«…Մենք իր կյանքի միջով անցանք, ինքը՝ մեր կյանքի»

«…Մենք իր կյանքի միջով անցանք, ինքը՝ մեր կյանքի»

Դժվար կյանքի համար բաժակ բարձրացնում են կյանքը խորապես հասկացած, իմաստավորած եւ սեփական առաքելությունը գիտակցած անձինք միայն… Նրանք իրենց ապրած ժամանակի մեջ արդեն առանձնանացած են, նշանավոր իրենց բնագավառում. նրանց ստեղծած արժեքներն են, որ ժամանակի, էպոխայի դիմագիծ են ստեղծում, դառնում պատմություն, հոգեւոր ժառանգություն՝ ազգի, մարդկության համար: Որպես կանոն, ներքին մեծ էրուդիցիայով, էներգետիկայով նրանք դեպի իրենց են ձգում հասարակության այն մասին, ովքեր ունեն դրա կարիքը, ովքեր ակնածանք ու խոնարհում ունեն իրենց ապրած ժամանակն իմաստավորող, ստեղծագործող, արարող անձանց նկատմամբ: Այդ մարդիկ միշտ սակավ են, որովհետեւ ընտրյալ են, բայցեւ սակավ են նրանց իսկապես հասկացողներն ու գնահատողները: Հայ ժամանակակից կերպարվեստի դիմագիծը պատմության մեջ ամրագրող ամենավառ ներկայացուցիչներից Էդուարդ Իսաբեկյանը՝ վրձնի մեր լավագույն վարպետներից մեկը, էությամբ, մտածողությամբ, աշխարհընկալումով արվեստագետ-նկարիչ, իր գեղանկարչության պես գունեղ ու բազմաշերտ, իր բառերի պես հարուստ ու բանաստեղծական հոգի ուներ: Այդ հոգու հարստությունները, ինչպես արվեստաբան – թատերագետ Հակոբ Մարտունին նկատեց օրերս Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցած Սյուզաննա Փիոսյանի «Անկրկնելի Իսաբեկյանը» գրքի շնորհանդեսին, նա բաշխում էր մտերիմներին, ընկերներին, հարազատներին, ուսանողներին՝ հիմնականում, սակայն, սփռած բազմաբնույթ, բազմաժանր կտավներին, բառերի, բանավոր իր հրաշալի խոսքի, մարդու զգայական աշխարհ միանգամից թափանցող, անմիջական, կենդանի օրագրային գրությունների մեջ, որոնք անհրաժեշտաբար տպագրության են սպասում. անհրաժեշտաբար՝ նախ մեզ համար…

Հուշագիրը՝ Սյուզաննա Փիլոսյանը, ժամանակին վայելելով Վարպետի մտերմությունը, կարելի է ենթադրել, բազում հանդիպումների հատուկ պահերը առանձնակի խնամքով է հիշողության մեջ պահել, թերեւս առանց նոթագրելու, գուցե թեթեւ գրառումներով, նա կարողացել է տարիներ անց այդ հիշողությունների ամենավառ պատառիկներն ամփոփել եւ ընթերցողական սեղանին դնել մի գիրք, որի տողերի միջով հոսում է անցյալ, վերարթնանում կյանքի մի ժամանակ, թանկ՝ ապրումներով, խոհերով, տրամադրություններով, զգացողություններով՝ ստեղծելով Վարպետի՝ որքան պարզ, նույնքան բարդ ու հակասական կերպարը՝ իր հոգու պրիզմայով անցկացրած:

Այդ օրը դահլիճում հավաքված անձանց թերեւս մեծ մասը անձամբ ճանաչել է Էդուարդ Իսաբեկյանին, իսկ խոսք ասողները նաեւ մտերիմ են եղել նրա հետ. այդպիսի պարագայում մեկ ուրիշի հուշագրության մասին խոսելիս, բնականաբար սեփական հուշը, տպավորությունը գրեթե անհնար է դուրս թողնել, եւ դա ավելի ջերմացնում, կենդանի է դարձնում մթնոլորտը, մի տեսակ զրույց է սկսվում, ու դա լավ է:

Գիրքը, ինչպես նկատեց Վարպետի որդին՝ Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, տպագրական առումով բավական համեստ է, սակայն հարուստ է ներքին ջերմությամբ եւ անկեղծությամբ: Նա բացարձակ տեղյակ չի եղել գրքի ստեղծմանը եւ որեւէ միջամտություն իր կողմից բնականաբար չի եղել, երբ հնարավոր էր որոշ փոփոխություններ, որոշ նյութերի հավելումներ լինեին՝ թեկուզ Վարպետի օրագրային տպավորությունների, կամ լուսանկարների զետեղում, տպագրական մեկ այլ մոտեցում եւ այլ, սակայն գիրքը արժեքավոր եւ գնահատելի նա համարեց ինքնաբուխ, ինքնուրույն լինելու հանգամանքով նաեւ եւ, շնորհավորելով հեղինակին, Վարպետի գրաֆիկական աշխատանքներից մեկը նվիրեց նրան:

Էդուարդ Իսաբեկյանը, ինչպես ամեն ճշմարիտ արվեստագետ ու մտածող, բարդ խառնվածք էր, բարդ՝ ներքին շերտերով, մտածողական ընդգրկումներով, իմացության ծավալներով, եւ քանի որ արվեստագետ էր՝ զգայորեն բաց , հաղորդ էր կյանքի ամեն երեւույթի: Իր նկարչությունը լավագույն հայելին է իր նկարագրի՝ դրա ուղղակի արտացոլանքը՝ ըմբոստ ու խոհական, հաստատակամ ու փխրուն, մերձ բնությանն ու կյանքին՝ մերթ հանդարտ, մերթ փոթորկուն: Իր կտավներում բնության, կյանքի պատկերներն այդպիսին են՝ մերթ բազմածավալ, բազմաֆիգուր, մերթ ուրվագծումներ, մատիտանկար կամ ջրաներկ նուրբ հպումներ, գույները՝ մերթ թանձր կուտակումներով, մերթ թեթեւ –թափանցիկ:

Էդուարդ Իսաբեկյանի էությունը՝ նրա հոգու մորմոքն ու կարոտները խտացված են «Իգդիր» վեպում՝ ստեղծված նույնքան տաղանդավոր գրչով, որքան վրձնած գործերն են: Բնավ պատահական չէ, որ իր մասին խոսելիս գրեթե ոչ մեկը չդիմացավ (լավ իմաստով) «գայթակղությանը»՝ Իսաբեկյան – նկարչից սահուն անցում կատարելու Իսաբեկյան- գրողին: Մի շքեղ պատում՝ գրված հայրենիքին, ծննդավայրին, նրա շքեղ արեւածագերին ու մայրամուտներին սիրահարվածի կարոտով ու պարտադրաբար բաժանվածի մորմոքով, սիրո խոստովանության ազնիվ պոռթկում, բառի ապրեցնող, այրող ջերմությամբ, հայրենի կորսված եզերքներում թափառող որոնողի անհուն թախիծով:

Մարտին Միքայելյանը՝ Ջոտտոյի տուն- թանգարանի տնօրենը, Վարպետի վաղեմի մտերիմներից , որ շատ լավ է հասկացել նրա հոգու անկյունները, «Իգդիրը» համարում է գիշերային երկխոսություն (այս պարագայում ժանրային պատկանելությունը կարեւոր չէ, ըստ էության, ոչինչ չփոխող՝ համենայն դեպս գրականագիտությունից դուրս), ներքին զրույց իր կարոտների, երազների, սիրելի մարդկանց… իր արյան հետ: «Ինքը հարուստ մարդ էր, զարմանալի անկյուններ ուներ՝ իրար նույնիսկ հակասող. սիրում էր Սայաթ-Նովային, Չարենցին, Տինտերետոյին, Վելասկեսին եւ շատ տարբեր մարդկանց: Իր անձը երբեք չկարեւորեց, այդպես էլ չիմացավ, որ իր վրձնահարվածը, էսքիզային նկարը՝ թեթեւ քնքշությամբ արված, ավելին է, քան իր ժամանակակիցներից շատերինը, որոնց տեսավ եւ աշակերտեց»:

Հակոբ Մարտունին՝ գրքի խմբագիրն ու այն տպագրության երաշխավորողներից առաջինը, նկատեց, որ հուշագրյալի կերպարը, որքան որ անքննելի է, մեզ անծանոթ բնութագրումներով է գծագրվում գրքում, կարեւորեց այն հանգամանքը, որ Իսաբեկյանը եղել է այն սակավ նկարիչներից, ով ժամանակին խիզախություն է ունեցել խուսափել արվեստը սպանող սոցռեալիզմի պարտադրանքներից. եւ այդպես էր, քանի որ արվեստագետի նրա լանջապանակը ճշմարտությունն ու լույսը են եղել: «Ինձ այնպես է թվում, որ «Իգդիրը» նա ոչ թե գրել, այլ որպես ռապսոդ, ասացող պատմել է՝ այնքան թանձրույթով է գրել, անխառն, հրաշալի պատկերներով: Սա աղաչանք է Բարձրյալին, բայց եթե կուզեք, բողոք է՝ աշխարհին ու աշխարհակարգին նաեւ, որ Իգդիրի նման լուսաստղ մի գյուղաքաղաք, որ Արեւելյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի բաժանարար գիծն էր, ճանապարհը մեր երկու հատվածների միջեւ,- Արարատյան դաշտավայրից Իգդիրով էին գնում Վանի թագավորություն, – այսօր մեր կամքից անկախ լքված է: Այս գիրքը, այս վեպը Իգդիրի էպոսն է, այդ մորմոքը բնավ մեռնող մարդու մորմոք չէ, դա ապագային նայող, հուժկու, հերոսական մորմոք է, եւ այո՝, մորմոքն էլ կարող է հերոսական լինել… »:

Էդուարդ Իսաբեկյանի ապրած կյանքը, որ ամբողջովին նվիրում էր արվեստին, երկրին, ժողովրդին, դաս էր իր ժամանակակիցների եւ ապագա սերունդների համար: Որեւէ առիթի դեպքում Կարեն Աղամյանը հաճախ է ասում, որ նրա կոմպոզիցիաները իր արվեստի համար դպրոց են եղել: Մի նուրբ նկատառում, որ նրա աչքից չէր վրիպել. հուշագրության հեղինակը գրում է, որ Իսաբեկյանին հանդիպել է, երբ երիտասարդ է եղել՝ 54 տարեկան: «Բոլորի համար սա չի ասվի, Էդուարդ Իսաբեկյանը 54 տարեկանում եւ մինչեւ կյանքի վերջը երիտասարդ էր, որովհետեւ կյանքին նայում էր հոգու ջինջ հայացքով»: Արեւշատ Ավագյանի հիշողություններում Վարպետի կերպարը մնացել է իբրեւ կյանքին հառած հաստատակամ հայացք, իր սիրո, համակրանքների ու հակակրանքների ընտրության մեջ ճիշտ, սրտացավ մարդու արդարամիտ վերաբերմունք՝ բնությանը, կյանքին, արվեստին՝ դա լիներ Սեւանի խնդիրը, հին Երեւանի քանդվող ճարտարապետությունը, թե մեկ ուրիշ անարդարություն, անհաշտ էր նա: Այդպիսին նա մնացել է մտերիմների, ուսանողների, իրեն ճանաչողների հիշողություններում, եւ յուրաքանչյուրի խոսքի՝ անգամ մի փոքրիկ դիտարկում, լրացնում էր այդ հիրավի անկրկնելի մարդու կերպարը. գրքի անշուք լինելն անգամ, ինչպես Հաղթանակ Շահումյանն ասաց, սազական է նրան, որովհետեւ պճնված բաներ չի սիրել նա:

«Իսաբեկյանի հետ նստել, նշանակում էր իմաստնանալ»,- երկար տարիների մտերմության, զրույցների, ապրված կյանքի խտացված տպավորություն էր «Սուրմալու – Իգդիր» հայրենակցական միության նախագահ Լյուդվիգ Սարգսյանի խոսքը: Նա հիշեց, թե ինչպես, դեռ խորհրդային տարիներին , երբ Վարպետին Իգդիր գնալու առաջարկություն է արել, նա մերժել է՝ ասելով. «Պղծված է հողը, երբ կազատեք՝ կգնամ, պղծված հողում ես գործ չունեմ»:

…Ծանոթ, թավշյա մի զգացողություն իջավ նրա խոսքերից հետո … «Բոլորս ծանոթ ենք նրան, գիտենք իրեն, կարծես ամփոփված ենք նրա մեջ, ինչպես իր «Իգդիր» նկարն է: Մի ամբողջ աշխարհ էր ինքը մեզ համար: Մենք իր կյանքի միջով անցանք, ինքը՝ մեր կյանքի միջով… »:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply