Հետազոտության վերլուծություն

ԵԳՊԱ ուսանողների զբաղվածության վերաբերյալ հետազոտության վերլուծություն

ԵԳՊԱ Կարիերայի կենտրոնը 2017թ. հունվար ամսվա ընթացքում հարցում է անցկացրել 2016-2017 ուս․ տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների հետ: Հարցման նպատակն է պարզել ուսանողների զբաղվածության մակարդակը, նրանց՝ մասնագիտական կամ ոչ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հարաբերակցությունը, ինչպես նաև ուսանողների կարծիքը ԵԳՊԱ-ում ստացած կրթության որակի, գիտելիքների և գործնական հմտությունների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Հետազոտությանը  մասնակցել է ուսանողների 12,2%-ը: Հարցումն անցկացվել է առցանց. Կարիերայի կենտրոնի բազայում առկա ուսանողների էլեկտրոնային փոստերին է ուղարկվել հարցումը, և առցանց ստացվել են պատասխանները: Հարցման մասին հայտարարություններ են տեղադրվել նաև ԵԳՊԱ պաշտոնական ֆեյսբուքյան, Կարիերայի կենտրոնի ֆեյսբուքյան էջում և ԵԳՊԱ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջերում:

Ամփոփելով ուսանողների զբաղվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները՝ առանձնացվել են հետևյալ եզրահանգումները.

  • Հարցման մասնակից ԵԳՊԱ ուսանողների շուրջ 1/3-ն ուսմանը զուգահեռ աշխատում է:
  • Հարցված, սակայն աշխատանք չունեցող ուսանողների գերակշռող մեծամասնությունը՝ շուրջ 85%-ը, հարցմանը մասնակցելու պահին աշխատանք է փնտրում:
  • Եթե շրջանավարտների մոտ 70%-ն աշխատում է ԵԳՊԱ-ում մասնագիտությամբ կամ իր մասնագիտությանը մոտ բնագավառում, ապա աշխատանք ունեցող ուսանողների 1/3-ից ավելին է աշխատում մասնագիտությամբ:
  • Ուսանողների՝ աշխատանքի մասին տեղեկանալու հիմնական աղբյուրներն են ծանոթները, ընկերները, ծնողները, բարեկամները, իսկ աշխատանք ունեցողների 14%-ը նշել է, որ աշխատանքի մասին տեղեկացել է պրակտիկայի ընթացքում տվյալ կազմակերպությունից:
  • Հարցմանը մասնակցած ԵԳՊԱ ուսանողների 43%-ը գտնում է, որ ակադեմիայում ստացած կրթությունը «որոշ չափով է բավարար» աշխատանքային արդյունավետ գործունություն սկսելու համար, իսկ 1/3-ը գտնում է՝ «բավարար»:
  • Հարցման մասնակիցների շուրջ 90%-ի համար ԵԳՊԱ-ում ստացած գիտելիքները բավարար են աշխատանքի ընդունվելու համար, սակայն գործնական հմտություններն առավել ցածր են գնահատվել:
  • Հարցմանը մասնակցած աշխատող ուսանողների մեծամասնությունն իրենց ծավալած գործունեության արդյունավետությունը գնահատում են «միջին» կամ «ուժեղ»:
  • Հարցմանը մասնակցած ուսանողների մեծամասնությունը (75%) գտնում է, որ ակադեմիայում առկա են բավարար պայմաններ ուսանողական կյանքում ներգրավված լինելու համար, իսկ ¼-ը գտնում է, որ բավարար չէ:
  • Ուսանողների շուրջ 1/3-ը գտնում է, որ բուհում բավարար չեն դասավանդման մեթոդաբանությունների բազմազանությունը, սակայն 80%-ից ավելին դրական է գնահատել դասավանդողների ջանասիրությունը և եռանդը:
  • Ուսանողները գոհունակություն են հայտնել դասախոսների՝ լսարանից դուրս հասանելիության, շփման, հարցեր տալու, քննարկումների առումով, սակայն 20%-ն այն գնահատել է «անբավարար»:
  • Արդյունքները ցույց են տալիս, որ ակադեմիայում ամուր հիմքերի վրա են դրված դասախոս-ուսանող հարաբերությունները. հարցվածների մեծամասնությունը դրական է գնահատել «դասախոսների վերաբերմունքն ուսանողների նկատմամբ»:
  • Ուսանողները ԵԳՊԱ ադմինիստատիվ անձնակազմի վերաբերմունքն իրենց նկատմամբ նույնպես դրական են գնահատել. «անբավարար» է գնահատել հարցվածների միայն 10%-ը:
  • Չնայած հարցված ուսանողներն առավել դրական կարծիք ունեն Կարիերայի կենտրոնի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ, քան շրջանավարտները, սակայն ուսանողների 1/4-ն անբավարար է գնահատել աշխատանքին նախապատրաստող միջոցառումների տեսանկյունից Կարիերայի կենտրոնի աջակցությունը: Հարկ է նշել, որ 2016 թվականի ընթացքում Կարիերայի կենտրոնի կողմից ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպվել է «Ինքնակենսագրություն, ուղեկցող նամակ և հարցազրույց» թեմայով 2 դասընթաց, «Ինքնակենսագրություն, ուղեկցող նամակ և մոտիվացիոն նամակ» թեմայով 1, «Պրեզենտացիա կազմելու հմտություններ» թեմայով 1 և «Աշխատանք որոնելու և հարցազրույցի մասնակցելու» թեմայով 1 դասընթաց: Սակայն ուսանողների մասնակցության թիվը բավական քիչ է: Որոշ դեպքերում վերջիններս չեն տեղեկանում, իսկ որոշ դեպքերում էլ տեղեկանալով հանդերձ չեն մասնակցում դասընթացներին:

2017թ. ընթացքում Կարիերայի կենտրոնը շարունակելու է իրականացնել դասընթացներ, որոնք կնպաստեն ուսանողների՝ աշխատանքին նախապատրաստող հմտությունների զարգացմանը: Դասընթացների մասին հայտարարությունները կտեղադրվեն ԵԳՊԱ պաշտոնական կայքում, ԵԳՊԱ ֆեյսբուքյան պաշտոնական էջում և ԵԳՊԱ Կարիերայի կենտրոնի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Կարիերայի կենտրոնի բազայում առկա ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվի միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.