Գեղեցկության իմաստավորումը

Ինչպես ասում են՝ ոչինչ պատահական չի լինում: Գեղարվեստի պետակադեմիայի համար հարմարավետ, ընդարձակ դահլիճ ունենալը վաղուց սպասված անհրաժեշտություն էր, այդ մասին բազմիցս արտահայտվել է ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Այս տարվա ձմռան ամիսներին հաջողվեց իրականացնել այդ վաղեմի ցանկությունը, եւ պատահական չէր, որ առաջին միջոցառումը, որ շատ գեղեցիկ էր, հետաքրքիր ու նոր,  գարնանային էր եւ խորհրդանշական՝ տրամադրությամբ:

Աշխարհում լայնորեն տարածված ծաղկահարդարման  ճապոնական արվեստը՝ իկեբանան՝ մեզանում էլ բավական ճանաչում ունեցող, այդ օրը ակադեմիայի բարենորոգ դահլիճում ձեւավորել էր սովորականից շատ տարբեր, ինչ – որ տեղ էկզոտիկ էներգետիկ դաշտ. օդը, մթնոլորտն ասես  ծաղկած լիներ: Երկու օր ակադեմիայի դահլիճում իկեբանայի եւ սումիէ գեղանկարչության վարպետության դասեր անցկացրին Ճապոնիայից ժամանած պրոֆեսոր Միդորի Յամադան եւ նրան աշակերտած մոսկվայաբնակ Օլգա Սալիվանովան: Միդորի Յամադան Իկեբանայի իկոնոբո դպրոցի բարձրագույն պրոֆեսոր է եւ սումիէ գեղանկարչության բարձրագույն վարպետ՝ ճանաչված ոչ միայն Ճապոնիայում, նաեւ աշխարհի բազմաթիվ երկրներում, որտեղ նա իկոնոբո դպրոցի մասնաճյուղեր է բացել՝ տարիներ շարունակ տարածելով ճապոնական այս ինքնատիպ մշակույթի ոչ միայն կատարողական բացառիկ տեխնիկայի նրբագեղությունը, նաեւ իմաստները,  խորհուրդներն ու նշանակությունը: Այն ինչ նա ցույց տվեց եւ ներկայացրեց այդ մի քանի ժամերի ընթացքում, կարծում եմ՝  հիշողության մեջ մնացող էջերից են: Ցույց տալով իկեբանայի պատրաստման հիմնական մեթոդները, եղանակները, նա հընթացս ծանոթացնում էր այդ գեղեցիկ արվեստի սկզբնավորման եւ զարգացման պատմությանը, ուղղություններին ու դպրոցներին եւ դրանց տարբերություններին. տպավորիչ էր հատկապես  դասական իկեբանան՝ կատարողական առանձնահատկությամբ, կոմպոզիցիոն բոլոր տարրերի՝ ծաղկամանների, ճյուղերի, տերեւների ընտրության, ծաղիկների գույնի, քանակի, պարտադիր մեկ ուղղությամբ լինելու, ճապոնական հին տներում հատուկ տեղ  ունենալու խորհրդով ու նշանակությամբ. այն, իհարկե, ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրել, նոր ձեւեր ու մեթոդներ են ներմուծվել, այդուհանդերձ, դասական իկեբանան մնացել է ամենանրբաճաշակն ու իմաստավորվածը, պատրաստման եղանակով էլ՝ ամենաբարդը:

 

Ճապոնիա այս արվեստը թափանցել է Չինաստանից, բուդդայականության տարածման 7-րդ դարում, սկզբնական շրջանում ունեցել է ծիսական նշանակություն: Պատրաստման ողջ ընթացքն արդեն իսկ ծես է եղել, երբ բնության մասնիկները՝ ծաղիկները, ճյուղերը, տերեւները կամ խոտը, հատուկ խնամքով ու սիրով ընտրվել, հավաքվել ու համադրվել են՝ մտովի աղոթքով: Ըստ էության դա երկողմանի՝ ներսի եւ դրսի մի յուրահատուկ սինթեզ է, բնության ճանաչողության, նրա հետ մերձեցման՝ դրանով իսկ ինքնաճանաչողության եւ միաժամանակ հոգեւոր իմաստավորման ընթացք: Դա նվիրաբերումի հուզական ծես է Աստծուն. չէ՞ որ այն դրվում էր Բուդդայի արձանի առջեւ: Ու կարծես վերադարձ էր նաեւ, սիրո փոքրիկ, բայց անկեղծ խոստովանություն. մարդու՝ արարչաստեղծ աշխարհից ստացած զգացումների սքանչելի փունջ, որ վերադարձվում էր իրեն՝ Արարչին:

Իկեբանայի հիմնական սկզբունքը՝ հարդարել ծաղիկները ինչպես բնության մեջ են, այն դարձնում է ավելի մերձ մարդու հոգուն, ավելի ճշմարիտ, ոչ միայն բնական գեղեցկությամբ, այլեւ ներքին այն էներգետիկայով, որ նրանց մեջ դրել է ինքը՝ իկեբանայի վարպետը: Եվ սա այնքան ակնհայտ էր, երբ տիկին Յամադան ավարտեց իր աշխատանքները. շարժումների զգուշությունն ու նրբությունը, ծաղիկների հետ անշշուկ զրույցը, հայացքի խոնարհ ժպիտը… երբ դրանցից փոքրիկ մասնիկներ էր զատում եւ տեղադրում ծաղկամանի մեջ: Սա  մարդու եւ բնության նախաստեղծ, անխաթար վիճակի լուռ վկայություն է, ժամանակի միջով հոսող գեղեցկության հավերժական ձգտում, սեր եւ պոեզիա՝ ամփոփված փոքրիկ ծաղկի, խոտի մի ճյուղիկի, կարճլիկ տերեւի մեջ: Այդպիսին հենց իկեբանա բառի նշանակությունն է՝ ապրող ծաղիկ – հավերժական գեղեցկություն, ինչպես ճապոնական պոեզիան է՝ թանկաներն ու հոքուները,  երեք – հինգ կարճ տողերի մեջ   կյանքի իմաստնություն, ապրումների ու խոհերի մի ողջ հոսք է ասես անցնում, կարծես քանդակված, նկարված  լինեն պատկերները:

Ճապոնակական գեղանկարչությունը, գրաֆիկական արվեստը յուրահատուկ մեթոդներ ու տեխնիկա է պահանջում, ոչ միայն ձեռքի վարպետ շարժումները, այլեւ օգտագործվող նյութերն են կարեւոր՝ տուշը, ներկը, թուղթը, վրձինը: Սումիէ ուղղությունը՝ սեւ տուշանկարչությունը՝ 7-րդ դարից եկող, ծագումով չինական, առանձնանում է մի շարք յուրահատկություններով: Գործածվող տուշի արտադրությունն արդեն իսկ մշակույթ է, որ ստանում են հատուկ տեսակի  ծառերի այրելուց ստացված փոշին խառնելով տարբեր նշանակությամբ յուղերի հետ: Նկարելու վարպետությունը կախված է տեխնիկայի կատարյալ տիրապետումից՝ ձեռքի շարժման ճկունությունից՝ վրձնի տարբեր մասերի ճիշտ օգտագործումով, խոնավության տարբեր աստիճաններ վերցնելով: Ձեռքի վստահ շարժումի վարպետությունն է ապահովում պատկերի մեկանգամյա,  վերջնական արդյունքը, որին հետագա միջամտություն այլեւս չի արվում:  Օլգա Սալիվանովան հանգամանորեն բացատրում եւ ցույց էր տալիս շուրջը խմբված ուսանողներին, տիկին Յամադան շրջում եւ խորհուրդներով օգնում էր առաջին անգամ սումիէ ուղղությամբ  նկարել փորձող հայ ուսանողներին:

Պրոֆեսոր Միդորի Յամադան արդեն տասը տարի գալիս է Հայաստան՝ համագործակությամբ հայ – ճապոնական «Հիկարի» գիտա – կրթամշակութային կենտրոնի, իրականացնում տարբեր հետաքրքրական ծրագրեր:  Այս տարվա գարնանային ծրագիրը որոշվեց  իրականացնել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսիոնալ դիզայներներ եւ նկարիչներ դարձող ուսանողների հետ:  Ճապոնական մշակույթի անցած շաբաթվա երկօրյա այս հաճելի հաղորդակցումն ու պրակտիկ ուսուցումը, վստահաբար, տպավորիչ եւ օգտակար եղավ նրանց համար:

Գարնանային գեղեցիկ այս միջոցառումը իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն  Էյջի Տագուչին՝ տիկնոջ հետ: Հաճելի էր դեսպանի հայերեն ողջույնի խոսքը: Նրա համար, ինչպեսեւ՝ գրեթե բոլորիս,  գարունն այս տարի երկար սպասված էր, ուստի նա արեւ ու գարուն մաղթեց ոչ միայն դրսում, նաե՝ մեր սրտերում: Արամ Իսաբեկյանը խորհրդանշական համարեց ակադեմիայի  դահլիճի նորամուտը. «Այն ինչ կուսուցանվի եւ կներկայացվի այս երկու օրերին մեր ուսանողներին, շատ կարեւոր է, եւ հնարավոր է, որ ակադեմիայում բացենք այդպիսի բաժին»:

Ճապոնական մշակույթի ամեն շերտ, ամենափոքր տարր իմաստավորված է. թաքնված խորհուրդ կա նրանց մեջ, պարզ թվացող  իրն անգամ   սիլմվոլիկա է կրում, լեգենդ պարունակում: Ամեն ինչ է իմաստավորված, ամեն բան է կարեւորված. շարժում, գիծ, նշան, հնչյուն, մեղեդի, պատկեր մի ուրիշ հմայք ունեն, ասես տարաշխարհիկ էներգետիկ լիցքեր: Այդպիսին էր «Հիկարի» կենտրոնի սաների երաժշտական կատարումը, այդպիսին էր նրանց պատրաստած խորհրդանշական իրը, որ  Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորին հանձնեց կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիփոսյանը:

Օրն իրոք գեղեցիկ էր, իմաստավոր, ներդաշնակ…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.