«Մուսա. Փարիզյան տպավորություններ»

Ցուցահանդես՝  նվիրված ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

Հավերժական գեղեցկությունների, արվեստների ու սիրո քաղաք համարվող Փարիզը իր ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում. նրա հմայքի խորհուրդներն այնպիսին են, որ քաղաքի մթնոլորտում, ուղղակիորեն օդի մեջ են պտտվում այդ թրթիռները; Եթե կարողացար զգալ դա՝ Փարիզը բաց է քո առաջ, հասկանալի՝ նրա ամեն անկյունում թաքնված հմայքի էներգիան: Արամ Իսաբեկյանի համար Փարիզը հենց այդպիսին է. «Մուսա. Փարիզյան տպավորություններ» լուսանկարչական շարքից դժվար չէ կռահել, թե որքան է այս քաղաքը մոտ ու սիրելի հեղինակին: Գեղանկարչի նրա աչքը նկատել է գեղեցկություններ ու թաքնված իմաստներ քաղաքի սովորական թվացող անկյուններում անգամ, եւ ոչ այնքան գրեթե ամենքին հայտնի Փարիզի նշանավոր վայրերում: Վստահաբար, նրա լուսանկարչական սարքը իր տպավորությունների միայն արտաքին կողմը չէ, որ  արձանագրել է, ակնհայտորեն դրանց յուրաքանչյուր պահի, ակնթարթի մեջ զգացումի մի թրթիռ, մի ապրում կա: Գեղակադեմիայի  «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված լուսանկարների այս շարքը, ինչպես նկատեց «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Սյուզան Ղարամյանը, հատկապես դրանով է տարբերվում, որովհետեւ արված է ոչ թե պրոֆեսիոնալ լուսանկարչի, այլ պրոֆեսիոնալ գեղանկարչի կողմից, որի աչքը ավելի դիպուկ է՝ հաճելի պահեր տեսնելու եւ դրանք իմաստավորելու:

Լուսանկարներն արված են սովորական, ոչ պրոֆեսիոնալ ապարատով, Փարիզին շատ բնորոշ գեղեցիկ մի առավոտ, Cite International des Arts –ի, որտեղ հաճախ է ստեղծագործական շրջաններ է անցկացնում նկարիչը, մերձակա տարածքներում: Ցուցահանդեսը նվիրված է Ֆրանկոֆոնիայի օրվան. մարտի 20-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ֆրանսերեն լեզվի միջազգային օր: Մեկնարկը Հայաստանում, ինչպես նշեց  ցուցահանդեսի կազմակերպիչ, Գեղակադեմիայի  միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Մերի Պատվականյանը, ամեն տարի սկսվում է այստեղից: Ավելի տպավորիչ դարձնելու համար լուսանկարներին կից  պատերին կարելի էր կարդալ ֆրանսացի նշանավոր գրողների՝ Լուի Արագոնի, Ալֆոնս դը Լամարթինի, Վիկտոր Հյուգոյի, Ալֆրեդ դը Վինյիի, Ժան Բատիստ Մոլիերի՝ Փարիզին նվիրված  բանաստեղեղծություններից, Շոպենի փարիզյան առաջին տպավորության արձագանքը, որ գեղեցիկ լրացում էր՝ արված ցուցահանդեսը կազմակերպողի կողմից. «Յուրաքանչյուր արտիստի համար Փարիզը ներշնչանքի աղբյուր է, որ տալիս է ստեղծագործական անսպառ էներգիա: Արամ Իսաբեկյանի լուսանկարների այս շարքում փարիզյան դեմքեր, տեսարաններ են. ամեն անգամ Փարիզում նրա արտիստական, գեղարվեստական միտքը արթնանում է նորովի, եւ հենց քաղաքն ինքն էլ վերստին ծնվում է յուրաքանչյուր նոր հայացքում:  Այս անգամ լուսանկարներով է արտահայտված նրա դիալոգը քաղաքի հետ, լուսանկարն է դարձել հիշողության վավերաթուղթ»:

Իր խոսքում Սյուզան Ղարամյանը անդրադարձավ «Ալիանս Ֆրանսեզի»  նշանակությանն ու առաքելությանը, որ է՝ ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի տարածումը ամբողջ աշխարհում: Կենտրոնը Փարիզում է,  այն գործում է շուրջ 160 երկրում, Հայաստանում՝ արդեն 18 տարի:  Ֆրանսախոս երկրների համագործակցության Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության, որ ունի շուրջ 80 անդամ – պետություն, եւ որի նախապայմանը ոչ այնքան ֆրանսերեն լեզվին տիրապետելու մակարդակն է որեւէ երկրում, որքան՝ Ֆրանսիայի հետ ձեւավորված մշակութային կապերը եւ կազմակերպության հիմքում ընկած համամարդկային արժեքների ընդունումը,  Հայաստանը լիիրավ անդամ է դարձել 2012 թվականից, մինչ այդ 14 տարի եղել է որպես դիտորդ-անդամ: Նա տեղեկացրեց, որ այդ առումով 2018 –ը պատասխանատու տարի է մեր երկրի համար, քանի որ Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի 2018-ի գագաթաժողովի անցկացումը Երեւանում, ինչը  լրջագույն ու պատշաճ կազմակերպում եւ ընդունելություն է պահանջում՝ տասնյակ երկրների պետական առաջին դեմքերի, բարձրաստիճան պաշտոնյաների, մտավորականների, բազմաթիվ հյուրերի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply