարդները հետեւել են մեծ վարպետների փորձին՝  Թոմաս Մուր, Ալբերտո  Ջակոմետտի, ինչը նրանց ծանոթացնում,  մոտեցնում է միջազգային արվեստի չափանիշներին:

Ուսանողական տարիների այս արդյունքը  համարվեց դրվատելի, այդ մասին խոսեցին պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը՝ ցուցահանդեսի բացման խոսքում, քանդակագործ Տարիել Հակոբյանը: Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը պրոֆեսիոնալիզմից բացի կարեւորեց նրանց մարդկային նկարագիրը: Դիզայնի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը ընդգծեց ստեղծագործական, նորարարական մոտեցումները, արդիականության զգացողությունը, կատարման ակադեմիական կարգ ու կանոնը:

 Տեխնիկական հմտության ձեռք բերումը որքան անհրաժեշտ՝ երբեք ինքնանպատակ չպետք  է լինի, – այդպես է կարծում Գարեգին Դավթյանը: «Վարպետություն պետք է ձեռք բերել, որպեսզի մեկ այլ բանի հասնես՝ այն է՝ ճշմարտության որոնումը: Այս ասպարեզում հասունությունը ավելի ուշ տարիքում է լինում: Երիտասարդ հասակում հաջողություններին կասկածով եմ վերաբերում: Այն թմրադեղի է նման, երբ գերազանցում է թույլատրելիի մակարդակը, կարող է ոչնչացնել արվեստագետին, նորմայի մեջ դա ստիմուլ է,  բայց եթե ավելին է, երիտասարդը վախկոտ է սկսում դառնալ, դառնում է իր հաջողությունների ստրուկը, ինքնավերարտադրվում, մինչդեռ իսկական արվեստի հաջողությունը մշտական որոնումների   մեջ է»:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply