Հայաստանը՝ Սանկտ Պետերբուրգի նկարիչների հայացքով

Առաջին զգացողությունը, որ ունենում ես Գեղարվեստի պետակադեմիայի  «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում  կայացած Սանկտ Պետերբուրգի Ա. Շտիգլիցի անվան   գեղարվեստա – արդյունաբերական ակադեմիայի դասախոսներ՝ Լեւոն Բեյբությանի, Կոնստանտին Կոնստանտինովի եւ նկարչության ուսուցչուհի Օլգա Վեսելովայի հայաստանյան տպավորությունների ցուցահանդեսից, նկարներում ուղղակիորեն սփռված ջերմությունն է, որ ապրել են  մեկամսյա շրջագայության ընթացքում հեղինակները: Հայաստանն իր գույների բոլոր նրբություններով բացվել է նրանց, շատ զգայուն ու նուրբ հայացքով է հայկական բնաշխարհը, գարունը փոխանցված կտավին, ծանոթ, հարազատ զգացողություն կա այնտեղ, հատկապես ՝ Կոնստանտին Կոնստանտինովիչի գործերը նշենք, քանի որ Հայաստանում նա առաջին անգամ է լինում:

Արվեստագետի, նկարչի տպավորությունները, զգացումները՝ ոչ միայն արվեստի, այլեւ առհասարակ կյանքի մեծ ու փոքր երեւույթների հանդեպ նրա վերաբերմունքը, գնահատումը միշտ կարեւոր եմ համարել, որով ավելի հասկանալի է դառնում ստեղծագործության շարժառիթն ու բնույթը: Այս առումով ներկայացված աշխատանքները շատ ավելի անմիջական ու սրտամոտ դարձան, երբ հեղինակները խոսեցին. այդ խոսքը ոչ միայն անկեղծ, ինչ-որ տեղ նաեւ անսպասելի էր: «Եթե ինձ առաջներում հարցրած լինեին՝  որտեղ է դրախտը, ես գուցե մտածեի՝ Կրասնոյարսկ, կամ մեկ այլ տեղ… Հիմա կասեմ Հայաստանում է».- այնքան գեղեցիկ ու զգացմունքային էր ընկալել ու վերապրել  մեր երկրի գեղեցկությունները Կոնստանտին Կոնստանտինովը, որ այնպես էր թվացել, թե Հայաստանում բնությունն անվերջ է ծաղկում, կակաչների դաշտերն այնքան գեղեցիկ  նկարագրեց, կարծես  նկարելիս լիներ: Շատ ջերմությամբ խոսեց մարդկանց  ընդունելության,  հայերի հյուրընկալ նկարագրի մասին. «Բարի են այստեղի  մարդիկ, տեսնում էին, նկարում ենք, սպասում էին մինչեւ ավարտենք, որ չխանգարեն՝ որ…  հյուրասիրության հրավիրեն: Աջակցել են, ինչով կարողացել են: Բախտս բերել է, որ հայտնվել եմ այստեղ, երջանիկ եմ դրա համար»: Նույն  ջերմ վերաբերմունքով խոսեց գեղակադեմիայի աշխատակազմի, ուսանողության, ղեկավարության, ամբիոնների,  ռեկտորի մասին: Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը, գնահատելով նրանց դասախոսական աշխատանքը՝ հիացած  էր, թե ինչպես են  հասցրել ակադեմիայում այդպես  ծանրաբեռնված լինելով, այդքան նկարել ու նաեւ այսպես հարազատորեն ներկայացնել հայկական բնաշխարհի գեեղեցկությունները: «Դա գալիս է մեր ժողովրդի, ակադեմիայի ընդունելությունից, այնպես են տպավորված, որ թվում է՝ ուրիշ որեւէ տեղ նման վերաբերմունքի չեն հանդիպել»:

Ռուս – հայկական համագործակցության մշակութային եւ սոցիալական ծրագրերի ղեկավար   Իրինա Կասատսկայան նկատեց, որ իրենց աշխատանքային փորձը ցույց է տալիս այսպիսի ծրագրերի օգտակարությունը եւ փոխշահավետությունը, նշեց նաեւ գեղակադեմիայի միջազգային կապերի բաժնի ակտիվ  աշխատանքն այս ուղղությամբ: Միջազգային կապերի բաժնի պատասխանատու Մերի Պատվականյանը ներկայացրեց  Շտիգլիցի անվան   գեղարվեստա – արդյունաբերական    ակադեմիայի հետ շուրջ տասը տարիների աշխատանքային արդյունավետ համագործակցությունը՝ նախկինում՝  ուսանողների փոխանակման, որն ակնհայտ ազդել է ուսման որակի վրա, իսկ այս անգամ փորձ արվեց ծրագիրն իրականցնել դասախոսների փոխանակման ուղղությամբ: Պետերբուրգ՝ մեկամսյա դասավանդման մեկնեց գեղակադեմիայի գծանկարի դասախոս Գագիկ Ղազարյանը,  փոխադարձաբար տեղի ակադեմիայի դասախոսներ Կոնստանտին Կոնստանտինովիչը եւ Լեւոն Բեյբությանը դասավանդման ծրագիր իրականացրին Երեւանի գեղակադեմիայի գրաֆիկայի եւ քանդակի ամբիոններում: Շրջագայելով Հայաստանով՝ նրանք իրենց անկեղծ, գունեղ, ջերմ տպավորությունները թողեցին կտավներին:  Այդպես տպավորված էր Օլգա Վեսելովան՝  Լ. Բեյբությանի կինը, որ շատ սիրել է հայկական գյուղի մթնոլորտն ու մարդկանց:  Պետերբուրգում հայտնի քանդակագործ Լեւոն Բեյբությանը այս անգամ դրականորեն փոխված է գտնում Հայաստանը, որովհետեւ  մարդկանց աչքերում ուրախություն է տեսել: Համատեղ ծրագրերի, բուհերի մասնագիական փորձի փոխանակման անհրաժեշտության եւ արդյունավետության մասին խոսեց Գագիկ Ղազարյանը:

Իսկապես՝ զգացմունքային, գեղեցիկ ցուցադրություն, ինչպես  Իրինա Կասատսկայան ասաց՝  ցուցասրահն ասես ծաղկած էր:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply