Տարվա առաջին անակնկալները

Գեղարվեստի ակադեմիայի այս տարվա առաջին՝ գծանկարի եւ գունանկարի միացյալ ամբիոնի դասախոսների աշխատանքների ցուցահանդեսը հաշվետու համարվում է նախ՝ ուսանողների համար եւ այդ առումով ավելի է կարեւորվում, քանի որ դասախոս – ուսանող հարաբերությունների մթնոլորտը, հատկապես արվեստի բուհերում, բավական նշանակություն ունի ուսումնական գործընթացներում: Այն, ինչ ուսանողը ստանում է դասընթացների՝ տեսական եւ պրակտիկ ուսուցմամբ, լրացվում է այսպիսի միջոցառումներով, երբ դասախոսը նրանց ներկայանում է իբրեւ արվեստագետ, իր ստեղծագործությամբ, գեղարվեստական անհատական մտածողությամբ, դրա նկարչական արտահայտություններով ու ձեւերով, ինչը ուսանողի համար նրան մեկ այլ տեսանկյունից ճանաչելու հնարավորություն է:

Տարվա առաջին ցուցահանդեսի հաճելի նորությունը «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան»  ցուցասրահի վերանորոգված լինելն էր:  Ձմեռային արձակուրդի ցուրտ օրերը փաստորեն ցուցասրահի համար արդյունավետ են անցել. թարմ ու նորոգ տեսքով եւ լուսավորության առավել նպաստավոր պայմաններով ցուցասրահը շատ ավելի գրավիչ է դարձնում արվեստի գործերի դիտումը: Ցուցահանդեսի բացումը ողջունելով՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկաների հետ կիսվեց  ակադեմիայի ուսումնական ընթացքի համար եւս մեկ շատ կարեւոր նորությամբ՝ իրականացված տեսնելով  իր վաղեմի երազանքը՝ հարմարավետ ու ընդարձակ դահլիճի գոյությունը ակադեմիայի շենքում, որն արդիական պայմաններով ավելի արդյունավետ կդարձնի շատ աշխատանքներ. այլեւս հարկ չի լինի դրսում փնտրել եւ վարձակալել դահլիճներ՝ ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունն անցկացնելու, տարբեր տեսակի մասշտաբային ցուցադրությունների համար: Այստեղ տեղի կունենան բուհական կյանքի  մաս կազմող բազմաբնույթ միջոցառումներ, տեղի եւ օտար հրավիրյալ արվեստաբանների, գիտնականների, դասախոսների  հետ հանդիպումներ, համատեղ, մեծ ցուցահանդեսներ:

Հիշյալ ցուցահանդեսը ներկայացնում է գծանկարի եւ գունանկարի միացյալ ամբիոնի ավագ եւ երիտասարդ սերնդի դասախոսների՝ Ֆրանկ Գասպարյանի, Սարո Գալենցի, Ավետիք Ավետիսյանի, Սամվել Մարտիրոսյանի, Արթուր Հովհաննիսյանի, Հարություն Ավագյանի, Դավիթ Սեդրակյանի, Արսեն Խոջոյանի աշխատանքներ, որոնք ուսանողների մոտ բավական հետաքրքրություն եւ հարցեր առաջացրեցին, ինչը բացումից հետո առիթ տվեց միմյանց հետ  քննարկումների:

Ամբիոնի վարիչ Սարո Գալենցը ուսանողների առաջ այսպիսի հաշվետվությունը կարեւորում է մի քանի առումով՝ ուսանողը անմիջականորեն շփվելով ստեղծագործության հետ, հասկանում է՝ թե ինչ աշխարհայացք ունի  դասախոսը, ինչ տեխնիկա է կիրառում եւ ինչ ունի նրանից սովորելու, հատկապես ո՛րը կարող է զարգացնել ուսման հետագա ընթացքում, որովհետեւ իր խոսքերով,  յուրաքանչյուր նկարի ետեւում կանգնած է մի մարդ, գեղարվեստական մտածողության մի ամբողջ համակարգ, ընկալումների, ապրումների ու զգացումների մի աշխարհ:

Դեկորատիվ – կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը արդեն երրորդ տարին անցկացվող հաշվետու ցուցահանդեսների ավանդույթը համարեց օգտակար՝ հատկապես ուսանողների կողմնորոշման առումով, քանի որ ուսանողը ուսումը շարունակելու կգնա այն դասախոսի միջավայրում, որի ստեղծագործական աշխարհը առավել հարազատ է իրեն:

Ցուցասրահում ուսանողական աշխուժություն կար, ռեկտորի խոսքը նրանց հետ միշտ ջերմ ու բարեկամական է, սա անհրաժեշտ առավելություն է, այսօրերին եւ ընդհանրապես շատ պակասող, որովհետեւ ստեղծագործող մարդու համար տրամադրությունն ու մթնոլորտը առաջին անհրաժեշտ պայմաններից են:

«Եղանակը մեր տրամադրության վրա ազդում է իհարկե, դրսում ցուրտ է, ձյուն է, բայց մեր սրահը տաք է, ոչ միայն որ լավ ջեռուցվում է,  այլեւ՝ մթնոլորտն է այստեղ տաք, եւ ձեր ոգին էլ բարձր պիտի լինի», ասաց Արամ Իսաբեկյանը: Այս նույն նոտայով ավարտեց իր խոսքը Ֆրանկ Գասպարյանը. շնորհակալություն հայտնելով ստեղծված աշխատանքային պայմանների համար՝ նշեց, որ տաղանդավոր եւ արժանի դասախոսական կազմ  ու ուսանողներ կան ակադեմիայում,  եւ, թերեւս իր կյանքի փորձից ելնելով, ուսանողներին խորհուրդ տվեց պայքարով անցնել ստեղծագործական հետագա ճանապարհը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply