Ավանդույթների պահպանման եւ զարգացման ճանապարհով

Կարպետագործություն, գոբելեն

Ձեռարվեստի՝ մասնավորապես հայկական գորգագործական մշակույթի հնագույն ավանդույթների պահպանանն ու զարգացմանը նպաստում է Գեղարվեստի պետակադեմիան՝ ուսումնական ծրագրերի մեջ դեռ տարիներ առաջ ներառելով կիրառական արվեստի այս կարեւոր ճյուղը եւ մշտապես  ուշադրության մեջ պահելով այն:

Տպավորիչ ցուցահանդես բացվեց այս օրերին «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահում: Ակադեմիայի դասախոս Հասմիկ Ղազարյանի նախագիծը ներկայացնում է գեղարվեստական գործվածքի՝ կարպետի եւ գոբելենի ցուցադրություն՝ մասնակցությամբ ակադեմիայի շրջանավարտների եւ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողների: Աշխատանքների մի զգալի մասը փոքրաչափ կարպետներ են, մի քանիսը՝ դեկորատիվ նշանակություն ստանալու համար՝ ամրացված շրջանակներին: Հասմիկ Ղազարյանն ասում է, որ ուսման ընթացքում կարպետագործության եւ գոբելենի միջեւ տարանջատում չի արվում, երկու ուղղությունների մեջ էլ ուսանողները մասնագիտանում են հավասարապես: Աշխատանքները տեխնիկապես արված են մակարդակով, արտակարգ խնամքով, հատկապես գեղեցիկ են  գունային լուծումները՝ ներդաշնակ, հիմնականում մեղմ երանգների մեջ, ակտիվ գույների  պարագայում՝  նույն գույնի տարբեր շերտերի  ճաշակավոր համադրումներով: Զարդանախշերի ազգային ավանդական մոտիվները  պահպանելով՝ երիտասարդ կարպետագործները դիմելով որոշ նորամուծությունների, ստացել են հետաքրքրական լուծումներ:

Ցուցահանդեսը ողջունելով՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանը հույս հայտնեց, որ այս եւ նմանաբնույթ այլ աշխատանքներ, խեցեգործական եւ այլ, կունենան նոր զարգացումներ՝ մասնավորապես ակադեմիայի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված: Անցումը հիմնադրամային կարգավիճակի ավելի գործնական հնարավորություններ կստեղծի,  նաեւ՝ աշխատանքներն  իրացնելու առումով:

Հայ գորգագործական մշակույթի  հնագույն ծագման ու հարուստ ավանդույթների, միջազգային գիտական շրջանակներում այդ մասին եղած բազմաթիվ վկայությունների մասին խոսելով՝ ռեկտորը միաժամանակ ակնարկեց ուրիշների պատմության եւ մշակույթի հաշվին սեփականը կառուցելու տեխնոլոգիաներով հայտնի  հարեւան  երկու պետությունների քաղաքականությունը նաեւ այս ուղղությամբ: Ինքն անձամբ Փարիզում ներկա է եղել այդպիսի երկու ցուցադրությունների, որտեղ չնայած  գրեթե բոլոր գործերի ակնհայտ  հայկական լինելուն, որոշների վրա հայկական տառերով գործված անունների պարագայում անգամ, այն յուրացվել եւ ներկայացված է եղել որպես թուրքական մշակույթ, որի դեմ մեր ամենաարդյունավետ գործող պատասխանը, ինչպես ասվեց, կարող է լինել հայկական ավանդույթների պահպանումն ու զարգացումը, դրանց ժամանակակից հնչեղություն հաղորդելը:

Դեկորատիվ- կիրառական արվեստի ֆակուլտետի  դեկան Ավետիք Ավետիսյանը շեշտեց ներկայացրած աշխատանքների որակն ապահովող երկու կարեւոր հանգամանք՝ տեխնիկական կատարելությունը եւ կոմպոզիցիոն մտքի իրացումը նյութի վրա՝ նյութի հրաշալի զգացողությունը:

«Արվեստը պիտի խորը զգաս, որպեսզի գաղափարի մատուցումը ճշտորեն եւ հասկանալի կատարվի:  Հասմիկ Ղազարյանը հրաշալի վարպետ է, գոբելենագործ, թեեւ այստեղ ներկայացված միակ գործը կարպետ է՝ արտակարգ նուրբ արված եւ բավական բարդ աշխատանք:

Նոր սերունդը պահպանում է ավանդությունը, նոր տարրերի, նախշերի մատուցումը հետաքրքրական է, բայց ավանդության պահպանումն է առաջնահերթ եւ անհրաժեշտ, որ չկորչի կարպետի՝ հին ժամանակներից եկող արժեքավոր մեր այս մշակույթը: Այդ ուղղությամբ Գեղարվեստի ակադեմիան եւ Թերլեմեզյանի անվան քոլեջը շատ շնորհակալ գործ են անում», – ասաց Բակուր Կարապետյանը:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply