Որտեղ երեխա, այնտեղ՝ ուրախություն

Հնչյունների թոթովանքից հետո առաջին բանը, որ անում են երեխաները, նկարելն է: Բոլոր երեխաները սիրում են նկարել, աշխարհը, շրջակա միջավայրը բոլորովին չճանաչած՝ նրանք պատկերներ են գծում: Իրենք չեն էլ հասկանում, դա ենթագիտակցաբար է արվում:  Չնայած ասում ենք, թե մենք բոլորս երեխա ենք մեր ներսում, այնուամենայինվ դժվար ենք նրանց հասկանում, այդ աշխարհը մեզանից վաղուց հեռացել է, որքան էլ Ֆրոյդն ասում է, թե մենք երազներում միշտ մի ոտքով մանկության մեջ ենք: Մանկության ակունքներին վերադառնալը՝ վերստին մաքրվելն է հոգեպես:

Երեխաները պաշտպանության կարիք ունեն յուրաքանչյուր օր, որովհետեւ նրանք աշխարհն ընկալում են անմիջականորեն, դեռեւս  չմիջնորդված, զգացմունքներով միայն, առանց պայմանականությունների: Անմեղությունը միշտ ունի պաշտպանության կարիք: Տարվա մեջ մեկ օր՝ Հունիսի 1-ը առանցնացված է հատուկ նրանց համար: Այդ օրը մեծահասակները փորձում են ավելի հետաքրքիր դարձնել, մտածել ինչ-որ առանձնահատուկ բան՝ նրանց ուշադրությունն ավելի գրավելու:

Գեղարվեստի պետակադեմիան ամեն տարի Հունիսի  1-ին ավանդաբար  կազմակերպում է աշխատակիցների երեխաների եւ թոռնիկների ցուցահանդես, եւ դա, թերեւս, ամենագունագեղ եւ ուրախ օրն է լինում «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի համար: Այս տարի կազմակերպիչները` Իրինա Իսաբեկյանը եւ Լիանա Խաչատրյանը փորձել էին մի փոքր տարբեր երանգ հաղորդել ավանդական ցուցահանդեսին՝ մուտքի մոտ ակադեմիայի դիզայնի եւ մոդելավորման ամբիոնի ավագ դասախոս  Արուսյակ Հակոբյանի ուսանողների  մանկական  զգեստների ցուցադրությամբ, որին  ներկա էր անձամբ ռեկտորը:  Շատ գեղեցիկ հավաքածո, որ ներկայացրին տասնյակ հրաշալի, փոքրիկ աղջիկներ՝ թիթեռնիկի պես  թրթռալով ներս մտնելով սրահ, որտեղ նրանց սպասում էր գունային հրավառություն՝ պատերն ի կախ նկարների, փուչիկների, քաղցրավենիքի եւ իհարկե՝ երաժշտության: Գեղեցիկ, տոնական մթնոլորտ, որին մասնակցեցին բազմաթիվ երեխաներ, ակադեմիայի աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.