Քանդակի բաժնի 3-րդ կուրսի սկիզբը

Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի հերթական ցուցահանդեսը քանդակի բաժնի 3-րդ կուրսի ուսանողների՝ վերջին 1,5 տարվա աշխատանքներն են ընդգրկում: Այսպիսի յուրաքանչյուր ցուցահանդես ուսման ընթացքում ստացած գիտելիքների տեսանելի արդյունքն է: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, գնահատելով ուսանողների աշխատանքը, նշեց, որ հստակ երեւում է նրանց մոտեցումների, որոնումների  շրջանակը՝ մասնավորապես  հետաքրքրական կերպով արտահայտված քանդակի փոքր ձեւերի մեջ:  Այս առումով նա ընդգծեց դասախոսի՝ պրոֆեսոր Գարեգին Դավթյանի հետեւղականորեն կատարած աշխատանքը՝ կիրառվող մեթոդները քանդակի այս ձեւի մեջ,  նոր մոտեցումների սկզբունքը: «Պատահական չէ, որ նրա ուսանողները պարբերաբար հաջողություններ են արձանագրում, իսկ ապագայում նրանցից շատերը իրենց ուրույն ձեռագիրն ու ոճն է ունենում»:

Շնորհավորելով ուսանողներին՝ Գարեգին Դավթյանն ասաց, որ ուսանողները պատասխանատվությամբ են մոտեցել իրենց գործին,  ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, եւ որ ներկայացված գործերը հասուն են կատարողական մակարդակներում եւ խոսուն: Ինչ վերաբերում է՝ որպես քանդակագործի իրենից ունեցած որոշակի ազդեցություններին, ապա դա բնական երեւույթ է, երբեմն էլ վատ չէ. նա հետագա հաջողություններ մաղթեց կրտսեր կոլեգաներին:

Գծանկարի դասախոս Գագիկ Ղազարյանը աշխատանքները համարեց իսկապես հաջողված,  ստեղծագործական մոտեցումների եւ տեխնիկական կատարման նկատելի առաջադիմություն արձանագրելով՝ նա ուսանողներին  աշխատասիրությունից բացի  հորդորեց  կանոնավոր դասերի հաճախել, որովհետեւ ակադեմիան նրանց սովորեցնելու շատ բան ունի:

Ներկայացված գործերի հեղինակներից  երկուսը աղջիկներ են՝ Մարինա Հակոբյան եւ Ալիսա Գեւորգյան՝ կերպարվեստի այս տեսակի մեջ քիչ հանդիպող, մյուսները՝ Սեյրան Մնացականյան, Արսեն Գրիգորյան, Լեւոն Պողոսյան, Գրիգոր Դարբինյան: Իրենց առաջին ցուցահանդեսը նրանք խորագրել են  «Սկիզբ»՝ հետագա հաջողությունների ակնկալիքով…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.