Մերձեցման ուղիներ

Արվեստի բուհերի շաբաթ

Արվեստի երկու բուհերի՝ Գեղարվեստի պետակադեմիայի եւ Պետական կոնսերվատորիայի ուսանողների ստեղծագործական համագործակցության առաջին փորձը հաջողություն արձանագրեց. անցած տարեվերջին գեղակադեմիայի «Ալբերտ ռւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում նկարչության ու երաժշտության՝ գույնի, պատկերի, հնչյունի ու մեղեդու փոխլրացնող համադրումը՝ հանդիսականներին տպավորեց եւ հաճույք պատճառեց: Այս տարի բուհերի այդ ծրագրին միացավ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ ընդլայնելով ծրագրի շառավիղն ու բնույթը:   Նոյեմբերի 25-ին, Կոնսերվատորիայում երեք բուհերի ռեկտորները՝ Արամ Իսաբեկյանը (ԵԳՊԱ), Շահեն Շահինյանը (ԵՊԿ) եւ Դավիթ Մուրադյանը (ԵԹԿՊԻ) ստորագրեցին հնգամյա համագործակցության հուշագիր: Ծրագիրը կրեց «Արվեստի բուհերի շաբաթ» անվանումը: Այն մեկնարկեց նոյեմբերի 28-ին՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դահլիճում, ուսանողական թատերական ներկայացմամբ: Ինստիտուտի արվեստի պատմության, տեսության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Արմեն Հարությունյանը կարծում է, որ  արդյունքներն արդեն գոհացնող են. ծրագրի հիմնական նպատակը՝ ակտիվացնել արվեստի բուհերի ուսանողների միջեւ շփումները, ստեղծել կապեր՝ ստեղծագործական առումով հատկապես,  հաջողվում է, որովհետեւ՝ ընդամենը մեկ- երկու հանդիպում եւ արդեն գաղափարներ են ծնվել, եղել են առաջարկներ: Մասնավորապես իրենց ինստիտուտի ուսանողները առաջարկել են թատերական ներկայացման համատեղ ծրագիր, որի բեմական եւ երաժշտական ձեւավորման հեղինակները կլինեն գեղակադեմիայի եւ կոնսերվատորիայի ուսանողներ: Կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը, նաեւ անցած տարվա փորձը նկատի ունենալով,  համոզված է ծրագրի արդյունավետության մեջ՝ իբրեւ նոր հետաքրքրություն ու ստեղծագործական խթան. եւ քանի որ ծրագիրն իրականացվում է հիմնականում ուսանողների մտահղացումներով եւ ուժերով, նա նշեց որոշ դժվարություններ: Բայց արդեն ակնհայտ է այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում. անցած տարվա համեմատությամբ  ծրագիրը հագեցած է, ավելի բովանդակային, երեք բուհերն էլ գործողության մասնակից – վայրեր են:

Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում կայացած ներկայացման հաջորդ օրը Կոնսերվատորիայում տեղի ունեցավ ստեղծագործական բաժնի ուսանողների համերգ, մեկ օր անց Գեղարվեստի ակադեմիայում բացվեց ուսանողների լավագույն աշխատանքների տպավորիչ ցուցահանդես՝ հիմնականում գեղանկարներ, մի քանի գրաֆիկական գործեր եւ քանդակային մեկ աշխատանք: Անցկացվեց վարպետության դաս: Նարինե Ավետիսյանը ներկայացրեց կոնսերվատորիայի ուսանող Վահագն Վարդանյանին, որը լուսապատկերների ուղեկցությամբ ներկայացրեց հայ նկարիչների օպերային, բալետային ներկայացումների դեկորացիաներ:  Հակիրճ անդրադառնալով օպերային եւ բալետային  արվեստի եվրոպական ակունքներին եւ ընթացքին, ավելի հանգամանորեն նա խոսեց  հայ նկարիչների մի շարք աշխատանքների, դրանց բնույթի, տեխնիկական – կատարողական տարբեր հնարքների, մասնավորապես այս ասպարեզի առաջին ներկայացուցիչներից մեկի՝ Գեորգի Յակուլովի եւ նրա նորարարական հայացքների հետեւորդ Միքայել Արուտչյանի մասին եւ, իհարկե՝ Մարտիրոս Սարյանի, որը եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի առաջին ներկայացման՝ «Ալմաստ» օպերայի բեմական ձեւավորողն ու հագուստների մոդելավորողը: Հանդիպման ավարտին նա հանդես եկավ երաժշտական կատարումներով, անակնկալ էր Բախի գործերից մեկի կատարումը շարժական երգեհոնով: Ի դեպ նա տիրապետում է երաժշտական 14 գործիքի:

Վարպետության հաջորդ դասը անցկացվեց Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտում, որին հետեւեց ֆիլմի դիտում եւ քննարկում  ուսանողների մասնակցությամբ:  Փակումը տեղի ունեցավ ուրբաթ օրը, կոնսերվատորիայում կայացած գալա համերգով:

Ծրագիրն ընդլայնվելու հեռանկարներ ունի. Արամ Իսաբեկյանն առաջարկեց ներգրավել նաեւ ճարտարապետության ֆակուլտետի ուսանողությանը, Դավիթ Մուրադյանը առաջ քաշեց ամառային դպրոցի գաղափարը:

Հիշյալ բուհերի ռեկտորների հովանավորությունն ու աջակցությունը վայելող այս ծրագիրը հետեւողական աշխատանքի պարագայում կարող է վերածվել միջբուհական լուրջ երկխոսության, մշակութային երեւույթի, որը կարող է առաջ բերել ոչ միայն նոր գաղափարներ ու մտահղացումներ, հետագայում ուսանողական շարժումների, միավորումների առիթ գուցե  նաեւ հանդիսանա:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.