Կուրսային աշխատանքների ցուցադրություն

Կուրսային աշխատանքների ցուցադրություն

Գեղարվեստի պետակադեմիայի համակարգչային գրաֆիկայի ամբիոնի 2016-2017թթ. կուրսային աշխատանքները՝ ներկայացված «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, լավ տպավորություն թողեցին, գնահատվեցին դրական:  Թեմատիկ առումով դրանք բազմազան էին,  գերակշռող մասը սոցիալական մոտիվներով, հայաստանյան հայտնի ֆիրմաների եւ խանութների («Մառանիկ», «Նոյան», Multi Group, Sali),  մետրոյի  գովազդային պաստառներ, ամսագրերի գովազդային էջեր եւ այլ:

Դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը նշելով կատարված որակյալ աշխատանքը, մասնավորապես գրաֆիկական ոճի գունային լուծումները, առանձնացրեց մի քանի գործ: Միաժամանակ նկատի ունենալով ներկա ուսանողների սակավաքանակությունը՝ բավական խիստ անդրադարձավ այդ երեւույթին, ասելով, որ ցուցադրվելու ընձեռած այսպիսի հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել, որովհետեւ մինչ այդ արված աշխատանքը՝ էսքիզային, համակարգչային եւ այլ, տպագրությունից հետո ստանում է նոր տեսք, իսկ դա միջավայրում ցուցադրելն ունի այլ նշանակություն: Հանրային դիտումը, քննարկումներն ու դիտողների կարծիքները անհրաժեշտ են հեղինակներին, որով նրանց համար ավելի հստակ կդառնա իրենց մասնագիտական զարգացումներն ու փոփոխությունները, ինչը կնպաստի հաջորդ տարի ավարտուն եւ ամբողջական դիպլոմային աշխատանքներ ներկայացնելուն: «Ցուցադրության հնարավորություն հեշտ չի տրվում: Ինձ ցավ է պատճառում, երբ ստեղծագործ մարդը իր անձի նկատմամբ անտարբեր է: Այսպիսի վերաբերմունքը ձեզ կվնասի, չեք ունենա այն հաջողությունը կյանքում, որին ձգտում եք»:

Համակարգչային գեղարվեստական նախագծման եւ հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանն ասաց, որ այս  արդյունքին հասել են դժվարությամբ, բավական ջանքեր են ներդրվել, իսկ ցուցադրությունը կազմակերպվել է ուսանողներին ոգեւորելու, նրանց ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու նպատակով, որովհետեւ համարձակ եւ լավ գործեր են: Աշխատանքային բազմամյա փորձից  ելնելով՝ նա ուսանողներին հորդորեց ուշադիր եւ լուրջ վերաբերվել, որովհետեւ առանց այսպիսի պրակտիկաների հետագայում գործատուների հետ հարաբերությունները շատ ավելի դժվար կլինեն:

Կուրսի ղեկավար Նարա Մենդելյանը ոգեւորեց ուսանողներին՝ նկատելով, որ սրանք նախադիպլոմային գործեր են, ուսանողները աշխատել են արդյունավետ եւ որակով, ինչը թույլ է տալիս ասելու, որ հաջորդ տարի  նրանք դիպլոմայինները կպաշտպանեն հաջողությամբ:

Պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը անդրադարձավ ուսումնական պրոցեսի հանդեպ ուսանողների վերաբերմունքին: Ավելի առարկայական, հասկանալի դարձնելու համար խորհուրդ տվեց  նրանց դա ընկալել որպես վարձատրվող աշխատանք՝ որը միայն ոչ թե դրամի տեսքով է, այլ՝ գիտելիքի ու կարողությունների: «Եթե բարձր աշխատավարձ ստանաք, ապագայում շատ բան կգնեք: Լուրջ վերաբերվեք, որովհետեւ սա ձեր ապագա կյանքի որակը որոշող գործընթաց է»:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply