«Հայերը Վերսալի պալատում»

«Հայերը Վերսալի պալատում»

Հանդիպում – դասախոսություն Կլոդ Մութաֆյանի հետ

 

Ֆրանսահայ մաթեմատիկոս, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, հայագետ Կլոդ Մութաֆյանը հայտնի անուն է մեր մտավորական շրջանակներում: Նա հեղինակ է հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող արժեքավոր մենագրությունների՝ «Կիլիկյան Հայաստանի խաչմերուկներում», «Հայաստանի 12 մայրաքաղաքները», «Լևանտյան Հայաստան», կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ՝ «Կիլիկիայի հայոց թագավորությունը (Սորբոնի մատուռ),  «Հռոմ-Հայաստան» (Վատիկան, Սիքստինյան սրահ), «Գրի մոգականությունը» (Մարսել):

Երեւանյան հաճախակի այցելությունների ընթացքում հանդիպումներ են կազմակերպվում պատմաբան – հայագետի հետ, որտեղ ուշագրավ նոր փաստեր է ի հայտ բերում հեղինակը: Այդպիսի հանդիպում-դասախոսություն տեղի ունեցավ վերջերս Գեղարվեստի պետակադեմիայի արվեստագիտության եւ հումանիտար գիտւթյունների ամբիոնի դասախոսների, ուսանողների հետ՝ «Հայերը Վերսալի պալատի Խաչակիրների սրահում» թեմայով, կազմակերպությամբ՝ Հետազոտական կենտրոնի տնօրեն Նազենի Ղարիբյանի: Խաչակրած արշավանքների՝ այս բարդ, բազմակի մեկնաբանությունների տեղիք տվող  պատմական ժամանակաշրջանը ներկայացվեց այս թեմայով Վերսալի թանգարանի հինգ սրահներում գտնվող նկարների հետաքրքրական մեկնաբանություններով: Նա առանձնացրել էր մասնավորապես այն աշխատանքները, որոնք տարբեր առումով առնչվում են հայկական նյութի հետ:   Ուշագրավ էր մատուցման եղանակը՝ պարզ, թեթեւ խոսք,  տեղ – տեղ հումորային, որ ինքնին ուշագրավ թեմայի ունկնդրումը դարձրեց ավելի գրավիչ:

Պատմական ժամանակաշրջանի՝ կրոնական, դավանաբանական, քաղաքական, բարքերի, սովորույթների առանձնահատկությունների եւ գեղանկար գործերի մանրազնին ուսումնասիրությունները հնարավորություն են տվել հեղինակին նոր եզրահանգումների  եւ մեկնաբանությունների:   Խաչակրաց արշավանքները, որոնցում  մեծ դերակատարություն են ունեցել Ֆրանսիայի թագավորությունը եւ Սրբազան Հռոմեական կայսրությունը, ներկայացվեցին հայերին առնչվող բազմաթիվ հետաքրքրական իրողություններով:  Նիկեա  քաղաքի վրա խաչակիրների առաջին անհաջող գրոհին հաջորդած հարձակումը, քաղաքի պաշարումն ու գրավումը 1097 թվականին, շարունակություն ունեցավ հետագա արշավանքներով, որին հետեւեց Անտիոքի երկարատեւ պաշարումը, ինչն ավարտվեց այն բանից հետո, երբ քաղաքի դարպասները բացեց ծագումով հայ մի զինվոր: Հաջողությամբ ջախջախելով դեպի Անտիոք շարժվող մուսուլման բանակը, ստեղծեցին Անտիոքի առաջին պետությունը, որից հետո ծովափնյա մի շարք քաղաքների գրավումով մոտեցան Երուսաղեմին: Չնայած համառ դիմադրությանը՝  կարողացան մտնել ներս եւ գրավել քաղաքը:   Խաչակրած առաջին արշավանքների հետեւանքով ստեղծվեց 4 թագավորություն՝ Անտիոքի դքսություն, Եդեսիայի կոմսություն, Տրիպոլիի կոմսություն եւ ամենախոշորը՝ Երուսաղեմի թագավորություն, որոնք համարվեցին Արեւելքի Լատինական պետություններ:

Խաչակիր ասպետները իրենց արշավանքներին կին չէին տանում, կին  ընտրում էին տեղացիներից, սակայն այդ ընտրությունն այնքան էլ պարզ կամ հեշտ չէր.  Անհրաժեշտ էր, որ նա լիներ քրիստոնյա,   հույն պիտի չլիներ, իշխանական տիտղոս պիտի ունենար եւ իհարկե՝ լիներ գեղեցիկ:  Այնպես էր ստացվել, որ այս պահանջները լիարժեք բավարարում էին  միայն հայ կանայք: Պատմագրության մեջ Երուսաղեմի առաջին թագուհին հիշատակվում է ծագումով հայ Արդան՝ Հայկական Ռուբինյան իշխանական տոհմից: Նա եղել է  Երուսաղեմի թագավոր Բոլդուին I-ի կինը: Հետաքրքրական մանրամասներ  հաղորդվեց այս ամուսնության հետ կապված: Մի քանի տարի անց, երբ Բոլդուին I-ը որոշում է բաժանվել նրանից, Կաթոլիկ եկեղեցուն իբրեւ պատճառաբանություն, ինչը պարտադիր էր,  ներկայացնում է կնոջ անպտղաբերությունը: Պատմագիրները սակայն դրդապատճառները համարում են քաղաքական՝ երբ նա հայերով բնակեցված Եդեսիայի կոմսն էր, ձեռնտու էր հայուհի կին ունենալը, Երուսաղեմում դրա անհրաժեշտությունը չկար:  Ըստ ժամանակին արված Բոլդուին I-ի դիմանկարի՝ բանախոսը ավելի անձնական մեկնաբանություն տվեց այս հարցին, պայմանավորելով այն սեռական կողմնորոշմամբ, եւ կամ՝ հիվանդությամբ:  Երուսաղեմի հաջորդ հայ թագուհին՝ Մալաթիայի կառավարիչ Գաբրիել իշխանի դուստր Մորֆիան, Բալդուին II-ի կինն էր:  Նրանց դուստր Մելիսինդան, ամուսնանում է Անժուի դուքս Ֆուլկի հետ, որի մասին խոսվեց  ավելի հանգամանորեն: Նա հայտնի է եղել իր արդարամտությամբ եւ բարեպաշտությամբ: Ամուսնու մահից հետո Մելիսինդան թագավորությունը կառավարում է որդու՝ Բոլդուին III-ի հետ: Նրա կառավարման շրջանում Երուսաղեմում և հարակից շրջաններում կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ: Նրա անվան հետ է կապվում Աստվածածնի գերեզմանի տաճարի վերակառուցման պատմությունը: Երբ ամբողջ իշխանությունն անցնում է որդուն, Մելիսինդան դառնում է նրա գլխավոր խորհրդականը մինչև իր մահը:

Քաղաքական անցուդարձերում շատ հարցեր որոշող խառն ամուսնականությունները այս կամ այն կերպ անդրադառնում են տվյալ ժողովուրդների վրա. հնչեցին հարցեր՝ արդյոք հայ թագուհիները պահպանել են առաքելական դավանանքը, եւ արդյոք հայկականության տարրեր փոխանցվել են արքունական միջավայրին:  Հետաքրքրական էր բացատրությունը, թե քանի նրանք կաթոլիկություն են ընդունել, անտեսվել են հայ պատմագիրների կողմից, ուստի եւ այս առումով շատ տեղեկություններ չկան:

Նկարներում տիրապետողը հաղթանակի, ռազմական ոգին է՝ պատկերող  խաչակիրների արշավանքները, նրանց մուտքը  Սրբազան հող, որոնցում հատկապես շեշտված է Ֆրանսիայի ներկայությունը, Ֆրանսիայի պատմական դերը Խաչակրաց արշավանքներում: Հայկականությանն առնչվող տարրերը, դրվագները,  Վերսալի պալատում հայկականության այս ներկայությունը մեզ համար նոր, հետաքրքրական եւ կարեւոր երեւույթ է:

Դասախոսության ավարտին ներկայացվեց վերոհիշյալ թեմայով Ֆրանսիական 2-րդ հեռուստատեսության թողարկած վավերագրական ֆիլմ, որի առաջին ցուցադրությունը կայացել է 2009-ի դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ծննդյան օրը՝  ամենամյա կիրակնօրյա «Արեւելյան քրիստոնյաներ» հաղորդման ժամանակ:   Հայկական  թեման, որ  առաջարկել է Կլոդ Մութաֆյանը՝ կապված ֆրանսիականի հետ, շահեկանորեն հետաքրքրություն է առաջացրել: Ֆիլմի գաղափարական մոտիվներից մեկն այն է, որ հայ – ֆրանսիական հարաբերությունները 1915-ից հետո չէ որ սկսվել են, դրանք ձեւավորվել են դեռ հազարամյակներ առաջ:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply