Կամուրջներ՝ արվեստի լեզվով

Վրաստանի ազգային պատկերասրահում գործում է հայ – վրացական համատեղ ցուցահանդես
Այն ազդեցությունը, որ թողնում է վիզուալ արվեստի որեւէ լավ ստեղծագործություն, հնարավորություն է տալիս զգալու այն անգամ միջնորդավորված. այս պարագայում՝ գեղանկարչական ցուցահանդես, որի մասին պատմող բազմաթիվ լուսանկարներ եւ այդ առիթով տպագրված կատալոգը խոսուն են ու տպավորիչ։
Խոսքն այս օրերին Վրաստանի Դմիտրի Շեւարդնաձեի անվան ազգային պատկերասրահում ընթացող «Library of Colours» հայ—վրացական համատեղ ցուցահանդեսի մասին է՝ մասնակցությամբ Երեւանի եւ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիաների ռեկտորներ Արամ Իսաբեկյանի եւ Գիա Գուգուշվիլու, երիտասարդ նկարիչներ Արթուր Հովհաննիսյանի եւ Մարիամ Գուգուշվիլու։
Ցուցահանդեսի շուրջ արվեստասեր հանրության հետաքրքրությունը եւ լրատվամիջոցների ուշադրությունը վկայում են դրա կարեւորության եւ աննախադեպության մասին. անցյալներում եթե վրաց արվեստագետները ցուցադրվել են Հայաստանում եւ՝ հակառակը, հետանկախության տարիներին համատեղ ցուցահանդեսի այսպիսի ներկայացում, այն էլ՝ Վրաստանի ազգային պատկերասրահում, առաջին անգամ է կայանում։ Բացմանը ներկա է եղել վրաց արվեստագետ–մտավորականների մեծ բազմություն։
Ինքը՝ Գիա Գուգուշվիլին, երկրի ամենանշանավոր ու գնահատված նկարիչներից է, արդեն իսկ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի հեղինակավոր ու հարգված լինելը երկրում վկայությունն է արվեստի հանդեպ վրաց հասարակության եւ կառավարության հատուկ վերաբերմունքի եւ ուշադրության։ Բացմանը ներկա են եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական մշակութային միությունների, գրողների «Վերնատուն» միության անդամներ, «ARTBEEP»–ի ներկայացուցիչներ, Երեւանի գեղակադեմիայի տասնյակ ուսանողներ։ Մի քանի օր անց ցուցահանդես այցելել է Վրաստանի վարչապետը։ Ցուցահանդեսը մեծ արձագանք է ունեցել, արժանացել հանդիսականի հիացական վերաբերմունքին եւ մասնագետ արվեստաբանների գնահատանքին, լայնորեն լուսաբանվել է, վրացական շատ թերթեր եւ հեռուստաալիքներ հանգամանորեն անդրադարձել են ցուցահանդեսի նշանակությանը՝ երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ուղղված դրա կարեւորագույն նպաստին։ Արվեստի միջոցով միջպետական այսպիսի հարաբերությունը, ինչպես նշված է նաեւ ցուցահանդեսին նվիրված կատալոգում, ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է դրացի երկու ժողովուրդների դարերից եկող բարեկամությունը շարունակելու, միաժամանակ ակտիվացնելու, նորացնելու այն ավանդույթները, որ ստեղծվել են հայ–վրացական արվեստի դպրոցների միջեւ դեռ վաղուց։
Նախնական պայմանավորվածության՝ միայն ռեկտորների մասնակցության ցուցահանդեսի կազմի փոփոխությունը երիտասարդների ներգրավմամբ նպատակ է ունեցել ներկայացնելու ոչ միայն սերունդների գեղարվեստական մտածողության տարբերությունները, զարգացումներն ու փոփոխությունները, նաեւ այն հոգածությունը, վերաբերմունքը, որ երիտասարդ արվեստագետների նկատմամբ՝ որպես մանկավարժ, որպես ռեկտոր, ցուցաբերում են իրենց երկրներում վաղուց արդեն հայտնի նկարիչներ Արամ Իսաբեկյանը եւ Գիա Գուգուշվիլին։ Հետաքրքիր, անշուշտ նաեւ հատուկ վերաբերմունքի արտահայտություն է ցուցահանդեսում ընդգրկված նկարների քանակային բաշխումը. հայ նկարիչներին տրվել է ցուցադրվելու ավելի լայն հնարավորություն, դրանցից միայն 25–ը Արամ Իսաբեկյանի աշխատանքներն են։
Ցուցահանդեսի «Library of Colours» («Գույների միացում») խորագիրն արդեն իսկ գույնի, նկարչության միավորող–մերձեցնող դերի մասին է խոսում, որի միջոցով երկխոսությունը, հանդիպումը ոչ միայն տպավորիչ է կամ գեղեցիկ, այլեւ՝ շատ ավելի մատչելի, անմիջական եւ նույնքան հասկանալի։ Մշակութային այս զուգադրում–միակցումը, բարեկամական ժեստ լինելուց բացի, արվեստային արժեքավոր երկխոսություն է՝ կազմակերպված բարձր մակարդակով, գնահատված եւ ջերմ վերաբերմունքի արժանացած։
Արամ Իսաբեկյանին շնորհվեց Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում։ Իր հերթին նա ակադեմիային նվիրեց Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկական գործերից մեկը։ Հայտնի է՝ այն շրջանում, երբ Հայաստանում արվեստի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չկար, հայ շատ երիտասարդներ սովորելու էին մեկնում Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա՝ ստեղծելով իրենց մթնոլորտը, անգամ որոշակի ավանդույթներ։ Հայ կերպարվեստի վարպետներից Էդուարդ Իսաբեկյանը նույնպես սովորել է այնտեղ։
«Library of Colours» ցուցահանդեսի կազմակերպումն իրականացրել են «ARTBEEP» ասոցիացիան, Երեւանի եւ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիաները, Վրաստանի ազգային պատկերասրահը։ Տպագրված կատալոգը ընդգրկում է չորս նկարիչների 58 աշխատանք։ Ամփոփ տրված են հեղինակների կենսագրությունները, ստեղծագործական ընթացքը, նրանց արվեստը ներկայացնող հակիրճ, սակայն շատ բնութագրական տեքստեր՝ հեղինակությամբ Վիգեն Ղազարյանի, Նինո Գագանիձեի, Շուշանիկ Զոհրաբյանի, Մարիամ Չորգոլիանիի։
Ցուցահանդեսի մասնակից չորս արվեստագետները ներկայացնում են նկարչական միանգամայն տարբեր ուղղություններ եւ մոտեցումներ՝ գեղարվեստական մտածողության, ոճերի, աշխարհընկալման, առաջադրված խնդիրների, գունային մթնոլորտի բազմազանության, որով եւ բնորոշվում են հեղինակներից յուրաքանչյուրի անհատականությունն ու ձեռագրի ինքնատիպությունը։
Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ, 13-05-2017

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.