Պարզության գրավչությունը

Պարզության գրավչությունը

Վիկտորյա Շահբազյանը Գեղարվեստի պետակադեմիայի գրաֆիկայի բաժնի ավարտական կուրսում է սովորում: Դիպլոմային աշխատանքի («Արվեստանոց») նախապատրաստական էսքիզների ցուցադրությունը «Ալբերտ  եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, հաջողությամբ ընդունվեց: Իր տեսակի մեջ բավական հետաքրքրական մի էքսպոզիցիա, որ թողնում է թեմատիկ  ընդհանրությամբ ամբողջական մի պատմության տպավորություն, որի կերպարները իրական կյանքային միջավայր են ստեղծում: Նրանք հիմնականում կանայք են, աղջիկներ, որոնք ներկայացված են տարբեր գործողությունների, շարժման մեջ,  առանձին փոքրիկ դետալները  ընդգծում են յուրաքանչյուրին ավելի  բնորոշ գծերը, ինչը նաեւ ինքնարտահայտման ձեւ է: Կյանքի շարժը յուրատեսակ շարունակություն է ստացել նկարների մեջ, ինչ – որ տեղ  առօրյայի արտահայտում է կարծես, որովհետեւ նրանք՝ այդ կերպարներն իր համակուրսեցիներն են: Ասում է՝ «Խմբում հինգ աղջիկներ ենք, մտերիմներ ենք եւ հիմնականում միմյանց ենք նկարում: Երբ նրանք ինձ պատմում են իրենց հետ պատահած եղելություններ, ես չեմ լսում զուտ լսելու համար, նրանց հետ ապրում եմ դա եւ աշխատում եմ աջակցել: Սա արտահայտվում է նաեւ իմ նկարներում»: Այս աղջիկները ներկայացված են կյանքային տարբեր իրավիճակներում. ինքնանպատակ կամ զուտ էսթետիկական որեւէ տարր չես նկատի, ամեն ինչ բնական է, անկեղծ, ինչը եւ հետաքրքրական է դարձնում դիտումը, երբ փորձում ես անգամ կարճ պատմություններ եւ սյուժետիկ ընդհանուր գիծ տեսնել այս էսքիզներում: Դրանցից՝ ոճով,  գունային արտահայտությամբ տարբեր են աբստրակտ մտածողությամբ արված մի քանի մոնոտիպ աշխատանքներ («Գիտակցում», «Տիեզերք»)՝ տպագիր գրաֆիկայի այս տեսակին հատուկ նուրբ գունահարաբերումներով, մեղմ ուրվագծերով, որոնք հոգեկան որոշակի պահերի դրսեւորումներ են,- ապրելով իրականության մեջ՝ միաժամանակ լինել դրանից դուրս:

Վիկտորյան իր նկարչության համար որպես հիմնական միջոց ընտրել է ջրաներկը, աշխատում է նախ՝ գրիչով, տուշով եւ ապա՝ ջրաներկով: Ասում է՝  ջրաներկի թեթեւությունը, թափանցիկությունը իրեն հարազատ է, եւ որ ինքն էլ բնույթով հենց այդպիսին է՝ պարզ է, այնպես, որ մարդիկ գիտեն՝ ինչ սպասեն իրենից: Ջրաներկին վերադառնալ իրեն հորդորել է գրաֆիկայի ամբիոնի վարիչ՝ Աբրահամ Սահակյանը.  շատ գոհունակությամբ է խոսում նրա, կոմիքսների դասախոս Տիգրան Մանգասարյանի եւ մյուս դասախոսների մասին: Կարեւորը այն ոգեւորությունն է, որ կա նրա խոսքի մեջ, ինքնակատարելագործման ձգտումը, ուսումը հետագայում դրսում շարունակելու ցանկությունը, լավատեսությունը եւ համոզվածությունը աշխատանքի հետագա հաջողության մեջ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply