ԷՍՊԱՔ նախագիծ. համակարգման ժողով Էդինբուրգում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական վարչության և որակի ապահովման կենտրոնի աշխատակիցները սույն թվականի մարտի 20-21-ին մասնակցեցին ՏԵՄՊՈՒՍ-ի ԷՍՊԱՔ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակից SPARQS կազմակերպության կողմից (Շոտլանդիա) կազմակերպված կառավարման ժողովին:

Մասնակից հաստատությունների ներկայացուցիչները երկօրյա ժողովի ընթացքում քննարկեցին ծրագրի ընթացիկ քայլերը՝ անդրադառնալով հետագա գործողություններին և սպասվող միջոցառումներին: Ծրագրի ընդհանուր և ֆինանսական կառավարման, արդյունքների տարածման, որակի և կայունության ապահովման խնդիրները նույնպես մասնկիցների ուշադրության կենտրոնում էին:

Ծրագրի կառավարման խումբն ամփոփեց ծրագրի աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացված գործողությունները և սահմանեց ժամկետներ հետագա քայլերի և միջոցառումների (աշխատակիցների և ուսանողների ուսումնական այցեր, արդյունքների տարածման և ամփոփ համաժողովներ) համար:

ԵԳՊԱ-ի ներկայացուցիչները նաև հնարավորություն ունեցան մասնակցելու ևս երկու միջոցառման. մարտի 22-ին՝ միջազգային պատվիրակների օրվան (որում ներառված էր նաև այց հնագույն Ստիրլինգի համալսարան) և մարտի 23-ին՝ SPARQS-ի համաժողով 2017-ին: Երկու իրադարձություններն էլ կազմակերպվել էին SPARQS-ի կողմից՝ հնարավորություն ընձեռելով պատվիրակներին ծանոթանալ Ստիրլինգի համալսարանի ուսանողների ներգրավածությանը բուհական տարբեր կառույցներում և հատկապես նրանց ներդրումներին բուհի որակի ապահովման գործընթացներում:

Միջազգային համաժողովը ևս մեկ հնարավորություն էր ծանոթանալ բուհերի որակի գործըթնացներում ուսանողների դերի կարևորության և ներգրավածության ուղղությամբ SPARQS-ի իրականացված գործունեությանը, որը նոր հորիզոններ է ստեղծում ուսանողների համար մասնակցել բուհական կյանքին: Անցկացվող աշխատաժողովներից մեկի ընթացքում էլ ներկայացվեց հայաստանյան փորձը, մասնավորապես ուսանողների ներգրավածության ուղղությամբ տարվող աշխատանքների ԵԳՊԱ-ի գործունեությունը:

Leave a Reply